Հարկային օրենսգրքի փոփոխությունների մասին Կառավարության որոշումը սխալ եմ հասկացել, ինչի համար ներողություն եմ խնդրում կառավարությունից և վարչապետ Նիկոլ Փաշինյանից: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով հայտարարել է Menu.am-ի հիմնադիր Վահան Քերոբյանը։
Նա նշել է, որ ընդունում է, որ սխալ է հասկացել այսօր Կառավարության որոշումը և անհարկի «աղմուկ բարձրացրել»:
«Մի քանի անգամ Կառավարության նիստը նայելուց և դրա մասին կարդալուց ինձ մոտ տպավորություն էր ստեղծվել, որ Կառավարությունը չեղարկում է հուլիսի 1-ից «Հարկային օրենսգրքում» նախատեսվող փոփոխությունները, ըստ որոնց՝ դրսում և ներսում վաճառվող սնունդը պետք է նույն կերպ հարկվի, այսինքն՝ գործեին նախկինում եղած դրույթները, ըստ որոնց՝ առաքվող սնունդը պետք է 20 տոկոսով ավելի հարկվեր, քան ներսում վաճառվողը»,- ասել է Վահան Քերոբյանը:
Վահան Քերոբյանը նշել է, որ շատ ուրախ է, որ Կառավարությունից կապվել են իր հետ և պարզաբանել որոշումը: Նրա խոսքով, շատ բարձր մակարդակով մի քանի հոգի՝ նախարարներ և ավելի բարձր պաշտոնյաներ, կապվել են իր հետ և փորձել են հասկանալ, թե որն է իր մտավախությունը: «Հիմա ես պետք է ներողություն խնդրեմ Կառավարությունից և Նիկոլ Փաշինյանից, որ թյուրըմբռնում է տեղի ունեցել․ Կառավարության այսօրվա կայացրած որոշումն իրականում վերաբերել է նրան, որ մերժվել է մի քանի պատգամավորների առաջարկը, որպեսզի չեղարկվի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող որոշումը»,- ասել է ներողություն խնդրելով աղմուկ բարձրացնելունա՝ համար:
«Ես այսպիսի արձագանք կերազեի տեսնել նախորդ կառավարության գործունեության ընթացքում: Ուստի շատ մեծ շնորհակալություն եմ հայտնում բացատրության համար»,- ասաց նա, նշելով, որ ներկայիս կառավարությունը շատ զգայուն է տնտեսվարողների նկատմամբ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վահան Քերոբյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է հուլիսի 1-ից առաքման և տեղում վաճառվող սննդի հարկերի հավասարեցման մասին Հարկային Օրենսգրքի փոփոխության չեղարկմաը, որով առաքված ուտելիքը պետք է 16,67%-ով հարկվի։
Նա նշել էր, որ չեն պատրաստվում ստորանալ կամ ստվերանալ այնքան, որ հարկեր թաքցնելով բիզնես անեն մեր երկրում: