Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ բարձրաստիճան պաշտոնյաների զավակների ժամկետային զինծառայության մեկնելու հարցին:

«Հրապարակային քննարկում կա՝ արդյոք թեման ուսումնասիրվո՞ւմ է , թե ոչ: Ասեմ, որ ուսումնասիրվում է ոստիկանության կողմից, գլխավոր դատախազության, ԱԱԾ կողմից: Վստահելի պատասխաններ պետք է ունենանք այս հարցերի շուրջ: Այս պրոցեսը չի կարող սահմանափակվել զորակոչով: Ցավով եմ ասում, նախնական տվյալներով, որոշ բացահայտումներով, զորակոչի ոլորտում մենք դեռեւս շարունակում ենք ունենալ չարաշահումներ: Զարմանալի է, որ մեր նման երկրում կարող են պաշտոնատար անձանց կողմից նման չարաշահումներ տեղի ունենալ. Սա ուղղակի խայտառակություն է»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը ասաց, որ աշխատելու են բոլոր չարաշահումները արմատախիլ անելու համար:
«Զարմանալի է, որ այսքան քաղաքական հայտարարություններ են հնչում, այսքան ասում ենք, բայց ինչ-որ մարդկանց թվում է՝ կատա՞կ ենք անում, չեմ հասկանում: Էդքանից հետո պայմանավորվում են, կաշառք են տալիս, կաշառք են վերցնում, հետո ասում են՝ վայ, էս ինչ եղավ: Եղավ էն, ինչ պետք ա լինի ու ինչ լինելու է: Որևէ մեկը չմտածի, թե մենք որևէ կետում որևէ պատճառով կկանգնենք: Կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու, չի լինելու... Այսքան կոռուպցիոն բացահայտումներ են տեղի ունենում, և շատ կարևորում եմ, որ որևէ քաղաքական հետապնդման մասին հայտարարություն չի հնչել: Սա բացառիկ կարևոր արձանագրում է: Ես ուզում եմ ասել, որ սա շատ կարևոր պրոցես է, այս պրոցեսում հույս ունեմ, որ դատաիրավական համակարգը լրջագույն բարեփոխումներ է ապրում, պոզիտիվ բարեփոխումներ»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը:

Կարդացեք նաև՝ Բոլոր ուղղություններով մեր պետական միջոցները փոշիացվում են. Նիկոլ Փաշինյան


