ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու միջնորդության վերաբերյալ քննություն ավարտվեց:
Խաչատուրովը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի, լրագրողներին փոխանցեց Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը: «Հենց այս պահին բարեկամական-հարազատական շրջանակում զբաղված են այդ գումարը հավաքելով»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ Խաչատուրովն ազատ կարձակվի գրավի գումարը վճարելուց եւ անդորրագիրը վարույթ իրականացնող մարմնին փոխանցելուց հետո:
Միհրան Պողոսյանը նաեւ ասաց, որ որոշումը դեռեւս ամբողջությամբ չի որոշել, այդ պատճառով չի կարող հստակ խոսել անձեռնմխելիության մասին: «Սակայն եթե կայացվել է կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու որոշում, ապա միանշանակ անձեռնմխելիության հարցի պատնեշն անցել է դատարանը»:
Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
Հիշեցնենք նաև. Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ որոշել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին 2 ամսով կալանավորել: