▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախկին ոստիկանապետն ու գործընկերը խլել են եզդի գործարարի բիզնեսը և դրանով ստիպել նրան ներդրումներ չանել Հայաստանում

Վրաստանի քաղաքացի, եզդի գործարար Զուրաբ Շամոյանը, ով ոլորտում բազմամյա փորձ ունի, տարիներ առաջ մեծ ներդրումներ է արել Հայաստանի տարբեր քաղաքներում, ինչի շնորհիվ բազմաթիվ աշխատատեղեր են բացվել:  Այսօր, սակայն, գործարարը ցավով նշում է, որ այլևս ցանկություն չունի գործունեություն ծավալելու Հայաստանում, քանի որ իր իրավունքները, որոնք խախտվել են նախկին վարչակազմի և որոշ անհատների կողմից, մինչ օրս իրավական դաշտով հնարավոր չի եղել վերականգնել: Asekose.am -ը զրուցել է գործարար Զուրաբ Շամոյանի և նրա փաստաբան Գուրգեն Գրիգորյանի հետ՝ պատմության մանրամասների, դրանում ներգրավված  նախկին վարչակազմի անդամների, Դատախազության և ՀՔԾ-ի՝ գործի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի մասին և ոչ միայն:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նրանք ծանոթացել են դեռևս 1997 թ.-ին, իսկ 2000թ.-ին ստեղծվել է «Մարտի Գրուպ» ՍՊԸ-ն, որի տնօրենը Կարեն Մարտիրոսյանն էր, իսկ ներդրումներ անում էր Զուրաբ Շամոյանը: Արդեն 2003 թ. Զուրաբ Շամոյանը և եղբայրներ Կարեն ու Սերգեյ Մարտիրոսյանները հիմնում են «Մարսերալ» ՍՊԸ-ն, որում Շամոյանը 120.000 դոլար ներդրում է անում: ՍՊԸ-ի 50% մասնաբաժնի սեփականատեր է դառնում Զուրաբ Շամոյանը, իսկ Կարեն և Սերգեյ Մարտիրոսյաններին բաժին է հասնում 25-ական տոկոս: ՍՊԸ-ի տնօրեն է նշանակվում Սերգեյ Մարտիրոսյանը, իսկ որպես հիմնադիր գրանցվում է վերջինիս կինը:

«Ի սկզբանե ես  նպատակ ունեի ընկերությունը հիմնել կնոջս անունով, սակայն Սերգեյն ինձ մոլորության մեջ գցեց՝ վստահեցնելով, որ  մենք խնդիրներ կունենանք հարկային մարմինների հետ, քանի որ օտարերկրյա քաղաքացիներ ենք, ուստի հետևելեով նրա խորհրդին՝ որպես ընկերության հիմնադիր գրանցում ենք նրա կնոջը»,- մեզ հետ զրույցի ընթացքում մանրամասնեց Զուրաբ Շամոյանը:

Վերջինիս խոսքով՝ «Մարսերալ» ՍՊԸ-ն զարգացել է,  մասնաճյուղեր են բացվել նաև Գյումրիում, Վանաձորում, Արցախում, ինչի շնորհիվ Հայաստանում բազմաթիվ աշխատատեղեր են բացվել, ավելին՝ ընկերության ստացած շահույթից գնվել են շինություններ՝ իրենց հողամասով, որոնց դիմաց վճարվել է 470.000 դոլար:

«Այդ ընթացքում ես ընկերության ստացած շահույթից 400.000 դոլար ներդրում եմ արել Վրաստանում, սակայն իրավապահ մարմինների հետ ունեցած որոշակի խնդիրների պատճառով հյութերի հետ կապված բիզնեսը զարգացում չի ապրել, ինչի պատճառով ես բավականին մեծ վնաս եմ կրել», -պատմեց մեր Զուրաբ Շամոյանը:

Նրա պնդմամբ՝ այս իրավիճակից օգտվել է Սերգեյ Մարտիրոսյանը՝ պնդոլով, որ Շամոյանն իրեն «քցել է», ավելին՝ «Մարսերալ» ՍՊԸ-ից վերցրել է իր մասնաբաժինը՝ 1.900.000 դոլար, ինչի արդյուքնում այլևս ընկերության բաժնետեր չէ: Իսկ ինչ վերաբերում է եղբորը՝ Կարեն Մարտիրոսյանին, Սերգեյ Մարտիրոսյանը պնդել է, որ նա երբեք էլ բաժնետեր չի եղել:

Զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ այս գործում իր դերն է ունեցել նաև Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանը:

«2004 թ.-ին Սերգեյն ինձ ասում է, որ Հայաստանում աշխատելու համար պետք է հովանավոր ունենալ, և ես, բնակաբանար, համաձայնվում եմ՝ հավատալով նրա խոսքին: Ընկերության նկատմամբ հովանավորչություն է անում նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանը, ում տարիներ շարունակ ընկերության շահույթից բավականին մեծ գումարներ են տրամադրվում՝ 2005-2007 թթ.-ին՝ ամսական 3000 դոլար, 2007-2009թթ.-ին՝ ամսական 7000 դոլար, իսկ արդեն մինչև 2010 թ.՝ 14.000 դոլար:  Այդ բոլոր գործերը տնօրինում  էր Սերգեյը, ես անձամբ չեմ ճանաչել Նազարյանին: Ստացում է, որ Սերգեյ Մարտիրոսյանը, օգտվելով Ներսես Նազարյանի հովանավորչությունից և այն հանգամանքից, որ ես և նրա եղբայրը՝ կարեն Մարտիրոսյանը, իրավաբանորեն չենք ձևակերպվել իբրև հիմնադիրներ, մեզանից խլում է մեր բիզնեսը: Հետաքրքիրն այն է, որ Սերգեյ Մարտիրոսյանն ինձ ասում է, որ ՀՀ արդեն նախկին նախագահն իմ բիզնեսը նվիրել է Ներսես Նազարյանին: Երբ 2015 թ. ես փորձեցի հանդիպել Ներսես Նազարյանին, նրա փոխարեն հանդիպման ներկայացավ  նրա որդին և հայտարարեց, որ նախագահն է նվիրել այդ բիզնեսն իր հորը»,- մանրամասնեց Զուրաբ Շամոյանը:

 

 

 

 

 

 

 

 

Գործարարի փաստաբան Գուրգեն Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ քննիչին միջնորդություն է ներկայացրել դատահաշվապահական և դատաապրանքագիտական փորձաքննություններ անցկացնելու համար՝ պարզելու՝ արդյո՞ք այդ 1.900.000 դոլարը համապատասխանում է «Մարսերալ» ՍՊԸ-ի 50%-ի արժեքին, սակայն միջնորդությունը մերժվել է քննիչի կողմից, ավելին՝ քրեական գործն էլ կարճվել է հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

«Երբ առաջ ենք բերում հովանավորչության փաստը, քննիչն ասում է, որ այդ մասով քննություն չի կարող իրականացվել, քանի որ ընկերներ են:  Երբ նրանց ցույց ենք տալիս Սերգեյ Մարտիրոսյանի ձեռագիրը, որում նա գրել էր, որ գումար է վերցնում՝ Ներսիկ Նազարյանին տալու համար և պահանջում ենք փորձաքննություն անցկացնել, նշում են, որ դա դեռ չի նշանակում, որ Նազարյանը հովանավորչություն է արել: Այստեղ կա ևս մի կարևոր փաստ՝ Կարեն Մարտիրոսյանն այդ տարիներին ունեցել է 170.000.000 շրջանառություն և ամսական  4000 դոլար վարկ է փակել: Իսկ Սերգեյ Մարտիրոսյանի պնդմամբ՝ ինքը խղճացել է եղբորը և նրան ամսական 250.000 դրամով իր մոտ աշխատանքի է ընդունել: Այս փաստը նույնպես հետաքրքիր չէր քննիչին: Բացի դրանից, Սերգեյի Մարտիորոսյանի խոսքով՝ իրենք Զուրաբ Շամոյանի հետ հաշիվ- հաշվարկ արել և վերջացրել են 2010 թ.-ին, մինչդեռ Շամոյանի՝ Ալագյազի տան կառուցումն ավարտվել է 2012թ.-ին, իսկ այդ տան կառուցման համար անհրաժեշտ շինանյութն ու բոլոր գումարներ եկել են  «Մարսերալ» ՍՊԸ-ից, ինչ մասին վկայություն են տվել այդ տան վրա աշխատող շինարարները: Եթե այդ մարդու հետ 2010թ.-ին վեճ ուներ, ապա ինչո՞ւ  էր 2012 թ.-ին մոտ 900.000 դոլարի շինանյութ ուղարկում: Բացի դրանից, Զուրաբ Շամոյանը 2011-2012 թթ. Վրաստանից մեքենաներ էր բերում «Մարսերալ» ՍՊԸ-ի համար. եթե կապ չունեին, ապա ինչո՞ւ պետք է բերեր: 2013 թ.-ին նրանք ընտանիքներով գնում են հանգստանալու. եթե նրանց միջև 2010 թ. վեճ կար, ինչպե՞ս կարող էին 2013-ին միասին հանգստանալ: Սակայն մեր բերած այս բոլոր փաստերն էլ հետաքրքիր չէին քննիչին: Երբ գործի կարճումից հետո մենք հարցում ենք կատարում, պարզվում է, որ հենց կարճման ժամանակ Սերգեյ Մարտիրոսյանն ու Ներսես Նազարյանը միասին բավականին թանկ գույք են ձեռք բերում. այս դեպքում էլ քննություն չի եղել, իսկ դատարաններն էլ կաշկանդված էին մինչև նախագահ, դատավորները նշում էին, որ նախագահը տեղյակ է, որ ոչ մի արդյունք էլ չեք ունենա: Եթե այսպես պետք է վերաբերվեն դրսից եկած գործարարների հետ, ուրեմն անգամ սրճարան բացելն  է անիմաստ: Ուզում ենք, որ մեր նոր ղեկավարությունն ուշադրություն դարձնի այս խնդրի վրա: Եթե հին ներդրողների հետ կապված հարցերն անգամ լուծում չեն սստանում, նոր ներդրողներն ինչպե՞ս կգան Հայաստան՝ ներդրումներ անելու», -Asekose.am-ի հետ զրույցում նշեց գործարար Զուրաբ Շամոյանի փաստաբանը:

Հեղինակ՝ Լ. Նավասարդյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին