Այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, անդրադառնալով Հյուսիսային պողոտայում փողոցային երաժիշտների նկատմամբ բռնություն կիրառելու միջադեպին, նշել է.
«Սա այն հարցն է, որը մտահոգում է շատ-շատերին: Հաճելի է, երբ փողոցում երաժշտություն է հնչում, հատկապես, երբ զբոսաշրջիկները քայլում են և Հյուսիսային պողոտայում նկատում են նմանատիպ երաժշտություն: Դա գեղեցիկ է անցորդների համար, բայց այն աղմուկ է բնակիչների համար: Մենք ունենք բազմաթիվ ահազանգեր, բողոքներ այնտեղի բնակիչներից: Եկեք մի պահ պատկերացնենք մեզ այդտեղի բնակիչների տեղում, որոնք առավոտից մինչև երեկո լսում են այդ երաժշտությունը»:
Ոստիկանապետը նշեց, որ այդ ընթացքում օրենքի որևէ խախտում չի եղել: Նրա խոսքով՝ երաժիշտները եղել են օտարերկրացի.
«Երկուսն էլ եղել են ոչ սթափ վիճակում, և միջադեպը եղել է երկուսի միջև, քաշքշել են իրար, տվել են միմյանց հայհոյանքներ և ոստիկանները ստիպված են եղել միջամտել, քանի որ անցորդներն են հենց ուղղորդել ոստիկաններին: Ոստիկանները նրանց մոտ տեսել են գարեջրի տարաներ, այսինքն՝ կոպիտ խախտում կար հասարակական վայրերում ալկոհոլի օգտագործման: Օրենքի սահմաններում բերման են ենթարկվել ոստիկանություն, որտեղ կազմվել է արձանագրություն, և ժամկետը լրանալուց հետո նրանք բաց են թողնվել ու այս պահին էլ ազատության մեջ են»:
Լրագրողների հետ զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև՝ Ինչու են օտարերկրյա երաժշտին ոստիկանները բերման ենթարկել. միջադեպ Հյուսիսային պողոտայում