«Քանի որ Մարալիկի մեր հայրենակիցները բողոքի ակցիաներ են անում ու դիմել են, որ Վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություններ անցկացնի Մարալիկում, մենք հիմա մեկնում ենք Մարալիկ: Կխնդրեմ թե մարալիկցիներին, թե նրանց, ովքեր գալիս են Մարալիկ՝ կլինեն ադեկվատ, թե անադեկվատ, ագրեսիա չցուցաբերել՝ նույնիսկ, եթե դիմացիններն անադեկվատ իրենց ցուցաբերեն, թող գան նկարահանեն ու գնան»,-այս մասին ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ասաց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:
Ըստ Սանասարյանի՝ ազատ Հայաստանում անգամ անադեկվատները խոսելու իրավունք ունեն, պետք հանդուրժող լինել՝ մինչ իրենք ուսումնասիրություններ կանցկացնեն:
Դավիթ Սանասարյանը նաև փոքրիկ էքսկուրսիա կատարեց իր աշխատավայրում՝ ցույց տալով Թավշյա հեղափոխության ընթացքում արված ոգևորող լուսանկարները:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի մի շարք երիտասարդ բնակիչներ հարձակվել և քաշքշել են սոցիալական ցանցերում հայտնի «ԱդեկվաԴ» հաղորդաշարի հեղինակներ Արթուր Դանիելյանին ու Նարեկ Մալյանին։
Միջադեպը տեղի է ունեցել ուղիղ եթերի ընթացքում։ Ըստ կադրերի՝ մոտ 20 երիտասարդներ, դժգոհ լինելով «ԱդեկվաԴ» հաղորդաշարում հնչած որոշ մտքերից, վիրավորել և հայհոյել են հաղորդման հեղինակներին, քաշքշել նրանց, որից հետո Ոստիկանության աշխատակիցները Նարեկ Մալյանին և Արթուր Դանիելյանին բերման են ենթարկել ոստիկանության Մարալիկի բաժին։