Դատաբժշկական փորձաքննության շրջանակներում պարզվել է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում այսօր առավոտյան մահացած կալանավոր Մհեր Եղիազարյանի մահը:
Նրա մահը վրա է հասել սրտամկանի ինֆարկտից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ հայտնում ենք, որ Մհեր Եղիազարյանը, 2015 թվականի գարնանը աշխատելով «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ում
որպես մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու, ՓԲԸ–ում
հայտարարված մրցույթում հաղթող ճանաչելու վերաբերյալ ՍՊ ընկերություններից մեկի տնօրենին կեղծ խոստում տալով՝ պահանջել և խաբեությամբ մաս-մաս ստացել է առանձնապես խոշոր չափի գումար, ինչի համար ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով դատապարտվել է ազատազրկման՝ 4 տարի ժամկետով,
սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան՝ հինգ տարի ժամկետով:
2018 թվականի դեկտեմբերին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված
քրեական գործի շրջանակներում Մհեր Եղիազարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ
քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2դրվագ), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 38-34-312-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
2018 թվականի դեկտեմբերի 4-ից Եղիազարյանը հացադուլ է հայտարարել:
2018 թվականի դեկտեմբերի 21-ին քրեական գործը դատախազութան միջոցով ուղարկվել է Քննչական կոմիտե՝ նախաքննությունը շարունակելու:
2018 թվականի հունվարի 17-ին Եղիազարյանը դադարեցրել է հացադուլը եւ պահվելով ՔԿՀ-ում՝ գտնվել է բուժմասի բժիշկների հսկողության տակ:
Հացադուլից շուրջ 10 օր հետո՝ այսօր առավոտյան, Մհեր Եղիազարյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, և ժամանած շտապ օգնության բժիշկների կողմից արձանագրվել է նրա մահը:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում Մհեր Եղիազարյանի մահվան հանգամանքները պարզելու համար
նախապատրաստվող նյութերով նշանակված դիակի դատաբժշկական փորձաքննության
շրջանակներում պարզվել է, որ նրա մահը վրա է հասել սրտամկանի ինֆարկտից: