Արցախի պետական նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Սամվել Բաբայանի հայտարարությանը։
Սամվել Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում երեկ հայտարարել է, որ 2017 թ.-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն Արցախի իշխանությունների հետ բանակցել է զիջումների մասին։ Կուզեի պարոն Բաբայանին և մեր հանրությանը տեղեկացնել, որ նախագահ Սարգսյանն իր կառավարման տարիներին բանակցային գործընթացի վերաբերյալ միշտ էլ բաց է եղել Արցախի իշխանությունների հետ, և բոլոր հարցերը քննարկվել են փոխադարձ հարգանքի ու երկխոսության պայմաններում։
Հաջորդը. հիշատակված հայտնի հանդիպումը կամ ավելի ճիշտ հանդիպումները տեղի են ունեցել ոչ թե 2017 թ.-ին, այլ 2016 թ.-ի ապրիլ և հուլիս ամիսներին, որտեղ մենք եկել ենք ընդհանուր հայտարարի, այն է՝ բանակցային օրակարգում Արցախի ներկայիս փաստացի կարգավիճակից ոչ մի քայլ հետնահանջ չի կարող լինել, և պետք է հակամարտության վերջնական կարգավորման մեջ Արցախի բնակչության անվտանգությունը բացարձակ կերպով երաշխավորված լինի։
Հ.Գ. Հող հանձնող իշխանությունը Վարդենիս-Մարտակերտ մայրուղու կառուցում չի նախաձեռնում, հայրենադարձության ծրագիր չի իրականացնում, ներդրումների ու պետական միջոցների հաշվին տարածքային համաչափ զարգացման քաղաքականությամբ չի զբաղվում, ի վերջո՝ առաջնագիծն ու բանակը չի ամրացնում։
Ուստի, հորդորում եմ զերծ մնալ այսօրինակ շահարկումներից։ Դրա փոխարեն յուրաքանչյուրս մեր ունեցած հնարավորությունների չափով կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկենք հայրենիքի երկարաժամկետ պաշտպանության ու զարգացման ուղղությամբ։