Մի շարք բժշկական կենտրոններում գնումների գործընթացում Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների կողմից հնարավոր միջամտություն նկատելու կապակցությամբ Ազգային անվտանգության ծառայությանն է դիմել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Այս մասին նախարարն ասել է «Ազատություն» ռադիոկայանի եթերում՝ նշելով, որ իրենք ԱԱԾ–ի հետ կիսվել են իրենց ունեցած տեղեկությամբ, սակայն իրավական գնահատականներ տալ չի ցանկանում։
Արսեն Թորոսյանի խոսքով՝ իր դիմումը վերաբերում է բուժհաստատություններին դիալիզի սարքեր մատակարարող ընկերությունների մրցույթին, մասնավորապես «Ֆրիզանյուզ» ընկերության ղեկավարի բարձրաձայնած խնդրին։
Հիշեցնենք, որ օրեր առաջ բուժհիմնարկներին դիալիզի սարքեր մատակարարող «Ֆրիզանյուզ» ընկերության ղեկավարը հայտարարել էր, որ Պետական վերահսկողության ծառայության աշխատակիցները մի շարք փոփոխություններ են մտցրել գնումների գործընթացում, ինչի արդյունքում մրցույթում հաղթել է կահույք ներկրող «Զառշեն» ընկերությունը, որը, ըստ տեղեկությունների, վերահասկողության ծառայության աշխատակիցների հետ է կապված:
«Հայաստանում մի քանի մատակարարներ կան այդ ոլորտում, որոնցից երկուսն աշխարհում որակի առումով լավագույն բրենդերն են և նրանք են հիմնականում զբաղվել ապրանքների մատակարարմամբ: Նրանց սարքերով է կատարվել դիալիզը։ ՀՀ–ում դիալիզ ունեցող 8000 պացիենտ ունենք: Մեր խնդիրն է ապահովել այդ բոլոր պացիենտների անվտանգությունն այդ պրոցեդուրան անցնելիս: Պետք է վստահ լինենք, որ դրանք ոչնչով չեն տարբերվում օրիգինալից և ոչ մի ձևով որակը չի զիջում նրանց», - ասել է նա։
Արսեն Թորոսյանը նշել է, որ Առողջապահության նախարարությունը պետք է վստահ լինի, որ դիալիզի սարքավորումների տեխնիկական սպասարկումն ընդհատումներով չի լինի։