▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միրզոյանը Գերմանիայում քննարկել է դպրոցական դասագրքերում Հայոց ցեղասպանության նյութերի ներառումը

Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն այսօրվանից մինչև մարտի 21-ը պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում է:

Այսօր հանդիպում է կայացել  Բեռլինի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահի և անդամների հետ։

Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը ևս մեկ անգամ ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները և սպասվող բարեփոխումների օրակարգը։

Պատվիրակությունների անդամները տեղեկատվություն են փոխանակել օրենսդիրների աշխատանքին վերաբերող մի շարք ոլորտների վերաբերյալ։ Ի թիվս այլ հարցերի՝ Արարատ Միրզոյանը գործընկերների հետ քննարկել է նաև Բեռլինի դպրոցների դասագրքերում Հայոց ցեղասպանությանն անդրադարձող դիդակտիկ նյութերի ներառման հարցը։

Հայկական պատվիրակությունն աշխատանքային ճաշի ընթացքում հանդիպել է Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական խմբի ղեկավար Յոհաննես Կարսի, խմբի անդամներ Ալբերթ Վայլերի, Շտեֆան Կոտնեի, Հելին Եվրիմ Զոմերի, Մարկ Հայնրիխմանի, Անտոն Ֆրիզենի և Վալդեմար Հերդթի հետ։ Գերմանական կողմի ներկայացուցիչները նշել են, որ Թավշյա հեղափոխությունից հետո Բունդեսթագի պատգամավորների շրջանում մեծացել է հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, ինչին նպաստել է նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը Հայաստան։

Զրույցի ընթացքում Արարատ Միրզոյանը ևս մեկ անգամ վերահաստատել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները՝ նշելով, որ Եվրոպական Միության հետ հարաբերությունների խորացման համատեքստում կարևոր դեր ունի ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը ԵՄ անդամ երկրների կողմից, որը ապրիլի 4-ին երկրորդ ընթերցմամբ պիտի քննարկվի Գերմանիայի խորհրդարանում։

 

 

 

Պատվիրակության անդամ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձ է կատարել Ղարաբաղյան հիմնախնդրին՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը ստեղծված իրավիճակի առնչությամբ և վերահաստատելով հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու ՀՀ դիրքորոշումը ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։

Խոսելով հակամարտության կարգավորման վերաբերյալ՝ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն  ընդգծել է Հարավային Կովկասում ժողովրդավարացման գործընթացների կարևորությունը՝ հույս հայտնելով, որ գերմանացի գործընկերները առավել ուշադիր կգտնվեն Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման դրսևորումների նկատմամբ։

Անդրադառնալով երկու երկրների տնտեսական հարաբերությունների խորացման հնարավորություններին՝ գերմանացի գործընկերներին ներկայացվել են Հայաստանում սպասվող տնտեսական բարեփոխումները, որոնք կբարձրացնեն մեր երկրի տնտեսական գրավչությունը։

Աշխատանքային ճաշից հետո Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը ծաղիկներ է տեղադրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի մոտ։

 

Խորհրդարանական պատվիրակության կազմում են պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը, Լիլիթ Մակունցը, Էդմոն Մարուքյանը, Նաիրա Զոհրաբյանը և Ծովինար Վարդանյանը:

Կարդացեք նաև՝ Արարատ Միրզոյանի խոսքը Բեռլինի խորհրդարանում՝ «բեռլինյան պատի» և մեր թավշյա հեղափոխության մասին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին