Մեղրիի զորամասում զինծառայողների անհնազանդության, զորամասը լքելու և դրան հետևած իրադարձությունների առիթով հարուցված քրեական գործով դատախազի ցուցումով մեղադրանք է առաջադրվել մի քանի զինծառայողի։ Այս մասին տեղեկացնում են դատախազությունից։

Զինծառայողներին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 2-րդ մասով, քանի որ նրանց մեղսագրվում է զինծառայության առանձին պարտականություններ կատարելուց հրաժարվելը։ Այս հոդվածի այս կետով զինծառայողներին սպասվում է կարգապահական գումարտակում պահում կամ ազատազրկում։

«Զինվորական ծառայությունից կամ դրա առանձին պարտականությունները կատարելուց զինծառայողի հրաժարվելը, որը զուգորդվել է դրանց փաստացի դադարեցմամբ, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, պատժվում է կարգապահական գումարտակում պահելով` 1-3 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ 1-5 տարի ժամկետով», – ասվում է այդ հոդվածում։


