▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավելի քան 6 հազար երիտասարդ արդեն «զինված է» անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով

ՀՀ ԿԳ նախարարության և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» (ՀՊՆ) կազմակերպության կողմից «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում իրականացվեց  «Կլոր սեղան» միջոցառումը, որը կազմակերպվել էր «Ավագ դպրոցի ձեռնարկատիրական կրթություն» ծրագրի շրջանակներում: Միջոցառումը կլոր սեղանի շուրջ էր համախմբել բոլոր մարզերից և Երևանի քաղաքից  ավելի քան 30 ավագ դպրոցների տնօրեններին, «Ձեռնարկատիրական կրթություն» առարկան դասավանդող  10  ուսուցիչներին, վերապատրաստողներին և ծրագիրը համակարգողներին:

ՀՀ հանրակրթության ոլորտում ձեռնարկատիրական կրթության ծրագրերը  ՀՊՆ կազմակերպության կողմից իրականացվում են դեռևս 1992 թվականից՝ համաձայն ՀՀ ԿԳ նախարարության միջև պարբերաբար կնքվող հուշագրերի:  Սակայն 2017 թվ. ապրիլին ՀՀ ԿԳ նախարարության և ՀՊն կազմակերպության միջև վերստին կնքվեց հուշագիր հանրակրթության ոլորտում ձեռնարկատիրական կրթության ներդրմանը նոր թափ և նոր ձևաչափ հաղորդելու նպատակով, և «Կլոր սեղանն» էլ  հենց կազմակերպվել էր այդ հուշագրից բխող հարցերը, ավագ դպրոցում ձեռնարկատիրական կրթության ներդրման ծրագրերը քննարկելու, ինչպես նաև  արդեն առկա արդյունքներն ամփոփելու, հաջողությունները և դժվարությունները արձանագրելու   նպատակով: «Կլոր սեղանն» անցկացվեց բուռն և արդյունավետ քննարկումներով:

 

 

 

Համաձայն վերոհիշյալ հուշագրի՝ «Ձեռնարկատիրական կրթություն» առարկան նախորդ՝ 2017-2018 ուստարում արդեն ներդրվել և փորձարկվել էր ավելի քան 350 ավագ դպրոցներում՝ ընդ որում 10-րդ դասարանում ներկայացնելով առարկայի տեսական մասը, իսկ 11-րդ դասարանում՝ գործնականը: Փորձարկման վերլուծության գոհացուցիչ արդյունքները և բարձր գնահատականները խրախուսեցին ԿԳ նախարարությանը առարկան արդեն ներառել ուսպլանում և հրահանգել դպրոցների տնօրենություններին դպրոցական բաղադրիչի  հաշվին դասաժամեր տրամադրել առարկային հոսքային ուսուցման ձևաչափով՝ ինչպես 10-րդ, այնպես էլ 11-րդ դասարաններում և պատվիրել ՀՊՆ կազմակերպությանը՝ գնահատման արդյունքների հիմնա վրա վերնայել և խմբագրել ուսումնական նյութերը, շարունակել վերապատրաստման դասընթացները և ընդլայնել դրանց ծավալները: Չնայած, որ առկա արդյունքներն արդեն իսկ գոհացուցիչ էին, սակայն կուտակվել էին բավականին հարցեր, որոնց պատասխաններին սպասում էին թե դպրոցների տնօրենները, թե դասավանդող ուսուցիչները, և թե ՀՊՆ կազմակերպության աշխատակազմը: Կլոր սեղանն էլ հենց կազմակերպվել էր այդ հարցերը քննարկելու և լուծումներ առաջարկելու նպատակով:  Քննարկվող նյութերի շրջանակն իսկապես  բավականին ընդգրկուն էր: Այն ներառում էր  «Ձեռնարկատիրական կրթություն» առարկային առնչվող գրեթե բոլոր հարցերը.  դպրոցների տնօրենությունների կողմից հոսքային ուսուցման ձևաչափով առարկայի ներառումը ուսումնական պլանում, առարկային հատկացվող դասաժամերի բավարար քանակությունը, առարկայական դասագրքերի, ձեռնարկների և այլ ուսումնական նյութերի, որակը, ուսուցիչների վերապատրաստման դասընթացների կազմակերպումը, վերապատրաստման մասնակցության վկայագրերի տրամադրումը: Մասնակիցները խոսեցին նաև ոչ միայն հանրակրթության բնագավառում ձեռնարկատիրական կրթության ներդրման կարևորության մասին, այլ նաև արձանագրեցին այն դրական փոփոխությունները, որոնք արդեն առկա են ձեռնարկատիրական կրթությունն ուսումնասիրող աշակերտների գիտելիքների, հմտությունների և վարքագծի մեջ: 

 

Ձեռնարկատիրական կրթության խթանումը ներկայումս գլոբալ մարտահրավեր է ամբողջ աշխարհում: Այդ մարտահրավերը պարտադրում է բոլոր երկրների կառավարություններին  այն ներառել իրենց կրթակարգերում և հստակ քայլեր ձեռնարկել հենց սովորողների շրջանում ձեռնարկատիրական մտածողությունը և հմտություններերը զարգացնելու համար:  Ձեռնարկատիրական կրթության խթանումը այլևս դարձել է երկրի տնտեսության զարգացման կարևոր պայմաններից մեկը:  Եվ հենց այս կարևոր հանգամանքն էլ հաշվի առնելով ՀՀ Կառավորությունը այն հաստատեց որպես կրթական առաջնահերթություն, որն էլ անկասկած իր մեծ նպաստը կբերի երկրի Վարչապետի կողմից հայտարարված տնտեսական հեղափոխությանը: «Երկրի տնտեսական հեղափոխությունը սկսվում է դպրոցից»՝ հենց այս կարգախոսով էլ պետք է ապահովել ձեռնարկատիրական կրթության հետագա զարգացումը և ներդումը հանրակրթության բոլոր մակարդակներում:2018-2019 ուստարում ավելի քան 350 ավագ դպրոցներ իրենց  ուսպլանում արդեն ներառել են այն: Դա նշանակում է, որ ավելի քան 6000 հայաստանցի երիտասարդ արդեն «զինված է» անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով՝ ապագայում մրցակցելու և հաջողության հասնելու համար:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին