Հունիսի 10-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երթուղային տաքսու ուղևորը ծխելու համար վիճում է վարորդի հետ: Այս մասին հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից:

Տեսանյութն ուսումնասիրվել է ոստիկանությունում, ինչի արդյունքում հունիսի 11-ին նշված երթուղային տաքսին հայտնաբերվել է: Պարզվել է, որ վարորդը չի ունեցել համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական:
Տրանսպորտային միջոցը տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք, որտեղ օրենքով սահմանված կարգով վարչական իրավախախտում կատարելու համար արձանագրություններ են կազմվել վարորդի նկատմամբ տրանսպորտային միջոցը վարելու ընթացքում ծխելու և առանց համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոցը վարելու համար, իսկ տրանսպորտի շահագործման պատասխանատուի նկատմամբ՝ համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական չունեցողին տրանսպորտային միջոցը հանձնելու համար:

Հիշեցնենք, որ 46 համարի երթուղու վարորդի վարքագիծը քննարկելու համար այսօր Երերւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչություն է հրավիրվել երթուղին սպասարկող ընկերության ներկայացուցիչը:
Քննարկման արդյունքում որոշում է կայացվել կարգազանց վարորդին հեռացնել աշխատանքից:
Կարդացեք նաև՝ Որոշում է կայացվել վարորդին հեռացնել աշխատանքից. Հակոբ Կարապետյանն աղմկահարույց տեսանյութի մասին
Մինչեւ չիջնես չեմ քշի. երթուղայինի վարորդը ծխախոտի համար նկատողություն ստանալուց հետո սպառնում է


