▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արև Պետրոսյան. «Ես ինձ պատկերացնում եմ ամենուր, որտեղ կա ազատություն և ստեղծագործելու հնարավորություն»

Նկարչուհի և դիզայներ Արև Պետրոսյանը այս տարվա ապրիլին ներգարվվել է համաշխարհային «Women in art» արվեստի ընտրանիում, որտեղ ներկայացվել է նրա «Մայր Հայաստան»   նկարը: Նա առաջին հայ կին նկարիչն էր և  «Մայր Հայաստան»-ը առաջին հայ հեղինակի գործը, որը տեղ գտավ նշված ընտրանիում:  Ինչպես հեղինակի, այնպես էլ նրա ստեղծագործությունները գնահատողների համար սա մեծ ձեռքբերում էր:   

Երբվանի՞ց է Արև Պետրոսյանը սկսել իր ստեղծագործական ուղին, ինչո՞վ են առանձնանում նրա ստեղծագործությունները և առաջիկայում ի՞նչ նորություններ սպասենք նրանից:   Այս և այլ հարցերի մասին  ASEKOSE.am-ի թղթակիցը զրուցել է Արև Պետրոսյանի հետ:

 

-Երբվանի՞ց եք սկսել հաղորդակցվել արվեստին և ո՞րն է եղել Ձեր առաջին մեծ դասը:

- Ընտանիքը և միջավայրը, որտեղ մարդ ծնվում է, շատ մեծ ազդեցություն են ունենում նրա աշխարհայացքի դաստիարակման վրա: Այդ առումով ես մեծ բախտ եմ ունեցել` ծնվելով արվեստագետի ընտանիքում և կարծես թե` մեծացել  գեղեցիկ հեքիաթների մեջ, հրաշալի մարդկանց  միջավայրում: Երբ շատ փոքր էի, մի  անգամ հորս  խնդրեցի ինչ-որ բան նկարել: Նա  կապույտ գույնով ծառ նկարեց: Զարմացա` ինչու կապույտ: Հայրս ասաց` դու ազատ ես, միշտ ունես ընտրության հնարավորություն, նայիր աշխարհին քո ուզած գույներով: Դա իմ առաջին մեծ դասն էր ազատության մասին:

 

- Իսկ ի՞նչ է ազատությունը  Ձեզ համար:

- Բարդ հարց եք տալիս… Ազատությունն ինձ համար ամեն ինչ է, կյանքի շունչն է ինձ համար:  Եթե այն չխեղաթյուրվի ուրիշ գաղափարներով և չսերմանվի սխալ մեջբերումներով, մի ամբողջականություն է, դա հենց կյանքն է` ազատ միտքն և էներգիան:

 

- Ասում են` նկարիչները կյանքն ու շրջապատի յուրաքաչյուր երևույթ ինչ-որ գույնով են տեսնում:  Ըստ Ձեզ` ի՞նչ գույնի է հայրենիքը:

- Հայրենիքը բազմագույն է: Ինչպես, որ մեկ բառով չես կարող ասել` ինչ է հայրնեիքը, այդպես էլ` մեկ  գույնով չես  կարող բնութագրել հայրենիքը:

 

- Իսկ ո՞րն է Ձեր գույնը և ի՞նչ է այն խորհրդանշում:

- Իմ գունապնակը լեցուն է, կենտրոնանում եմ սպիտակի և սևի մեջ: Գույների ընտրությունն ինձ մոտ պայմանավորված է տվյալ իրավիճակով և տվյալ պահին ունեցած տրամադրությամբ:  Տարբեր շրջաններում տարբեր գույներ եմ սիրում:

 

- Նկարչությունը Ձեզ համար աշխատա՞նք է , թե …

- Վստահ աշխատանք չէ: Ապրելակերպ է, հոգեվիճակ: Սա իմ կյանքն է, իմ սերն և իմ առաքելությունը:

- Եթե ոչ նկարչուհի, դիզայներ, ապա …

- Ես ինձ պատկերացնում եմ ամենուր, որտեղ կա ազատություն և ստեղծագործելու հնարավորություն: Շատ կաևոր և նուրբ տարր կա` երբեք չդառնալ  սեփական մասնագիտության ստրուկը: Չստրկանալ: Երբ դու աճում ես և զգում ես` փոփոխությունների ժամանակն է եկել, դու քո տեսակով փոխվում ես, պետք է լինես այնքան ազատ և ուժեղ, որ կարողանաս բնականոն մուտացիան ընդունել:  Եթե մի օր հասկանում ես, որ տվյալ ոլորտում քո անելիքներն ավարտվել են, դու պետք է քո մեջ ուժ գտնես և լքես այդ ոլորտը: Եվ անցնես մեկ  այլ ոլորտ, որտեղ դու անելիք և ասելիք կունենաս:

 

- Նկարչության ոլորտում վերջերս Դուք «մեծ» ասելիք ունեցաք. հայաստանյան իրականության մեջ առաջին արվեստագետն էիք, որ սկսեցիք ստեղծագործել օրգանական ապակու վրա` «խաղալով» ոսկու և արծաթի հետ: Ինչպե՞ս ծնվեց գաղափարը:

- Իսկապես ես շատ երկար ճանապարհ անցա, հետաքրքիր և միևնույն ժամանակ` դժվարություններով լի:  Շատ հետաքրքրական է, արվեստի մի նոր հարթություն, որտեղ պատկերից զատ` դու աշխատում ես արտացոլման, ապա ներթափանցման ուղղությամբ և գունապնակդ լրացված է ոսկով և արծաթով, որոնք, կարծես, լրացնում են գունային գամման: Կա նաև հնարավորություն աշխատելու մեծ ծավալների վրա: Մի խոսքով` և նյութը, և տեխնիկան դեռ շատ զարգանալու և կատարելագործվելու հնարավորություն ունեն:  Ճանապարհս սկսվեց հեռուստատեսությունից, չնայած որ սովորում էի արվեստի ակադեմիայի գեղանկարի բաժնում, սակայն այդ շրջանում տարված էի հեռուստատեսությամբ: Ստուդիաների ձևավորումները, բեմերը, լույսի, կամերայի, խորության հասկացությունը, ֆիլմերում նկարչի աշխատանքը, մարդիկ, խելագար աշխատանքային դինամիկան, կարծես, համահունչ էին երիտասարդ, հարցերով լի կերպարիս: Ապա եկավ հասունացման այն պահը, երբ ես հասկացա որ պատրաստ եմ նկարչության: Եվ արդեն 2005թ. ես ներկայացա հանրությանն իմ նոր ձեռագրով:

 

- Հատուկ հոգեվիճակ կամ տրամադրվածություն Ձեզանից պահանջվու՞մ է, որպեսզի կարողանաք ստեղծագործել:

- Դու միշտ ստեղծագործական պրոցեսի մեջ ես: Լինում պահեր, երբ մտքերը խեղդում են, բայց կենցաղային խնդիրները ուտում են ժամանակդ:  Մանավանդ, երբ դու ընտանիք ունես և մայր ես, ապրում ես հոգսերով լի  կյանքով: Կամ էլ, այդ պահին ֆիզիկապես չես կարող, որովհետև հեռու ես քո արվեստանոցից, կամ ճանապարհորդում ես: Երբ արվեստանոցում ես, դու արդեն մեկ այլ հոգեվիճակում ես, կտրվում ես աշխարհից, խնդիրներից, որոնք քեզ կարող են հուզել: Կարծես, կորցնում ես ժամանակի և տարածության զգացողությունը: Դժվար է նկարագրել, թե ինչ է քեզ հետ կատարվում, երբ դու ստեղծագործում ես, բայց դա հրաշալի է…

 

- Իսկ, ըստ Ձեզ, Հայաստանում արվեստագետների համար պայմանները նպաստավո՞ր են:

- Ինձ համար Հայաստանը պարզապես դրախտավայր է: Ստեղծագործելու պահին  դու չես կարող գիտակցել, թե բանկային զարգացման համակարգը ինչ առաջընթաց է ապրում, կամ թե երկրի սոցիալական խնդիրները ինչպես են լուծվելու, քաղաքականություն, համաշխարհային էկոնոմիկա, և … և… դու ես և քո մտքերը: Նկարչի համար շատ կարևոր է շարունակությունը` արդեն կայացած ստեղծագործության ճանապարհը, ներկայացման խնդիրը, գնահատականը, պրոֆեսիոնալ քննադատությունը, համաշխարհային շուկա դուրս գալը, ներկայացված լինելը: Իրականում սրանք այն խնդիրներն են, որ արվեստագետը չպետք է հոգա, այլ` մասնագետներ կամ հատուկ ինստիտուտ: Հայաստանում այդ խնդիրը լուծված չէ:

 

- Առաջիկայում Ձեզանից ի՞նչ նորություններ սպասենք:

- Անելիքնենր, ասելիքներ և մտքեր շատ ունեմ: Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կներկայանամ մի շատ հետաքրքիր նախագծով, որի վերաբերյալ  փակագծերը չեմ ուզում  բացել: Միայն ասեմ, որ սա իմ գիտակցության զարգացման մի նոր շրջանն է, կներկայանամ նորություններով լի: Երևի թե նախագիծը կկոչվի «Ծնունդ» կամ մեկ այն անվամբ, համենայն դեպս`  կետ, որից սկսվում է ամեն ինչ: Փորձելու եմ հոգեբանական մի շրջանցում կատարել:

 

- Ձեր մաղթանքը հայ մարդուն:

- Մարդկանց մաղթում եմ շատ սեր, համբերություն, ուզում եմ, որ մարդիկ իրար նկատմամբ ավելի հանդուրժող լինեն, տարրական հարգանք ունենան միմյանց նկատմամբ: Հարգեն, սիրեն և գնահատեն միմյանց: 

Հարցազրույցը` Սեդա Հերգնյանի

 

72157633732011210

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին