▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանն իմ հայրենիքն է, ես անպայման կվերադառնամ.Նիգերիացի Օդոն՝ մեր երկիրը լքելու մասին

Այո, քիչ անց կհասնենք: Դու ամեն ինչ վերցրե՞լ ես: Շնորհակալ եմ: Այս նախադասությունները, սիրելի' ընթերցող,  քեզ ոչինչ չեն ասի, սակայն երախտագիտությամբ ու հպարտությամբ  կլցվեիր, եթե տեսնեիր, որ քո մայրենի լեզվով, որն  անգամ մեզանից շատերն են զլանում գործածել,  շատ սահուն ու վարժ խոսում է  Նիգերիայից Հայաստան ժամանած, Հայաստանն իր տունը համարող, ավելին՝ հայուհու հետ իր կյանքը կապած՝ ազնիվ, բարի ու ընկերասեր Ջորջ Օդոն, ով Լոռու մարզի Ախթալա քաղաքում 5-րդ անգամ անցկացվող Խորովածի փառատոնում հաղթեց՝ ներկայացնելով «Թագ» անվանումը կրող արքայական խորովածը: Այսօր, ցավոք, ինչպես շատերը, այնպես էլ նա՝ լքել է Հայաստանը, քանի որ, ինչպես ինքն է նշում, Հայաստանում մարդկանց աշխատանքը չեն գնահատում:

Օդոյի հետ զրուցել ենք Հայաստան գալու, հայոց լեզվով այսքան վարժ խոսելու, հայուհու հետ ամուսնանալու, սիրելի ուտեստի և այլ հարցերի շուրջ:

Օդո, որտե՞ղ ես ծնվել:

Ծնվել եմ Նիգերիայի Էնուգու քաղաքում: Մայրս ուսուցչուհի էր դպրոցում, հայրս էլ Նիգերիայի առևտրի նախարարությունում էր աշխատում: Սովորել եմ տեղի Մենեջմենթի համալսարանում:

Ի՞նչը բերեց քեզ Հայաստան:

Հայաստան եմ եկել 1998 թվականին՝ ժամանակավոր մի կազմակերպության հետ աշխատելու համար, բայց ամեն ինչ շատ արագ փոխվեց, ամուսնացա ու երկար տարիներ ապրեցի Հայաստանում: Հյուրանոցային մենեջմենթով ու մարքեթինգով էի զբաղվում, որի կարևոր բաղադրիչն էլ խոհանոցն է, ուստի, ժամանակի ընթացքում հետաքրքրությունս խոհարարության հանդեպ այնքան աճեց, որ որոշեցի զբաղվել դրանով: 2001-ից սկսած խոհարար եմ, եղել եմ  «Սարդարապատ» հուշահամալիրի «Հազարաշեն» ռեստորանի գլխավոր խոհարարը:

Առաջին անգամ երբ լսեցի, թե ինչպես ես հայերեն խոսում, պարզապես ապշել էի: Որքա՞ն ժամանակ էր անհրաժեշտ՝ մեր լեզուն սովորելու համար և միայն վարժ խոսո՞ւմ ես, թե կարողանում ես նաև գրել:

-Կարողանում  եմ վարժ խոսել հայերեն, բայց նույնը չեմ կարող ասել գրավորի դեպքում:  2 տարում եմ խոսել սովորել, սակայն մինչ օրս աշխատում եմ այդ ուղղությամբ՝ ավելի լավ տիրապետելու համար:

Երկար ժամանակ է՝ Հայաստանում չես, ընտանիքիքդ հետ մեկնել ես Դուբայ, ո՞րն էր պատճառը:

ժամանակավոր Հայաստանում չեմ, աշխատում եմ Դուբայում: Հայաստանում, ցավոք, չեն գնահատում մարդուն, նրա կատարած աշխատանքը: Վիրավորական է նաև այն, որ որ 2 անգամ դիմել եմ քաղաքացիություն ստանալու համար ու մերժվել եմ: Դա է վատը: Լավն այն է, որ Հայաստանում ոչ ոք իրեն օտար չի զգում:

Շատ եմ սիրում հայ ժողովրդին, իմ ամենալավ տարիներն այդտեղ եմ անցկացրել:

Դուբայում հայկական ուտեստ պատրաստո՞ւմ ես:

-Այո, բայց համը տարբերվում է: Քյաբաբն առանց սալի է, խորովածն էլ՝ իքիբիրի պես: Խոզի միս չեն սիրում այստեղ, բայց ես ամեն ինչ պատրաստում եմ, հայ ընկերներիս հետ երբեմն գնում ենք լահմաջո, խորոված ուտելու:

Փաստորեն, կարծես թե կռահում եմ. քո սիրելի հայկական ուտեստը խորովածն է…

Այո, խորոված, խաշլամա ու տոլմա:

Քեզ հետ ի՞նչ ես տարել Հայաստանից:

-Կոնյակ, երշիկեղեն:

Ի՞նչն ես կարոտում:

Կարոտում եմ այն պահերը, երբ հավաքվում էինք ու Նոր տարին նշում: Միշտ  հիշում եմ Հայաստանում անցկացրած իմ լավ օրերը, հարևաններիս…Սիրում եմ հայ ժողովրդին: Դուբայում իմ մտերիմ ընկերները կրկին հայեր են: Հայաստանն իմ հայրենիքն է, ես անպայման վերադառնալու եմ:

Օդո, գուցե այս խոսքերդ հավատ չներշնչեին, եթե չիմանայի, որ կինդ հայուհի է: Կպատմե՞ս ինչպես ծանոթացաք:

-Կնոջս՝ Հեղինեին, հանդիպել եմ Գյումրիում: Նա բժշկական ուսումնարանում էր սովորում: Սկսեցինք հանդիպել ու հասկացա, որ առանց նրա կյանքս չեմ պատկերացնում:

Թերևս, վերջապես ասես՝ թե այդ ի՞նչ համեմունքներ էիր օգտագործել ու ինչպե՞ս էիր պատրաստել խորովածը, որի շնորհիվ 22 խոհարարներից  միայն դու շահեցիր հանդիսատեսի համակրանքը:

-Խորովածի բաղադրությունը շատ հասարակ է.սոխ, խոշոր աղ, ջերմուկ, սոյայի սոուս:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին