Ազգերի ինքնորոշման սկզբունքը միջազգային իրավունքի և քաղաքակրթության առանցքային դրույթներից է ր և որպես հասկացություն շրջանառության մեջ է մտել 1870-ական թվականներին:
Ազգերի ինքնորոշման գաղափարի հետևողական պաշտպանը ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնն էր (1913–1921 թվականներ), ով ձևակերպեց «արտաքին ինքնորոշման» սկզբունքը։ Համաձայն դրա՝ ցանկացած ժողովուրդ կարող էր ընտրել ինքնիշխանության այն ձևը, որը ցանկանում էր, ընդհուպ մինչև անկախ պետականության կազմավորումը։ Միաժամանակ նա առաջ քաշեց պետության տարածքային ամբողջականության և ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը։
Խորհրդային միության պայմաններում ազգերի անկախության հանրաքվե իրակականցնելու մասին գործնականորեն առաջին անգամ 1960-ական թվականներին խոսել է Ուկրաինայի հերոս Լևկո Լուկիանենկոն, 1968 թվականին՝ Անդրեյ Սախարովը, սակայն անկախության հանրաքվեի գաղափարը որպես կազմակերպված պայքարի նպատակ՝ ասպարեզ է իջել 1973 թվականին՝ Հայաստանում: Հայ անկախականների պայքարը մեծ դեր է կատարել ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների համար, ուստի, ՊԱԿ-ի ուշադրության կենտրոնում եղել է Ազգային միացյալ կուսակցությունը(ԱՄԿ)-ն և նրա ղեկավար Պարույր Հայրիկյանը, ով ԱՄԿ-ի հիմնադիր Հայկազ Խաչատրյանի և մյուս ղեկավարների ձերբակալությունից հետո դառնում է ԱՄԿ-ի ղեկավարը։ Պայքարում էր անհապաղ ազգային բանակ ստեղծելու, ժողովրդի կողմից ընտրված գործադիր իշխանություն հաստատելու, սահմանադիր ժողովի միջոցով սահմանադրություն ընդունելու և կարևոր այլ նպատակների համար։
1987թ. Հայրիկյանը սեպտեմբերին հիմնում է Ազգային ինքնորոշում միավորում (ԱԻՄ) կազմակերպությունը։ Վերջինս ԽՍՀՄ ամբողջ տարածքում բացահայտ պայքարող առաջին ազգային-քաղաքական-ժողովրդավարական կազմակերպությունն էր՝ իր «Անկախություն» շաբաթաթերթով։ ԱԻՄ-ի նպատակն էր ազգային պետականության վերականգնումը, առաջնահերթ խնդիրը՝ Հայաստանի անկախացումը հանրաքվեի միջոցով։
Անկախության հանրաքվեի, 20-ից ավելի տարի բանտերում և աքսորավայրերում անցկացնելու, կրած զրկանքների, հուսահատության, այժմ ՀՀ Անկախությանը սպառնացող վտանգների, հայ ժողովրդի վերաբերմունքի և այլ հարցերի մասին զրուցել ենք ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հետ:
Պարոն Հայրիկյան, ի՞նչը դրդեց դպրոցահասակ պատանուն՝ մտածել Անկախության ձեռքբերման մասին:
-Ազգային հարցերի համար պայքարելն ինձ համար միշտ կարևոր է եղել: 5-րդ դասարանում, երբ իմացա, որ Արարատը Հայաստանի կազմում չէ՝ ապշեցի: Դա ինձ համար մեծ հարված էր: Զարմանում էի, թե մեծահասակներն ինչպես են հանգիստ ապրում: 7-րդ դասարանում էի, երբ թղթի կտոր վերցրեցի ու երդում գրեցի, որ չեմ ծխելու, չեմ խմելու, չեմ ամուսնանալու, մինչև Հայկական հարցը չլուծվի: Ուսուցչուհիս նկատեց, որ դասի ժամանակ ինչ-որ բան եմ գրում, եկավ, որ վերցներ թուղթը, չտվեցի, մտածեց, որ սիրային նամակ է: Ես սկսեցի լաց լինել: Լուրը հասավ մայրիկիս, ով նախատեց ինձ՝ այդ «նամակի» համար: Հետո ինձ համախոհ երիտասարդների գտա ու այդպես սկսեցինք պայքարել:
Իսկ Անկախության գաղափարին հասնելու գործում մեծ է ԱՄԿ հիմնադիրների դերը:
Հե՞շտ էր հասարակությանը համոզել, բերել գիտակցական այն մակարդակի, որ Անկախությունը կարևոր է: Չէ՞ որ հակառակը պնդողներ շատ են եղել:
-Դժվար չէր, քանի որ այն ժամանակ ԿԳԲ-ն միակուսակցական էր, հիմա բազմակուսակցական է:
Նրանց ովքեր դեմ էին, կամ չհասկացողներ էին, կամ՝ վախեցողներ: Հիմա գուցե ավելի դժվար է, քանի որ կարող ես դեմ արտահայտվել՝ կաշառված լինելու պատճառով: Այն ժամանակ, բարեբախտաբար, դա չկար: Կային բանտ ընկնելուց վախեցողներ և մարդիկ, որոնք մշտական քարոզչության ներքո էին ու կարծում էին, որ Անկախությունը հնարավոր չէ: Ես էլ ասում էի, որ պետք է հնար գտնենք, քանի որ արդեն եկել էի այն գիտակցությանը, որ անհնարին ոչինչ չկա, որովհետև առաջին կալանքիս տարիներին. երբ փորձում էի կապ հաստատել գործընկերներիս հետ՝ համոզվեցի, որ անհնար է, երկրորդ կալանքի տարիներին կապ հաստատելն ինձ համար խաղ ու պար էր: Այսինքն, երբ դու հոգով հզորանում ես և հավատում ես, ամենակարող ես դառնում:
Այդպես, 1987 թվականից հետո հասկացա, որ ժողովուրդը մեր կողքին է:
Ի՞նչ եք կարծում, նույն ժողովուրդն այսօր ինչո՞ւ Ձեր կողքին չէ:
-Ժողովուրդն իմ կողքին չէ՝ իմ հանդեպ կատարված լուրջ քայլերի հետևանքով: Խոսքս վեջին նախագահական ընտրությունների հետ է կապված.նախ ֆիզիկապես փորձեցին վերացնել ինձ, հետո սկսեցին տարածել, թե Հայրիկյանն ինքն է իր վրա կրակել: Դա այնքան ահավոր սուտ էր, որ մարդիկ սարսափած մի կողմ քաշվեցին: Բայց, սա ժամանակավոր է:
Երբևէ հիասթափության, զղջման պահեր ունեցե՞լ եք:
-Իհարկե… Հիասթափության պահեր ավելի շատ ունեցել եմ բանտում, բարեբախտաբար կարողացել եմ դրանք հաղթահարել երգեր գրելով, որոնք նաև մյուսներին էին կամք ու ուժ հաղորդում:
- Պատժախցում, 4 պատի մեջ
Քայլում եմ ետ-առաջ ես անդադար,
Ցուրտն է ջերմում, քաղցը՝ սնում
Եվ խավարը լուսավորում…(երգում է. Ա.Կ)
Ինչ վերաբերում է զղջմանը, ասեմ, որ ժողովրդավարությունը շատ կարևոր համարելով պետք է երբեք չմոռանայի «Պատվի՛ր ծնողներիդ» պատվիրանը: Այն լուրջ նշանակություն ունեցավ 90-ականների իմ գործունեության ընթացքում: Ընտրություններում, երբ կուսակցականների ցուցակներն էին կազմում, ես պետք է ասեի՝ ԱԻՄ-ի հիմնադիրներն առաջին շարքում են լինելու, սակայն նախապատվությունը տվեցի ժողովրդավարությանը:
Հիշատակեցիք բանտում երգեր գրելու փաստը: Գիտեմ, որ դատավարության ժամանակ Ձեզ տրված վերջին խոսքում ասել եք՝ «Դուք կարող եք սպանել ինձ, բայց իմ մահից հետո ստիպված եք լինելու պայքարել իմ երգերի դեմ: Որո՞նք էին այդ երգերը, ե՞րբ եք գրել:
-Առաջին երգը գրել եմ 20 տարեկանում, կոչվում է «Հայ ենք մենք», երկրորդը՝ 21 տարեկանում, կոչվում է «Կրկին ոտքի ելնենք»: Հետո գրել եմ «Գերված զինվորի երգը», «Զինվորի աղոթքը»…
Շարունակո՞ւմ եք երգեր գրել:
-Հիմա ավելի շատ սիրային երգեր եմ գրում, որոնցի մեկը՝ «Սիրո թռչունը», 2001 թվականին Սայաթ-Նովա մրցույթում գրավեց առաջին տեղը:
ԽՍՀՄ տապալումից հետո իշխանության եկան այդ բռնապետության դեմ պայքարած գործիչները.չեխերն ու սլովակները նախագահ ընտրեցին իրենց գլխավոր այլախոհին՝ Վացլավ Հավելին, լեհերը՝ Վալենսային: Ինչո՞ւ Հայրիկյանը չդարձավ նախագահ:
-Հայրիկյանից շատ էին վախենում, ուստի այդ ժամանակ արտաքսեցին:
Չկար անկախություն, չկար՝ արտաքին քաղաքականություն, հիմա կա անկախություն, ի՞նչ կասեք արտաքին քաղաքականության վերաբերյալ.ինչպե՞ս ենք վարում այն:
-Մենք արտաքին քաղաքականություն վարելու հնարավորությունը չենք օգտագործում: Հայաստանը դարձել է միայն Արցախի խնդրի սպասավորը: Բայց, չէ՞ որ այլ խնդիրներ էլ կան:
Ձեր կարծիքով Արցախի հարցը կլուծվի,՞ թե՝ ոչ:
-Արցախի խնդրի լուծումը տվյալ պահին նշանակում է Ադրբեջանի հետ խաղաղության հաստատում: Մենք այլընտրանք չունենք.լավ չէ երկու ժողովրդի մշտապես պատերազմական վիճակում պահելը:
Այսօր անկախությանը սպառնացող վտանգ տեսնո՞ւմ եք:
-Արդեն այն, որ ՀՀ բնակչությունը վերջին տարիներին չի կրկնապատկվել, այլ հակառակը, նվազել է, դա սարսափելի վտանգ է, իսկ իշխանությունը, ցավոք, այս ամենը բնական է համարում: Այսօր քաղաքացիները պետք է զգան, որ իրենք են երկրի տերը, դրա համար պետք է որդեգրեն Հայրիկյանի «Դեպի բացարձակ ժողովրդավարություն» հայեցակարգը՝ որպես սահմանադրւթյան նախագիծ: Իշխանությունն այնքան վախեցավ դրանից, որ նույնիսկ չքննարկեց:
Բայց, կա՞ երկիր, որը բացարձակ ժողովրդավար է:
-Ավելի լավ,որ չկա: Հայաստանը կլինի առաջինը և սերնդեսերունդ կասեն, որ Հայաստանն աշխարհին տվեց բացարձակ ժողովրդավարության մոդելը:
Եթե Սահմանադրական բարեփոխումները կյանքի չկոչվեն ու մենք շարունակենք նախագահ ընտրել, Ձեզ կտեսնե՞նք նախագահի թեկնածուների թվում:
-Իհարկե.եթե չառաջադրվեմ, չե՞ք ասի՝ կրակեցին, Հայրիկյանը վախեցավ ու լքեց դիրքերը: Մարդ մինչև կյանքի վերջը պետք է իրեն տված ժամանակը օգտագործի բարի նպատակներով:
Անի Կարապետյան
Կարդացեք նաև՝ Եթե թեկուզ մեկ հայ մնացել է Հայաստանում, նշանակում է՝ հայրենասեր է