Կրեմլի գաղտնի ծառայությունները համոզված էին, որ 1968-69թթ. կալանավորումներով ԱՄԿ-ն (Ազգային Միացյալ Կուսակցություն) չեզոքացվել է, սակայն, ի հեճուկս նրանց՝ «ջախջախված» կազմակերպությունն ավելի հզորացած է ասպարեզ իջնում:
Արդյունքում, սկսվում են նոր կալանավորումները, հետապնդումները:
7-ական տարիների ազատազրկման և հետագա աքսորի են դատապարտվում կազմակերպության 2-րդ՝ Ազատ Արշակյանի ղեկավարած մասնաճյուղից Ռազմիկ Զոհրաբյանը, ԱՄԿ խորհրդի անդամներ Ազատ Արշակյանը, Աշոտ Նավասարդյանը, Պարույր Հայրիկյանը:
Մյուսները դատապարտվում են 6 ամսից 6 տարվա ազատազրկման:
Անկախության ձեռքբերման, սպառնացող վտանգի, բանտային տարիների և այլ հարցերի շուրջ զրուցել ենք նախկին Գերագույն Խորհրդի պատգամավոր, ԱՄԿ խորհրդի անդամ Ազատ Արշակյանի հետ:
Պարոն Արշակյան, ինչպե՞ս և ե՞րբ սկսվեց Ձեր պայքարը Անկախության հանրաքվեի համար:
-1965 թվականի Ապրիլի 24-ին ես որպես 15-ամյա պատանի բռնցքամարտիկ հրավիրված էի Ազատության հրապարակ՝ Մայիսի 1-ի երթի համար փորձ անելու: Այդ ժամանակ հայտնվեցի երթի մեջ՝ Հայաստանում տեսնելով զանգվածային հայրենասիրության դրսևորում: Հայրենասիրություն, որը միշտ պայմանով էր դրվում.ասենք սովետական հայրենասիրություն, ինտերնացիոնալ հայրենասիրություն և այլն: Իսկ մաքուր հայրենասիրություն, այն, որ մարդը կարող է սիրել իր պատմությունը, նախնիների թողած մշակութային ժառանգությունը, լեզուն կամ լանդշաֆտը, համարվում էր նացիոնալիզմ: Այսինքն, հայրենասիրությունը կարելի էր, բայց շատ սահմանափակ դոզայով: Ուստի, այն քողարկված ու կոդավորված էր: Օրինակ , այդ թվականներին տեղադրվեցին Սասունցի Դավթի, Վարդան Մամիկոնյանի արձանները, սկսվեց հայոց լեզվի նկատմամբ հատուկ ուշադրություն, արդեն կար Մատենդարանը: Մտավորականներից Ռաֆայել Իշխանյանը, Լևոն Ներսիսյանը խոսում էին հայրենիքից, հայոց լեզվից, մշակույթից:
Հավատո՞ւմ էիք, որ բոլոր այս ծրագրերը կտան ցանկալի արդյունք:
-Ոչ, չէինք հավատում: Կարծում էինք, որ մինչև 20 տարեկան էլ չենք հասցնի ապրել, որովհետև Սովետական միությունը դաժան պետություն էր և դրան դեմ դուրս գալը նշանակում էր գնալ անձնազոհության: Բայց, քանի որ պատանիներ էինք, ինքնապաշտպանության բնազդը բացակայում էր, ապա զոհվելը մեզ համար մեծ բան էր, որովհետև Հայրենիքն ավելի էինք սիրում, քան մեր կյանքը:
Եվ այդ սերը օգնեց Ձեզ՝ դիմանալ բանտային դաժան պայմաններին…
-Շատ դժվար էր 5, 7, 10 տարի դիմանալ սովետական բանտային ռեժիմին.առնվազն հոգեկան խանգարում պետք է ստանայիր, իսկ մենք հանուն հայրենիքի դիմացանք: Մտածում էինք, որ սա ժամանակավոր է ու շուտով դրախտ ենք ընկնելու: Այդ ամենի մեջ փորձում էինք լավ բան տեսենել: Մարդիկ կարող են ասել՝ դա մեծամտություն է: Մենք չէինք կարող մեծամիտ չլինել: Գիտեինք, որ լավ բան էինք անում:
Այսօր Անկախությանը սպառնացող վտանգ տեսնո՞ւմ եք:
-Այո, նույն վտանգն է.նոր իմպերիական էքսպանսիան, որ նախաձեռնել է Ռուսաստանը, կարծում եմ, ժամանակավրեպ է, չի լինի ու չի վերականգնվի: Սա ցավ է մեզ պատճառում, բայց վստահ եմ՝ անպայման դուրս կգանք բոլոր տեսակի պարտադրված կառույցներից: Հիշում եմ, երբ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին քվեաթերթիկները հաշվեցին և պարզվեց, որ ես 2 միլիոնից մեկն եմ, և հայ ժողովուրդը 94.39 տոկոսով ճիշտ ինձ նման է մտածում, անկախական է. մեծ պատիվ էր: Մենք կարողացանք հայտարարել, որ հայրենասեր, ազատասեր ժողովուրդ ենք: Կուզեի, որ տապանաքարիս վրա գրվեր.
«94.39 տոկոսից մեկն այստեղ է հանգչում»:
Խոսեցիք հայրենասիրությունից: Այսօր կա՞ն այդպիսիք:
-94.39 տոկոս հայերի մի մասը ցավոք ողջ չէ, բայց համոզված եմ, որ նրանց զավակները ժառանգել են հայրենասիրությունը: Ես համարում եմ, որ հիմա հայրենասեր Հայաստանում եմ ապրում: Այսքան ծանր սոցիալ-տնտեսական պայմաններում եթե թեկուզ մեկ հայ մնացել է Հայաստանում, նշանակում է՝ հայրենասեր է:
Անի Կարապետյան
Կարդացեք նաև՝ Հայրիկյանը զղջում է