Փոքրիկ երաժշտական գործիքներ պատրաստող գյումրեցի երիտասարդ Վալեր Նազարեթյանը նոր՝ 6սմ երկարությամբ, 3սմ լայնությամբ և 4սմ բարձրությամբ ընդունիչ (приёмник) է պատրաստել:
«Ստեղծագործությունն անվանել եմ «Մորս հուշեր», քանի որ գաղափարը, կարելի է ասել՝ մորս է: Նա մեկ օր պատմեց, թե փոքր ժամանակ ինչպես է բարձրացել աթոռին, ձայներիզը դրել ու երաժշտություն լսել: Ես էլ որոշեցի պատկերել այդ ամենը և հիմա դրանով հնարավոր է լսել 70-ականների երգերը»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վալեր Նազարեթյանն ու գյումրեցուն բնորոշ հումորով հավելեց.
«Կարող եք նաև 90-ականների երգերը լսել, ինչպես կցանկանաք»:
Մեր հարցին, թե ընդունիչի պատրաստման հարցում ի՞նչ նյութեր է օգտագործվել, երիտասարդ ստեղծագործողը պատասխանեց.
«80 տոկոսը թուղթ է, մնացածը տարբեր նյութեր են, ինչպես նաև՝ փայտ»:
Հիշեցնենք` ավելի վաղ մեզ հետ զրույցում Վալեր Նազարեթյանն ասել էր, որ այս արվեստով զբաղվում է 2 տարեկանից սկսած.
«Ինչ խաղալիք ցանկանում էի՝ պատրաստում էի: Տարիներ անց որոշեցի երաժշտական գործիքներ պատրաստել: Գործիքների պատրաստման մեջ գերիշխող նյութը թուղթն է՝ 90 տոկոս: Այն մշակում եմ հատուկ մեթոդով և, արդյունքում, ասենք կիթառի կաղապարը նմանվում է փայտի»,-մանրամասնել էր նա:
Հավելենք, որ այս և այլ աշխատանքներ ներկայացվել են Հայաստանի նկարիչների միությունում բացված «Արտ Ֆեստ 2016» երիտասարդական միջազգային բաց փառատոնի կերպարվեստի մրցանակակիրների ստեղծագործությունների եռօրյա ցուցահանդեսին: Գնալ և տեսնել կհասցնեք նաև վաղը:
Անի Կարապետյան