▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ չզարգացնել քարանձավային տուրիզմը

Որպես հայրենիքս սիրող ու մի քիչ էլ ճանաչող մարդ` թույլ տվեք ես էլ արտահայտվեմ Մագիլի քարանձավի թեմայով, քանի որ վերջերս շատ են գրում սրա մասին, զանգում հրավիրում են հաղորդման (որին ես հրաժարվեցի մասնակցել, քանի որ քարանձավի մասնագետ չեմ): Հիմա էլ կարդացի մարդկանց վերջին վրդովմունքը, որ Մագիլի քարանձավը փաստաթղթերում ներկայացվել է Մագելանի քարանձավ:

Նախ անվան հետ կապված, քարանձավը հայտնաբերել է որսորդ Մագելան Առաքելյանը, որին կարճ Մագիլ էին ասում: Այսինքն քանի որ հայտնաբերող անունով է կոչվել քարանձավը երևի ավելի ճիշտ կլինի կոչվի Մագելանի ոչ թե Մագիլի, ինչպես նրան դիմում էին համագյուղացիները: Հիմա քարանձավի շահագործման հետ կապված:

Չեմ հասկանում` ինչու են մարդիկ այդքան մտահոգվում քարանձավի շահագործումից: Եթե կա բնության ստորգետնյա հրաշք, ինչպիսին այդ քարանձավն է` ինչու այն չդարձնել մատչելի, որ մարդիկ մտնեն, տեսնեն: Ամբողջ աշխարհում զարգանում է քարանձավային տուրիզմը, մի հատ տեսեք` հարևան Վրաստանում ինչ քարանձավային տուրիզմ են ստեղծել, նույնիսկ Սահակաշվիլին քարանձավում է արել նախարարության նիստը, որպեսզի նպաստի տուրիզմի այդ տեսակի զարգացմանը:

Վրաստան այցելած զբոսաշրջիկները ապշած են մնում այդ քարանձավների գեղեցկությունից: Ինչո՞ւ մեր մոտ էլ չլինի: Հիմա որ փակ է, որ մտնելը վտանգավոր է դրանից դուք ի՞նչ-որ բան եք շահում: Մտահոգներից շատերը համոզված եմ նույնիսկ քարանձավի տեղը չգիտեն: Թող շահագործեն, թող դառնա մատչելի, թող մարդիկ մտնեն, տեսնեն, ճանաչեն:

Հիմա կասեք բիզնես են սարքել, հա թող սարքեն, բա մարդ ներդրում է անում, ծառայություն է մատուցում, բնականաբար պետք է եկամուտ էլ ունենա: Համոզված եմ՝ մուտքի գինը չի լինելու աստղաբաշխական, մտնելուց էլ ամեն մարդ շատ-շատ մի անգամ մտնի տարվա մեջ կամ կյանքում: Նույն Լաստիվերի օրինակը բերեմ, մարդիկ ներդրում են արել, շահագործում են ու ինչքան հաճելի է, երբ գնում ես ամեն հարմարություն կա, սուրճ ու թեյ են հյուրասիրում, շուրջ բոլորը մաքուր է, դա վա՞տ է: Իհարկե լավ է, կարծում եմ բոլորիս էլ հաճելի է վճարել մաքրության, որակով ծառայության դիմաց, քան չգնալ, չտեսնել, չիմանալ կամ մտնել մի խոզանոց, ինչպես օրինակ Զուարի տաք ջրերն են (ի դեպ մինչև այդ տարածքը տեր չունենա ես որոշել եմ էլ չգնալ) ու զզվանքից հիասթափվել այդ բնության հրաշքի այցելությունից: Կարծում եմ միակ լուծումը դա ստեղծել մասնագետների խումբ, որոնք շահագործողի գլխին կկանգնեն ու կհսկեն ողջ գործընթացը: Ի դեպ ասեմ, որ մի անգամ ներկա եմ եղել քարանձավագետների ժողովին, նրանք կողմ էին գրագետ շահագործմանը:

Տիգրան Շահբազյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին