Թարմացված․ Մայիսի 13-ին, ժամը 09:49-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսաղբյուր գյուղի «Սմավերդի» կոչվող լճում քաղաքացին սուզվել է ջրի մեջ և դուրս չի եկել։ Տեղում պարզվել է՝ ջրահեղձ եղած քաղաքացին ծնված է 1990 թվականին։ «Օրագիր»-ի հետ զրույցում Լուսաղբյուր գյուղի վարչական ղեկավար Վոլոդյա Պոլոյանը մանարասներ է ներկայացրել դեպքի վերաբերյալ։ «Մեր գյուղից չի եղել։ Եթե չեմ սխալվում՝ գյումրեցի է եղել։ Հայրը և որդին միասին են եղել։ Տղան սայթաքել է և ընկել ջուրը։ Ջուրը, երևի, սառն է եղել։ Չի դիմացել այդ սառնությանը, հնարավոր է՝ մկաններն են բռնվել կամ ինքնազգացողությունը վատացել է, ու չի կարողացել լողալ: Դեպքը տեղի է ունեցել վաղ առավոտյան՝ անձրևային և ցուրտ եղանակին։ «Սմավերդի» լիճը ձկնորսության հայտնի վայր է, որտեղ երբեմն մի քանի հարյուր մարդ է գալիս ձուկ որսալու նպատակով։ Ասում են՝ ողջ գիշեր ձկնորսությամբ է զբաղվել, երևի հոգնած է եղել։ Արդեն առավոտյան քայլելով գնալիս է եղել տուն, հայրը` հետևից։ Ոտքը սայթաքել է, ու հենց ամենախորը հատվածում է ընկել ջուրը։ Հայրը ոչինչ չի կարողացել անել, փորձել է ձգվել, օգնել, բայց չի հասցրել»,- նշել է նա։ Վարչական ղեկավարը հավելեց, որ ջրասույզ եղած տղամարդը 5 անչափահաս երեխայի հայր էր։ |
Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում. հայր ու որդի գնացել են Ախուրյանում հայտնի «Սմավերդի լիճ» կոչվող ջրամբար. տղան սայթաքել ու անզգուշաբար ընկել է ջրամբարը․ Այս մասին տեղեկացրել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
Դեպքի վայրից Շիրակ Կենտրոն ՀԿ ղեկավար Վահան Թումասյանը տեսանյութ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է․ «Ախուրյանի ջրամբարից, երբ տարին ջրառատ է լինում որոշ տեղեր ջուրը փախնում է դուրս և փոքրիկ լճակներ են ձևավորվում գարնան ամիսներին: Նման լճակ կա Շիրակի մարզի Անի համայնքի Լուսաղբյուր գյուղի դիմաց, ձկնորսների սիրելի վայրն է, այս օրերին ամբողջ լճակի ափերով, ամեն մի մետրին մի ձկնորս է նստում»: