▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այն ամենի մեջ, ինչը որ ես եմ անում, օրհնված մի բան կա. Աննա Գիվարգիզյան

Գուցե քչերին է հայտնի, որ արդեն 7 տարի շարունակ Մոսկվայում տպագրվում է «Ժամ» անունը կրող մշակութային ամսագիրը, որը ներկայացնում է ժամանակի պատմությունը և արվեստը: Ամսագրի հիմնադիրը և գլխավոր խմբագիրը՝ մշակութաբանության դոկտոր Աննա Գիվարգիզյանը, իր գլխավոր նպատակներից մեկն է համարում օտարերկրացիներին ներկայացնել հայկական մշակույթը, դրա արժեքները և, առհասարակ, հայ մարդու պատմությունը: Asekose.am-ի թղթակիցը զրուցել է Աննա Գիվարգիզյանի հետ՝ ամսագիրը ստեղծելու իր մտադրության, դրա գործունեության, ուղղվածության և Մոսկվայում հայկական ամսագիր տպագրելու դժվարությունների և դրական կողմերի մասին:
 

Որքա՞ն ժամանակ է, ինչ իր գործունեությունն է ծավալում «Ժամ»  ամսագիրը:

2008թ-ին ես և ամուսինս՝ Արմեն Հովհաննիսյանը, բացեցինք տպարան-հրատարակչություն: Դա արեցինք հատուկ նրա համար, որպեսզի հրատարակենք «Ժամ»  ամսագիրը: Եվ հենց այդ թվականի նոյեմբերի 30-ին «ծնվեց» մեր ամսագրի առաջին համարը: Պետք է ասեմ, որ ի սկզբանե հրատարակչություն բացելու նպատակը ոչ միայն ամսագիր տպագրելն էր, այլ նաև՝ գրքեր հրատարակելը: Բայց ինչպես ամսագիրը ծնվեց շատ երկար խմորումներից հետո, այնպես էլ մեր առաջին հեղինակային գիրքը. այն լույս տեսավ դրանից 7 տարի անց:  Երբ պատրաստվում էի գիտական թեզիս պաշտպանությանը, որոնումների մեջ էի: Այդ ժամանակ սկսեցի ուսումնասիրություններ կատարել: Ինքս հասկանում էի, որ ունեմ ինչ-որ մի բան ներկայացնելու, ցույց տալու, բայց թէ ինչ՝ դեռ չէի գիտակցում: Մոսկվայում սովորելու տարիներին ուզում էի հասկանայի, թե ինչ մթնոլորտ է տիրում այնտեղ, թե ինչպես են մտածում այնտեղ ապրող և սովորող հայերը, ինչ հոգևոր արժեքներ կային այնտեղ: Ես պարտավոր էի գիտակցել, թե հայ մարդը, տվյալ ժամանակահատվածում ապրելով օտար վայրում, ինչ հոգևոր արժեքի կարիք ունի կամ իր մոտ ինչն է բացակայում, որպեսզի ես կարողանայի այդ ամենը ներկայացնել իմ գիտական թեզում: Այդ պրակտիկ ուսումնասիրությունների հետևանքով  ծանոթացա մի շարք հայերի հետ, որոնցից շատերը հետագայում իմ աշակերտները դարձան, իսկ նրանցից շատերն էլ այս պահին աշխատում են «Ժամ» ամսագրում: Բացի դրանից, այդ ժամանակ սկսեցի հայկական մշակույթ և հայոց լեզու դասավանդել Մոսկվայում ապրող հայ երեխաներին, ովքեր, սակայն, շփվում էին ռուսերեն լեզվով: Դասավանդման տարիներին փորձում էի այդ երեխաների միջոցով հասկանալ, թե ինչու են նրանք ցանկանում հայերեն սովորել և չեմ թաքցնի ու կասեմ, որ նրանցից շատերը նշում էին, որ իրենք ամոթ են համարում այն, որ հայ են: Այդ ժամանակ ես հասկացա, որ խնդիրը փոքր-ինչ ավելի խորն է. այն կապված էր հոգևոր արժեքների պահպանման հետ:

Իսկ վաղուց է, ի՞նչ ամսագիր ստեղծելու նպատակ եք ունեցել:

Սեփական ամսագիր ունենալու, ընդհանրապես, հրատաչակչական գործունեությամբ զբաղվելու նպատակ դեռ փոքր տարիքից եմ ունեցել: Նույնիսկ դպրոցական տարիքում երազներ էի տեսնում, որ բացում եմ փոստարկղը և այնտեղից շատ նամակներ, բացիկներ էին թափվում վրաս, ինչից հետո ես պարզապես երջանիկ մարդ էի դառնում: Տարիների ընթացքում արդեն ձևավորվեց իմ աշխարհայացքը և մտածելակերպը, ինչի արդյունքում ամսագիրը ստեղծելուց հետո այն էլ ավելի կատարելագործեցի և պարզ հասկացա, թե ինչ է հարկավոր ընդգրկել դրա մեջ:

Ի սկզբանե՝ ո՞րն է եղել «Ժամ»  ամսագրի և դրա ստեղծագործական կազմի նպատակը:

Ամսագրի ամենահիմնական նպատակը օտար միջավայրում հայկական մշակույթի, պատմության և արվեստի տարածումն է, այսինքն մեզ՝ հայերիս, ներկայացնելը: Հենց դա է պատճառը, որ ամսագիրը ռուսերեն լեզվով է՝ չնայած որ դրանում հայերեն էջեր էլ կան:

Հետաքրքիր է՝ արդյո՞ք հեշտ է բնակվելով Մոսկվայում՝ տպագրել հայկական ամսագիր: Վաճառքի քանակը և, առհասարակ, մարդկանց վերաբերմունքը ձեզ գոհացնում է:

Քանի որ մեր ամսագիրն առաջին իսկ օրվանից գրանցվել է Մոսկվայում, այն համարվում է ռուսական մամուլ: Թեև այն իր բովանդակությամբ հայկական է, բայց որպես այդպիսին համարվում է ռուսական ամսագիր: Շատ մարդկանց համար «Ժամ» ամսագիրը հայտնության պես մի բան էր: Այժմ նպատակներից մեկը նաև այն է, որ մեզ համար հոդվածներ պետք է գրեն ազգությամբ ոչ թե հայեր, այլ՝ արտերկրացիներ:

Ինչպես նշեցիք, արդեն երկար տարիներ է, ինչ Մոսկվայում «Ժամ» ամսագիրն իր ակտիվ գործունեությունն է ծավալում, սակայն Հայաստանում այն քչերին է հայտնի: Ո՞րն է պատճառը, որ այս տարիների ընթացքում ամսագիրը Հայաստանում չի ներկայացվել:

Ամենահիմնական պատճառներից մեկը, երևի, իմ զբաղվածությունն է եղել: Ինձ շրջապատող բոլոր մարդիկ ինձ ասում են, որ ես ուղղակի պարտավոր եմ այն ներկայացնել և ավելի հայտնի դարձնել Հայաստանում: Բայց երևի թե ես նման եմ այն ծնողի, ով գիտի իր երեխայի արժեքի մասին և ավելորդ անգամ չի ցանկանում գովաբանել: Բայց նշեմ, որ հիմա արդեն հասկացել եմ, որ եթե ես ուզում եմ, որպեսզի իմ խոսքը տեղ հասնի նաև իմ հայրենիքում, ապա պետք է դիմեմ որոշակի քայլերի, քանի որ իմ արած աշխատանքը ես նվիրաբերություն եմ համարում. նվիրաբերություն այն առումով, որ ինքը գաղափարական գործ է: Երբեք չեմ փորձել ուշադրություն դարձնել ժամանակ առ ժամանակ հանդիպող հիասթափություններին, փորձում եմ միշտ առաջ քայլել: Օրեր առաջ, երբ վերադարձել էի Հայաստան, հանդիպում եմ ունեցել մի շարք մտավորականների հետ, որոնց հետ քննարկել և խորհրդակցել ենք այն առաջիկա քայլերի շուրջ, որոնք որ կօգնեն «Ժամ» ամսագիրը Հայաստանում հայտնի դարձնելու համար:

Որքանով որ տեղյակ եմ, ամսագիրը լույս է տեսնում տարվա մեջ 4 անգամ: Մինչ այդ պատրաստվում և խմագրվում են դրանում տեղ գտած նյութերը, հոդվածները: Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ բավական ծավալուն աշխատանք է տարվում: Ի՞նչ եք կարծում՝ ձեր խոսքը, այնուամենայնիվ, տեղ հասնում է օտարերկրացիների շրջանում:

Կարծում եմ, որ՝ այո: Մեր ընթերցողները գիտեն արդեն, թե ինչ տեսակ նյութեր են տեղ գտնում մեր ամսագրում: Լինում են դեպքեր, երբ մարդիկ նույնիսկ զանգահարում են այս կամ այն նյութի համար, հարցնում են, թե որտեղից կարող են ձեռք բերել ամսագիրը և այլն: Դա ինձ համար շատ նշանակալից է, քանի որ ստացվում է, որ 7 տարի առաջ լույս տեսած ամսագիրը մինչ օրս արդիական է: Դա ինձ համար շատ կարևոր է: Մենք արդեն ունենք մեր մշտական համակիրները, ընթերցողները, որոնց քանակը ես կցանկանայի, որ էլ ավելի շատանար:

Ովքե՞ր են տեղ գտնում «Ժամ» ամսագրում: Արդյո՞ք նրանք միայն այն մարդիկ են, ովքեր տարիների ընթացքում իրենց ծավալած գործունեությամբ կարողացել են իրենց ուրույն տեղը և դիրքը ապահովել մշակութային կյանքում:

Մեզ մոտ չկան փոփ աստղեր կամ արհեստական շրթունքներով անձինք: Հիմնականում մենք ներկայացնում ենք արժեքներ, որոնցից ամեն մեկը մի առանձին աշխարհ է: Լինում են նաև դեպքեր, երբ մենք անդրադառնում ենք երիտասարդների, ովքեր որ այդքան էլ հայտնի չեն: Բայց ի ուրախություն մեզ՝ ամսագրի հրատարակվելուց հետո իրենց շուրջ հետաքրքրություն է առաջանում: Բացի մշակութային ուղղվածություն ունեցող հոդվածներից, մշակութային գործիչների հետ մեր հարցազրույցներից, մենք մեր էջերում ներկայացնում ենք նաև ներկայիս հասարակական կյանքը, ինչը, կարծում եմ, ևս կարևոր է:

Բացի Ռուսաստանից, որո՞նք են այն քաղաքները, որտեղ ևս առաքվում է «Ժամ» ամսագիրը:

Եվրոպական այն բոլոր երկրներում, որտեղ որ կան հայ համայնքներ, ինչպես նաև ամսագիրը վաճառքի է դրված Հայաստանում: Բացի այդ տեղեկացնեմ, որ մենք էլ մեր կողմից մոսկովյան մշակութային էլիտային, բոլոր դեսպանատներին պարզապես ուղարկում ենք մեր ամսագրի նոր համարները:

Զրույցի սկզբում խոսեցիք նաև ձեր կողմից հրատարակված գրքերի մասին: Կցանկանայի տեղեկանալ, թե ի՞նչ փուլում է գտնվում ձեր գործունեության այդ հատվածը և թե ո՞րն է եղել ձեր կողմից տպագրված առաջին գիրքը:

Մեր կողմից հրատարակված առաջին գիրքը «Ղարաբաղյան օրագիր»-ն է, որի թեման պատահական չենք ընտրել: Գտնում եմ, որ այսօր Արցախի խնդիրը բոլորինս է: Ես ինքս հիշում եմ պատերազմի տարիները, ինքս գիտեմ, թե ինչ է նշանակում մոմի լույսի ներքո սովորելը: Այդ իսկ պատճառով ես որոշեցի, որ պետք է ինչ-որ շարք անեմ՝ հրատարակելով Արցախին նվիրված գրքեր: «Ղարաբաղյան օրագիր» գիրքը ռուսերեն լեզվով է: Ի դեպ ասեմ, որ ադրբեջանցիները որոշ ժամանակ առաջ գրել էին, որ իրենք իրենց մեծ երկուսն են նշանակում «Ղարաբաղյան օրագիր» գրքին: Սա ինձ համար շատ ավելի մեծ և կարևոր գնահատական էր, քան այն, որ եթե հայերից ինչ-որ մեկն իր դրական խոսքն ասեր:

Իսկ կան արդյո՞ք նոր ծրագրեր և նպատակներ՝ կապված ամսագրի հետ, որոնք որ կփորձեք իրականություն դարձնել առաջիկայում:

Առաջիկայում նպատակ ունեմ ինչ-որ հետաքրքիր բան կազմակերպելու: Դեռ հստակ չեմ որոշել, թե դա ինչ կլինի, բայց ցանկությունս մեծ է, որ այն մարդիկ, ովքեր որ հայտնվում են մեր ամսագրում և ովքեր հետագայում ինչ-որ մրցանակներ կստանան մեր կողմից, թեկուզև գումարային մրցանակ, դա իրենց համար հաղթանակ համարեն: Սրանից բացի, մենք փորձում ենք ամեն անգամ նորովի ներկայացնել մեր ամսագիրը՝ պարբերաբար նոր խորագրեր մտածելով: Պետք է ասեմ, որ այն ամենի մեջ, ինչը որ ես եմ անում, օրհնված մի բան կա, որովետև ամեն ինչ անկախ ինձանից է ստացվում: Չեմ թաքցնի և կասեմ, որ ինքս գիտակցում եմ, որ այն, ինչ ես եմ անում, ուղղակի անհրաժեշտ է:

Հեղինակ՝ Սաթենիկ Խաչատրյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին