«Ես անգամ չգիտեմ, թե նրանք ովքեր են, ընդհանրապես չեմ նայում հեռուստացույց, նրանց ռադիոյի մասին էլ տեղյակ չեմ: Եթե չեն հրավիրում ինձ իրենց եթեր, ապա ասեմ, որ ես շատ այլ տեղերից ավելի լավ տարբերակներ ունեմ` ինչպես եթերների մասնակցելու, այնպես էլ `այլ: Շատ առաջարկներ ունեմ, այնպես որ` ոչ նրանց կարիքը ունեմ, ոչ էլ նրանց մոտ հյուր գնալու»,-ահա այսպես արձագանքեց սկանդալային ոճաբան Լիլի Մորտոն` ռադիո «Մարշալ»-ի հաղորդավարներ Մարինա Գրեգի և Գուրգեն Ալեքյանի` ֆեյսբուքյան ուղիղ եթերին, որում վերջիններս քննադատության էին ենթարկում իրեն:
Ըստ Մարինա Գրեգի, ով միաժամանակ նաև հեռուստահաղորդավարուհի է, Լիլի Մորտոյին եթեր տրամադրելը պարզապես սխալ է.
«Ինչպես կարող է հեռուստատեսությունը, պրոդուկտ արտադրողը եթեր մտցնի այն, ինչն անհասանելի է այսօր հեռուսատացույց նայող մեծամասնությանը: Օքեյ է, երբ մարդը ինստագրամում, ֆեյսբուքում և այլ սոցցանցերում ինչ-որ գործունեությամբ է զբաղվում, ինչ-որ բան է քարոզում, բայց այդ ամենը եթեր մտցնել կամ ցույց տալ այն մարդկանց, ովքեր չունեն ինստագրամ և ֆեյսբուք և չեն տեսնում, թե ինչ է կատարվում, ճիշտ չէ»:
Իսկ մյուս հաղորդավարը` Գուրգեն Ալեքյանը, հավելեց, որ իրենք բացառում են Լիլի Մորտոյին եթերաժամ հատկացնելը: Ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ մեջբերումներ էին անում նաև Լիլի Մորտոյի մասնակցությամբ «Քաղցած սպասում են» հաղորդումից:
Չնայած քննադատությանը և այն փաստին, որ հաղորդավարները ծաղրի առարկա էին դարձրել նույնիսկ IQ նախագծին սկանդալային ոճաբանի մասնակցությունը, քանի որ ըստ նրանց` վերջինս իր ուղեղը դժվար թե մարզի, Լիլի Մորտոն չի սրտնեղում, միայն ափսոսանք է հայտնում, որ Մարինան և Գուրգենը նման վարքագիծ են դրսևորում.
«Շատ վատ է, որ նրանք այդքան ցածր են իջնում ու դա անում հասարակայնորեն: Երբ մեկնաբանություններ են գրում, ես տեսնում եմ, թե ովքեր են դրանք գրողները, գիտակցում եմ, որ ինձ սխալ են հասկանում: Երբ օրինակ` ես օգտագործում եմ «փչացած» բառը, այդ մեկնաբանողներն այնքան փչացած են ուղեղով, որ այդ ամենը հասկանում են միայն բառիս ուղիղ իմաստով, այն դեպքում, որ ես նկատի ունեմ, որ օրինակ` անգրագետ մարդու հետ շփվելիս դու էլ կարող ես անգրագետ դառնալ, անճաշակի հետ` անճաշակ, դա եմ նկատի ունեցել: 100%-ն ամեն ինչ հասկանում է հենց այդպես, որովհետև ուղեղից փչացած է, սակայն չեմ նստելու նրանց բացատրեմ, որ ես այն չեմ, ինչ իրենք են ուզում տեսնել, եթե այդպես են տեսնում, թող` շարունակեն նույն ձևով: Նույնն էլ Մարինա Գրեգին և Գուրգեն Ալեքյանին է վերաբերում, եթե այդքան ցածր են իջնում, ապա հավասարվում են այդ մեկնաբանություններ գրողներին: Այս դեպքում նույնիսկ ես նրանց եթեր չէի թողնի, որովհետև եթեր դուրս եկողը պետք է մնացած մարդկանցից տարբերվի ամեն ինչով` թե մտածողությամբ, թե ուղեղի պարունակությամբ, թե ապրելակերպով:
Լիլիի խոսքով` իրեն քննադատողներից որևէ մեկը երբեք չի կարող ասել, որ ինքը թաքուն այս կամ այն վատ բանն է անում:
«Ոչ մեկ չի կարող նման բան ասել: Լիլի Մորտոն երբեք վատ բանով չի զբաղվում, բացի լավ բաներից: Ինչ վերաբերում է ինստագրամի նկարներին, ցանկացած մարդու կյանքն է, եթե որևէ մեկը մտածում է, որ մարմին ցուցադրելը վատ բան է, ուրեմն` թող այդպես մտածի: Ես այդպես չեմ մտածում, եթե մարդ ունի գեղեցիկ մարմին, և դա գեղեցիկ է նայվում, ապա կարող է ցուցադրել, դրա մեջ ոչ մի վատ բան չկա: Ինչ վերաբերում է իմ ուղեղը մարզելուն, ապա նշեմ, որ շատ վատ է, որ այդ նույն հաղորդավարները հումոր չեն հասկանում: Եթե ես ինչ-որ մի հաղորդման ժամանակ որևէ ինտելեկտուալ հարցի չեմ պատասխանել, ապա ես պարզապես փորձել եմ հումորով այդ ամենին պատասխանել, շատ լավ գիտեմ, թե ինձ որտեղ ինչպես պետք է պահեմ: Եթե մի բան էլ չեմ հիշել, չի նշանակում, որ իմ ուղեղը զարգացած չէ կամ չեմ զբաղվում ուղեղիս զարգացմամբ: Միգուցե, այդ նույն հաղորդավարներից հազար անգամ ավելի շատ եմ զբաղվում իմ ուղեղի զարգացմամբ: Ես միշտ գիրք եմ կարդում, չնայած որ դա կապ չունի, մարդ կարող է օրական 10 գիրք էլ կարդալ, բայց մտածելակեպը նորմալ չլինի: Կարևորը մարդու մտածելակերպն է, այնպես որ ով ինչպես մտածում է, կարող է շարունակել նույն ձևով, մանավանդ, որ անգամ չգիտեմ, թե ովքեր են Մարինա Գրեգը և Գուրգեն Ալեքյանը, ինչ ուզում են, կարող են խոսել: Պարզապես եթե նրանց թողել են հաղորդավարներ լինել, չպետք է նստեն ու նման քննարկումներ անեն, պարզապես ևս մեկ անգամ ասեմ, որ իրենց մոտ հյուր գնալու կարիքը չունեմ, որովհետև հազար անգամ ավելի լավ առաջարկներ ունեմ»:
Հավելենք, որ բլոգերներից մեկը` Արսեն Մաթևոսյանը, նույնպես անդրադարձել է այս դեպքին՝ Մարինա Գրեգին խորհուրդ տալով հիշեցնել, թե երբ է փայլել իր ուղեղի ճկունությամբ ու ճկուն խոսքով՝ չհիշելով որևէ հետաքրքիր զրույց նրանից ու մեջբերելով կոնկրետ այսօրվա ֆեյսբուքյան ուղիղ միացման մեջ վերջինիս օգտագործած օտարածին արտահայտություններն ու անհարթ խոսքը: «Հա, չմոռանամ հարցնել՝ քեզ ո՞վ է եթեր «մտցրել», ինչպես դու ես արտահայտվում, ու «մտցնելուց» , բացի քո կարծիքը, ուրիշների կարծիքը հաշվի առե՞լ է,թե որքան հաճելի կամ տհաճ ես դու հեռուստադիտողի համար: Իսկ եթե ոչ մերկանալու, կիսամերկանալու փորձ, կարծես թե, ունեցել ես՝ ժայռի վրա ինչ-որ անհաջող նկար եմ հիշում»:
Իսկ անդրադառնալով Գուրգեն Ալեքյանին՝ բլոգերն ավելի կտրուկ է արտահայտվել՝ գրելով հետևյալը. «Կրկնում եմ՝ ոգևորված չլինելով Լիլի Մորտոյով ու նույնիսկ դեմ արտահայտվելով նրա կերպարին, կցանկանայի իրեն երևակայող մյուս երիտասարդ ռադիոհաղորդավարին, որ համատեղության կարգով Մշակույթի նախարարի օգնականն է, խորհուրդ տալ, օրինակ, «տենց, տիպը, օք, անասուն ա» բառերով խոսել Արմեն Ամիրյանի ներկայությամբ: Եվ քանի որ երբեք չեմ լսել այն ռադիոհաղորդումը, որով իրենց փորձում են հայտնի դարձել սույն երիտասարդները, վստահ չեմ, որ նույն կերպ մշակույթի նախարարի օգնական-ռադիոհաղորդավարը չի խոսում ուղիղ եթերում: Հուսով եմ, որ ձեր ռադիոն կրկին չի հոսանքազրկվի, որ այլևս երբեք չդառնաք «փողոցային» հաղորդավարներ ու փայլեք համանուն լեքսիկոնով: Ի դեպ, դեռ շատ հաց ու պանիր պիտի ուտի նախարարի օգնական-ռադիոհաղորդավարն ու իր գործընկերուհին, որ դատողություններ անեն, թե ի՞նչ է կարելի անել եթերում ու ի՞նչ չի կարելի...Իսկ քանի որ գրառումներում էլ չի կարելի ամեն ինչ ասել, սահմանափակվեմ սրանով ու նաև հույսով, որ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը «կքաշի ականջները» իր օգնականի, եթե չի ուզում որ վերջինիս միջոցով իր մասին կարծիք ձևավորեն մարդիկ»:
Հեղինակ` Ա. Գրիգորյան
Կարդացեք նաև`
Դիտեք նաև՝