▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարույր Սևակի մահն առ այսօր կասկածելի է. այսօր հանճարի մահվան օրն է

Լուսաբացին փշրված կանթեղ Ղողանջող հսկա մի զանգ` Անլռելի զանգակատուն` կերտված 7000 տող-նշագրով: Անսպառ հեղեղ` մտքի, գաղտնագիր` անվերծանելի, երկունք` ոգեծին, ջրհորդան` գաղափարի, անաչառ դատավոր` ճակատագրի, մեծ փիլիսոփա` կյանքի: Այր մի` Պարույր Սևակ: Դարը հանճարներին չի հանդուրժում կենդանության օրոք, չասելու համար` անգամ ատում է նրանց: Պիտի զոհաբերի, որ փառաբանի, պիտի կորցնի, որ արժեվորի: Իսկ Մեծերը, որպես մահապարտ-առաջամարտիկ ժամանակի, միշտ էլ կանգնած են առաջնագծում: Հունիսն էր: 17: 1971 թվական: Հորիզոնի ողորկ ճանապարհին արևածագը մեկեն խավարեց. Պառնասի լանջին նոր-նոր փարված` լուսաբացին փշրվեց Հայոց ոգու կանթեղը…:

Հսկա մի աստղ համրաքայլ տիեզերք բարձրացավ` փառահեղ արժանումի ծանոթ ճամփաներով… Չանախչիից մինչև Մարս կորստի ցավից խելացնոր հանուրը Որդեկորույս, սեփական մաշկի վրա զգալով կորստի մրմուռը` կսկիծը թափորի, հայացքը Բարձրյալին, պահանջում էր գեթ պատասխանն «Ինչո՞ւ»-ի: Ինչո՞ւ Պարույր Սևակը: Մի՞թե նրա եղերական մահով պիտի ամրագրվեր ու վավերագրվեր քրիստոնեկան հավատքի մեծ խորհուրդը` Աստված ընտրյալներին է նախապատվություն տալիս: Ինչո՞ւ Պարույր Սևակը…. քանզի մարտափող էր, ղողանջ` արթնության, ի զեն` պայքարի: Մարտիկ` ոչ միայն գաղափարի, այլև` ոգու: Զորավար էր, առաջնորդող ոգի` համազգային զարթոնքի ղողանջ, արծվաթռիչք էր շանթաշառաչ. 1960-ականներից Հայոց պահանջատիրության բռունցքը սեղմվում էր տարեցտարի, և պիտի պոռթկար ցասման հուժկու ու անմեհի մի ալիք: Այն կանխել էր պետք, պատնեշել: Եվ արեցին. ի կատար ածվեց դարի մեծագույն հանցանքը, ոճիրը` ոճրաց: Պարույր Սևակի ֆիզիկական մահվան ծրագիրն ի գործ ածվեց. 1971թ. հունիսի 17-ին հայ ժողովրդի ՄԵԾ մտքի ֆիզիկական բացակայությունը ոգուն «պատվեց» հավերժ անմահության, հար զարթոնքի պատգամի. «Մենք ծնվել ենք, աշխարհ եկել Ո´չ թե թվալ-երևալու խաբեությամբ, Այլ լինելո՜ւ, Ա´յն, լինելու, ինչ կանք իրոք…»: «Մի´ վախեցեք Կեղծի մասին ճիշտ գրելուց, Նա դրանից կքչանա».

Ավտովթարի վարկածը հրապարակ նետվեց, ինչը գիտակից հայ մտքի համար համոզիչ չէր, առավել ևս` սփոփիչ. անառարկելիորեն Պարույր Սևակին սպանել էին: Վթարը նախապես մշակված սցենար է եղել «պատահարի»: Թե աչքը տեսած չլինի, կփորձես խաբել, գուցե հաջողվես կեղծելու վարպետության մեջ, բայց սրտին չես խաբի: Թեկուզ դարեր էլ անցնեն, լեզուն մի օր վկայություն պիտի տա. Ճշմարտությունը ջրի երես է ելնելու…: Սովետհայաստանի պնակալեզ կուսակցական-մեղսակից-մարդասպանները սարսափելի սուտը ստով ամրագրեցին` «հետաքննության արդյունքում պարզեցին» վրաթի «իրական պատճառը»` Պարույր Սևակը մեքենա վարել չի իմացել: Ժամանակի ընթացքում «վերացվել է» նաև ավտովթարի առիթով կազմված քրեական գործը, պատմություն է հորինվել, թե Պարույր Սևակի գործը չկա ՊԱԿ-ի արխիվներում, իբրև թե Մոսկվայի (այսինքն` ԽՍՀՄ ՊԱԿ-ի) հրամանով այդ «գործն» այրվել է: Սուտ է, մեծ կեղծիք: Ժողովուրդը ո´չ միամիտ է և ո´չ էլ հիմար. հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում որևէ ապացուցողական փաստաթուղթ` պատվիրված սպանության սցենար-գործից, պատռված մի թղթի կտոր անգամ չէին թողնի Հայաստանում, ուր մնաց` անուշադրության մատնեին ի վերուստ կեղծ քրեական գործի թեկուզ աղոտ, բայց առկա փաստերը: Շտապ կարգով «գործը» կվերցվեր Մոսկվայի համապատասխան մարմինների անմիջական հսկողության տակ, քանզի նրանք քաջ գիտեին իրենց «Զոհի» համազգային ու համամարդկային արժեքը, և իրենք ավելորդ անհանգստության պետք չունեին:

Ցավոք, բազմաթիվ վկայություններ` վկաների հետ, հանդերձյալ աշխարհի ճամփան բռնեցին, այդպես էլ մեռնելը գերադասեցին խոսելուց անգամ տասնամյանկեր անց. «Ինչո՞ւ թաքցնեմ, Ես ճանաչում եմ ու գիտեմ մարդուն: Ի՜նչ ասես չկա նրա փակ սրտում: Գիտի կործան´լ, Բայց և… գործ անել, …» Երբեմն կյանքն արձանագրում է սահմռկեցուցիչ իրականություն, երբ ծննդկանը երկունքից հետո խելագարվում է, կորցնում է հոգեկան հավասարակշռությունը և փորձում սպանել զավակին. այդպես վարվեցինք Պարույր Սևակի հետ, ծնեցինք, ապա` սպանեցինք: Մի՞թե սպանություն չէ սպանության հանդուրժումը, չկանխագելելը…:

Ֆիզիկական ցավից մահն այնքան սարսափելի չէ, որքան հոգու ցավից. «Ապրելն է դժվար, մեռնելը` կատակ: - Մեկ չէ ուր սատկել, որ երկնքի տակ»: Աստվածատուր Հանճարի իր փառքի համար Պարույր Սևակը կյանքով հատուցեց. ավա՜ղ, չգտավ հատուցման այլ ճամփա. «Ես խույս եմ տալիս, Բայց չեմ սարսափում և խոտորվելուց- Ճամփա կգտնեմ…» Ու ընդունելով կանխակալ վճիռը կյանքի` Պարույր Սևակը պիտի փութթար ու դեռ տարիներ առաջ անարդար դարի արդարադատության վճիռն անձամբ կայացնել. «Սպանությանը վաղեմության ժամկետ չի կպչում»:

Անկասելի էր երեքի խորհուրդը. կին` մեծ ՍԵՐ, տաղանդ` չարակամություն, հանճար` անհանդուրժելի… Ընդունել էր Սիրո բերմուդյան եռանկյունում (Սուլամիթա-Նելլի-Մայա) հայտնված անձուկ տառապանքի մահավճիռը. «Ասել քեզ չե՞մ սիրում... Ինչո՞ւ համար սակայն, Խենթանում եմ անգամ ես այն մտքից, Թե կարող ես ինձնից դու հեռանալ հանկարծ, Թե կարող ես սիրել ուրիշ մեկին…»: Կյանքի ստեղծագործական բումին Պարույր Սևակը գրիչը վայր է դրել. «Երեկ ամբողջ օրը անձրև էր գալիս, դուրս չեմ եկել և հինգ հարյուր տող բանաստեղծություն եմ գրել…»: Նա, ով մի երեկոյի ընթացքում 500 տող էր գրում, լռել էր. կյանքի վերջին հինգ տարիների ընթացքում լռել է Մուսան. նա բանաստեղծություն չի գրել. Պառնասի ճամփից հեռացել էր անվերադարձ: Բանաստեղծին կենդանության օրոք հոգեցունց կտտանքների ու տառապանքի մատնեցին, իսկ մահից մեկ ամիս չանցած իրենց իսկ արգելած «Եղիցի լույսը» հանեցին ազատ վաճառքի, որը մինչ այդ ձեռքի վրա 50 ռուբլով էր վաճառվում: Ո՞րն էր տրամաբանությունը: Ո՞ւմ համար էր այդ եղիցի լույսը. «Հիասթափվե՞լը…Ի՜նչ ասեմ, ինչպե՞ս»: «Մտածողության եղանակն իմն է, իսկ մակարդակը` դարինը». Սևակը գիտեր, որ ինքը` Դարի ծնունդն էր, իսկ իր հանճարի երախայրիքը միայն իրենը չէր, ինքը իրենը չէր այլևս: Նրա ծնունդը մի չկնքված և անստորագիր պայմանագիր էր Հանճարի փառքի հետ մայր բնության կողմից վավերացված: Ուստի, չէր կարող, իր իսկ ձեռքով, իր հավերժ բացակայությունն արտոնել: Եթե դա նույնիսկ այդպես է, որին չեմ հավատում, ապա մարդկային հիշողությունն անհնար է այրել: Հայ և օտարազգի մտերիմների, գրչակիցների, ընկերների, ծանոթ ու անծանոթների հուշերն ու գրառումները` արված պատահարից մեկ օր, մեկ տարի, մեկ ու մի քանի տասնամյակ անց երկար խորհելու, ցավով խորհելու տեղի են տալիս: Ինչո՞ւ օտարներն անմիջապես արձագանքեցին` «Սևակին սպանել են», իսկ հայրենակիցները` մեկ-երկու բացառությամբ, ավա՜ղ ոչ ավելի, չթաքցրեցին վախը` անկեղծության նժարին դրեցին իրենց ընտանիք ու երեխաներ ունենալու փաստը, իսկ հիշատակի խոսքերը քծնանք էին ժլատ, ժամանկավրեպ ու անարժեք. «Թո´ւհ, ինչքա՜ն բան կա կյանքում ատելի, ես չգիտեի...»: Հայ Մեծ Մտքի գրչի ստվերի տակ ծվարած գրչակիցների ճամփան այլևս բաց էր. <Մարդու նկատմամբ մա´րդ եղեք, մարդիկ…»: ...Դարձել էր ներամփոփ, հուսահատ հոգեբանորեն օտարված: Այդպես էլ նա երևաց Հայաստանի գրողների միության 6-րդ համագումարի նախագահությունում` սև հագած, լուռ, անջատված, տխուր` ինքն ու իր ծխախոտը, որ կարծես խորհրդանշում էր ՄԵԾ ՀՐԱԺԱՐՈՒՄԻ փիլիսոփայական հոգեվիճակը: Հունիսի սկզբի օրերին` երևաց գրականության ինստիտուտում: Շտապ էր ու խուսափող: Միջանցքում ներկաներին հապճեպ մի քանի խոսք ասաց ու արագ իջավ աստիճաններից, որպես մասունք թողնելով հեռացող կարոտի ձայնը. «Իմ արժեքը դուք հետո կզգաք, իսկ հիմա Պարույր Սևակ այլևս չկա, կա միայն ծաղկավաճառ, որին եթե ուզում եք, կարող եք տեսնել այնտեղ, Չանախչիում»: «Ծանր էր Պարույրի հոգեվիճակը: Խախտվել էր նրա հավասարակշռությունը: Հիշում եմ 1970 թվականի ամռանը ես նրան մի կերպ դուրս բերեցի Կենտկոմից. Նրա շապիկը պատռված էր, նա արտասվում էր, հայհոյում: Պարույրը և հայհոյանք, խոսքը փողոցային հիշոցների մասին չէ, հայհոյում էր ինչ-որ սրիկաների, հոգեքննիչների, լույսի թշնամիների…»,- ցավով պիտի հիշեր Մկրտիչ Սարգսյանը: «Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր Սիրում է կյանքում նա իր... աթոռը: Աթոռն է սիրում Ու նրան տիրում. Ցանկացած գնով ելնում է նա վեր, Փորձում է թռչել նա առանց թևեր, Անվերջ սողալով առաջ է գնում, Գնում է այսպես և... տարեցարի Ելնում է այսպես... շալակն աշխարհի: Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում, Մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի...»: Զատվեց ու զանազանվեց Նա ամենքից`աշխարհի ծանր բեռն անխոնջ իր ուրեսերին կրելով` աշխարհը շալակած տանելով….

«10 օրվա գործը ձգձգվում-քաշքշվում է 3-4 ամիս, և դա արվում է այնպիսի մախինացիաներով, կնիկավարի, որդա-ոջլաբար, որ…էլ ջիղ չմնաց: Տղա մենք ազգ չենք, մենք թյուրիմացություն ենք: Մեր արյունը վաղուց է մածուն դարձել, այն էլ խանութի (անյուղ-անսեր) մածուն... Մի խոսքով բանը հասցրին ЦК, որտեղ կարող էի վերջին հաշվով ինքս գնալ, (կյանքումս թեև առաջին անգամ), և ոչ թե այնպես մի մորթապաշտ, կաշվի համար կնիկն ու հայրենիքը մեկ վայրկյանում ծախելու պատրաստ тварь, որպիսին… Մկրտիչ Ներսիսյան կոչվածը, մի սուտ ակադեմիկոս, մի 2-մետրանոց վախկոտություն, մի... բունիաթովի երկվորյակ…»,- դառնացած գրեց Պարույր Սևակը մտերիմ ընկերոջը. «Ճշտի համար աքսոր չկար, ստի համար ինչո՞ւ լռել»: «Ես օգնեցի բոլորին, ես ինձ միայն չօգնեցի, Կորով տվի ամենքին, միայն ինքս հոգնեցի, Խորհուրդներով իմ խելոք խելք հավաքած գնացին, Քանի՜-քանի՜սը կյանքում - ե´ս էլի գիժ մնացի». «Նրա աչքերում որոշ դատապարտվածություն կար: Իսկ ինչո՞ւ էր այդ դատապարտվածությունը նկատվում: Պարզ է, որովհետև Պարույրի պես մարդիկ առանց մաշկի մարդիկ են: Նրանք սպանե՜լ են Պարույրին…: Վերջին հաշվով իհարկե նրան սպանեցին…»,- տասը տարի անց պիտի գրեր Եվգենի Եվտուշենկոն: «Գիտե՛մ՝ Ես էլ եմ գնալու շուտով, Ուր որ է, այո, գնալու եմ ես, Բայց չե՜մ կորչելու». «Իհարկե սպանել են: Ավտովթարի ենթարկված ձեր տաղանդավոր նկարիչ Մինասը մտադրվել էր պարզել Սևակի մահվան հանգամանքները, սակայն ինքն էլ արժանացավ նույն ճակատագրին»,- ասաց Սևակի թարգմանիչ Յունա Մորիցը: «Այս ահեղ դարը ինքը ինձ ծնեց Եվ... քանի՜ անգամ կործանել ջանաց».

«…Այսօր հանուրի գիտակցությունը հասնում է, որ չի կարելի բանաստեղծի, նրա արժեքի ու մեծության մասին դատել փայտահատի իմացածի պես, Բանաստեղծի ասած` ծառի բունը կտրելուց հետո միայն: …Կտրեցին´ք, վա´ր գցեցինք, կործանեցի´նք և ահա կանգնած են այդ վիթխարի ծառի շուրջ և խմբովին հոգոց ենք հանում, համա թե՜ մեծ էր իսկապես>,- պիտի հեգներ Պյոտր Վեգինը: Իսկ դաղստանցի բանաստեղծ Ջուսոյտին այդ արտառոց մահվան համար մեղադրեց ողջ հայ ժողովրդին: «Հարկավոր է կրել իր մեջ ժամանակը,- սակայն կրել նրա կշիռը, պահել սրա արժեքը և ոչ թե գինը, ունենալ սրա հարստությունը և ոչ թե ապրանքը… Չլինել ժամանակից դուրս, բայց լինել ժամանակից վեր». «Քսաներորդ դարի բոլոր պոետները, ճշմարիտ պոետները մեռել են անհավատալի դաժան մահով: Եթե, Պարույր Սևակն ապրեր հիմա, նա կմնար նույն վիթխարի դեմքը…: Վաթսունականների երկրորդ կեսը, որ այսօր լճացման շրջան են անվանում, նրա դարաշրջանը չէր, այլ նրա ոչնչացումը ծրագրավորելու դարաշրջանը… Գլխավոր քարտուղարների ժամանակաշրջանում <Աստծու քարտուղարը» անելիք չուներ»,- պիտի բարձրաձայներ Վլադիմիր Միկուշևիչը. «Թողություն տուր, Տե´ր, ծանըր Խավարին, Միայն թե թող Նա թողնի հեռանա...»: Եվ եկավ Պարույր Սևակը` «եկավ ապացուցելու, թե մի տեղ վերջը դառնում է սկիզբ...»:

Ջեմմա Բաղդադյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին