▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2021-ի մայիսին Վարդենիսի հատվածում թշնամին ՀՀ սուվերեն տարածքից օկուպացրել է առնվազն 3200 հեկտար

Արցախի Հանրապետությունը, որի անվտանգության երաշխավորը թղթի վրա եւ իրական կյանքում Հայաստանն էր, վերջինիս ղեկին էլ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը, 2020 թ. 44-օրյա պատերազմում կորցրեց Հադրութի շրջանն ամբողջությամբ, Շուշիի, Ասկերանի, Մարտունու եւ Մարտակերտի շրջանները՝ մասամբ, այդ թվում՝ Շուշի եւ Հադրութ քաղաքները, նոյեմբերի 9-ի փաստաթղթով էլ Փաշինյանը Ադրբեջանին հանձնեց նախկին ԼՂԻՄ-ին հարակից շրջանները (Աղդամ, Քելբաջար, Լաչին, որորնցից բացի՝ պատերազմում թշնամին գրավել էր Ֆիզուլին եւ Ջաբրայիլը, ինչպես նաեւ Զանգելանի ու Ղուբաթլուի մեծ մասը, իսկ մնացած փոքր մասից հայկական ուժերը հետ քաշվեցին 2020-ի դեկտեմբերին՝ համաձայն բանավոր պայմանավորվածության), որոնք ազատագրվել էին 1990-ականներին ու դարձել Արցախի Հանրապետության բաղկացուցիչ, գրում է Hetq.am-ը:

2021-ի մայիսի 12-ին, օգտվելով 44-օրյա պատերազմում պարտություն կրած կառավարության ղեկին գտնվող Փաշինյանի իշխանության թողտվությունից, ադրբեջանական զինված խմբավորումներն առանց կրակոցի գրավեցին ՀՀ սուվերեն տարածքում՝ Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում գտնվող մի շարք ռազմավարական բարձունքներ՝ զենքի սպառնալիքով, ֆիզիկական ուժով եւ հայհոյանքներով իրենց վատ կահավորված մարտական հենակետերից քշելով-հեռացնելով հայ դիրքապահներին:
Միայն Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում, իսկ ավելի կոնկրետ՝ Նորաբակ-Քարվաճառ ճանապարհից մինչեւ Մեծ ու Փոքր Ալ լճեր ընկած սահմանային հատվածում, 2021 թ. մայիսին թշնամին օկուպացրել է ՀՀ սուվերեն տարածքի առնվազն 32 քառ. կմ տարածք, կամ որ նույնն է՝ 3200 հեկտար տարածություն։

3200 հեկտարը հավասար է 4482 հատ ֆուտբոլային խաղադաշտի, ինչպիսիք ունեն Երեւանի «Հրազդան» եւ «Հանրապետական» ստադիոնները։

ՀՀ-Ադրբեջան սահմանը Սոթքի ոսկու հանքավայրից մինչեւ Մեծ ու Փոքր Ալ լճեր անցնում է Արեւելյան Սեւանի լեռնաշղթայով: Դրա ամենաբարձր գագաթներից մեկը Ծարասարն է, որի բարձրությունը 3426 մ է: Այս լեռը, որը հայ-ադրբեջանական սահմանի բաժանարար կետ է, 2021-ի մայիսից հայտնվել է թշնամու թիկունքում 3,8 կմ խորությամբ: Այլ կերպ ասած՝ ադրբեջանցիները Ծարասարի հատվածում ուղիղ գծով առաջ են եկել մինչեւ 3,8 կմ: Լեռնագագաթից դիտարկվում է ամբողջ Վարդենիսի տարածաշրջանը, այդ թվում՝ Սեւանա լիճը, որի ափից մինչեւ Ծարասար 29 կմ է, իսկ ահա Վարդենիս քաղաքի կենտրոնից հեռավորությունը 22 կմ է: Սա միանգամայն խոցելի տարածություն է փողային հրետանու համար, էլ չենք խոսում համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի մասին:

Վարչապետ Փաշինյանը թշնամու օկուպացիայից անմիջապես հետո՝ մայիսի 27-ին՝ ԱԺ արտահերթ ընտրությունների նախաշեմին, շրջանառության մեջ դրեց Սոթք (Գեղարքունիք)-Խոզնավար (Սյունիք) հատվածում զորքերի հայելային հետքաշման իր հայտնի թեզը: Արձագանքելով Ադրբեջանի սին պնդմանը, թե իբր սահմանային ճշգրտման համար են զորքերն առաջ եկել՝ Փաշինյանն առաջարկեց սահմանի դիտարկումը հանձնել երրորդ կողմի․ «Դիտորդներ են գալիս միջազգային՝ կա՛մ Ռուսաստանի, կա՛մ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից, գալիս են կանգնում են, որպեսզի հավաստիանան, որ զորքերը երկուստեք… եթե սենց ա, պատկերացրեք՝ կա՛մ իրանց, կա՛մ մեզ էդ սարի ծերին, որտեղ տարվա կեսը ձյուն ա, ինչների՞ս ա պետք զինվոր, եթե էդ ա (նկատի ունի Ադրբեջանի պնդումը – հեղ.)»:

Նյութն ամբողջությամբ`սկզբնաղբյուրում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее