▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը պղծած կինը ազատ է արձակվել

Թարմացված․ ՀՀ ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևանի Պուշկինի փողոցի շենքերից մեկին պատկերված 44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները և հարակից գրառումները ներկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալված 62-ամյա կնոջ նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով։
Վերջինս ընդունել է մեղադրանքը, հայտարարել, որ զղջում է կատարվածի համար։
Վարույթն իրականացնող մարմնի կողմից նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, և անձն ազատ է արձակվել արգելանքից։
Նախաքննությունը շարունակվում է»։

44-օրյա պատերազմում զոհված զինվորների հիշատակը պղծած կինը ազատ է արձակվել:

ԱրմԼուր-ն է գրում ու նշում․ «ՀՀ քննչական կոմիտեից մեզ պաշտոնապես հայտնեցին, որ կնոջ նկատմամբ խուլիգանության հատկանիշներով քրեական հետապնդում է հարուցվել, խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Հիշեցնենք, որ մեզ հայտնի էր դարձել, թե  Պուշկինի 43 հասցեում զինվորների նկարները պղծող կինը ինչ է պատմել իրավապահներին, ինչու է գնացել այդ քայլին․ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նա իրավապահներին խոստովանել է, որ անձամբ ինքն է գնացել այդ քայլին:

Նա պատմել է, որ ամեն օր անցնում է Պուշկինի 43 հասցեի տարածքում ու մշտապես տեսնում այդ նկարները։ Իրեն զայրացրել է, որ խոսում են մաքուր Երևանի մասին, ու որոշել է 44-օրյա պատերազմի զինվորների նկարների կողքի գրառումները մաքրել ու այդ պահին նաեւ նրանց նկարներն է մաքրել:

Կատարվածից շոկի մեջ են նաեւ տարածքում ապրող քաղաքացիները։ Իսկ նրա դուստրը վստահեցնում է, որ այն, ինչ ներկայացվում է, իրականությանը չի համապատասխանում։

Հիշենենք նաև, որ ոստիկանությունից հայտնել էին.

«ԶԼՄ-ներում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մի կին ներկում Երևանի Պուշկինի փողոցի շենքերից մեկին պատկերված 44-օրյա պատերազմում զոհվածների դիմանկարները:

Փաստի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ` խուլիգանության հատկանիշներով:
Հանցագործությունը բացահայտելու գործում Կենտրոնականի քրեական հետախույզներին օգնության եկան ոստիկանության Երևան քաղաքի վարչության գործընկերները: Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հաջողվեց հայտնաբերել և խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել մայրաքաղաքի բնակիչ 62-ամյա կնոջը: Ոստիկանները կարողացան փաստական տվյալներ ձեռք բերել նաև կնոջ արարքին նախորդող և հաջորդող գործողությունների վերաբերյալ:

Մասնավորապես, առգրավվել և մշակվել են հսկող սարքերի նկարահանումներ, որոնցում երևում է, թե կինն ինչպես է երկու երիտասարդի խնդրում բացել ներկող նյութի տարան, ինչպես է մոտենում շենքին, ներկով ծածկում նկարը և հեռանում:

Կինը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:

Հանգամանքները պարզվում են»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее