Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հերթական գույժ և հարցեր: Մարտի 7-ին՝ ժամը 12։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները նշանառու կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում գտնվող հայկական մարտական դիրքերի ուղղությամբ: Հրազենային վիրավորում են ստացել ՀՀ ԶՈՒ երկու զինծառայողներ, որոնցից մեկը՝ ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Ահա հետևանքային չոր արձանագրումը, ակնհայտ է, որ Ադրբեջանն աչալուրջ հետևում է ռուս-ուկրաինական պատերազմին և պատրաստվում:
Հարցեր՝ խաղաղության ցնորական օրակարգից բացի՝ ՀՀ կառավարությունը և բարձրագույն փոփոխվող հրամկազմն ունի՞ մշակած գործողությունների գոնե 2 հստակ սցենար իրավիճակի տարբեր զարգացումների համար, գործո՞ւմ է իր հնարավորությունների գոնե 30 տոկոսի չափով ՀՀ հետախուզությունը, ի՞նչ վիճակում է ՀՀ հակաօդային պաշտպանությունը: Թե չէ Արարատ Միրզոյանը Թուրքիա կմեկնի, Ռուբեն Ռուբինյանի հետ կամ առանց, ՀՀ ՊՆ-ն կհերքի ազերիական պնդումները, թե ինքը խախտել է հրադադարը, պարզ է՝ չի խախտել, Ադրբեջանը, բնականաբար, ավելի արագ կտարփողի հակառակը, բայց այդ ամենի ՕԳԳ-ն մերձ է զրոյի, իրական աշխատանք, հաշվարկ, վերլուծություն կա՞, թե՞ մամլո խոսնակների հաղորդագրություններով ենք առայժմ սահմանափակված.....»:


