Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, որ Ադրբեջանի համար որևէ երկիր ռազմական սպառնալիք չի ստեղծում:
Զաքիր Հասանովի այս հայտարարությունը բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծում. եթե Ադրբեջանը պաշտոնապես հայտարարում է, որ ոչ մի երկիր ռազմական սպառնալիք չի ստեղծում իր երկրի համար, ապա խոստովանում է, որ Հայաստանն ու Արցախը պատասխանատվություն չեն կրում տարածաշրջանի ռազմականացման, անկայունության, ինչպես նաև` ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման համար:
Հասանովն այս «ինքնավստահ» հայտարարություններով իր վրա է վերցնում տարածաշրջանում առկա վտանգավոր երևույթների պատասխանատվությունն ու նախապես ամրագրում, որ էսկալացիոն զարգացումների միակ պատասխանատուն պաշտոնական Բաքուն է:
Տարբեր ժամանակներում առիթ եղել է նշելու, որ միջազգային հանրության գնահատականները տարածաշրջանում ստեղծված իրավիճակի հարցում ընդհանուր, անհասցե բնույթ են կրում: Սակայն այս հայտարարությամբ, Ադրբեջանը լուծեց հասցեականության խնդիրը` քննադատությունների սլաքն ավտոմատ ուղղելով իր ուղղությամբ:
Իր հայտարարություններով ադրբեջանցի բարձրաստիճան չինովնիկը մեծ ծառայություններ մատուցեց ոչ միայն Հայաստանին ու Արցախին, այլև միջազգային հանրությանը, ով որպես կանոն, «հավասարակշռություն պահպանելու սկզբունքից» ելնելով զերծ էր մնում կոնկրետ գնահատականներից:
Հայաստանի խնդիրը` ցույց տալու տարածաշրջանում լարվածության, սպառնալիքի օջախը, կարելի է լուծված համարել, ընդ որում` Հայաստանի փոխարեն դա արեց Ադրբեջանը` բավականին հիմնավոր:
Երկրորդ, Հասանովը կանաչ լույս վառեց միջազգային հանրության համար` տարածաշրջանի վերաբերյալ գնահատականներ հնչեցնելիս` լինել առավել անկաշկանդ ու հասցեական, քանզի Ադրբեջանը ագրեսոր լինելն իր համար ինքնահաստատման ու ինքնադրսևորման հնարավորություն է դիտում:
Վերջին շրջանում Ադրբեջանում կրկին ակտիվացվել է ագրեսիվ հռետորաբանությունը. ադրբեջանցի տարբեր պաշտոնյաներ, մեկը մյուսին հերթ չտալով խոսում են ադրբեջանական բանակի «գերբնական ուժի» ու «ցանկացած խնդիր լուծելու» ունակության մասին: Այն, որ ադրբեջանական բանակն աշխարհի լավագույն բանակների շարքին չի դասվում, ինչպես Բաքվում են պնդում, փաստ է, սակայն, որ այն անընդհատ սպառազինվում է ու իրական սպառնալիք ստեղծում տարածաշրջանի համար: Այնպես որ, պետք չէ Ադրբեջանից հնչող բոլոր հայտարարությունները որպես իրականություն ընդունել, սակայն առավել վտանգավոր է` այնտեղից եկող վտանգներն անտեսել: