Ադրբեջանի պաշտպանության նորանշանակ նախարար Զաքիր Հասանովը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի հրամանատարի հայտարարությունն այն մասին, թե «եթե Ադրբեջանը վերսկսի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, ապա ռուսական 102-րդ ռազմաբազան, ՀԱՊԿ շրջանակներում ՌԴ ստանձնած պարտավորությունների համաձայն, կներգրավվի ռազմական գործողություններում», պաշտոնական պարզաբանման կարիք է զգում:
Ադրբեջանում չեն կարողանում կամ պարզապես չեն ցանկանում համակերպվել այն իրականության հետ, որն արդյունք է Հայաստանի ու Ռուսաստանի միջև ձևավորված ռազմավարական-դաշնակցային հարաբերությունների ու ՀԱՊԿ-ի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների:
Պարզամտություն է կարծել, որ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի հրամանատարը, այն էլ ՌԴ ՊՆ պաշտոնաթերթ համարվող «Կռասնայա զվեզդա» պարբերականին կարող էր սեփական նախաձեռնությամբ հարցազրույց տալ ու խոսել այնպիսի նուրբ խնդրի մասին, ինչպիսին Արցախի հիմնահարցն է ու հավանական պատերազմի դեպքում` ռուսական ռազմաբազայի ներգրավման խնդիրը:
Պարտադիր չէ, որ նմանատիպ հայտարարությունները հնչեցնեն երկրի բարձրագույն իշխանությունը ներկայացնող անձինք: Կան որոշակի մեսիջներ, որոնք ներկայացվում են նաև ոչ պաշտոնական «խոսափող» համարվող դեմքերի ու պարբերականների միջոցով:
Իհարկե, չի բացառվում, որ ինչ-որ փուլում, նմանատիպ հայտարարությամբ կարող է հանդես գալ ՌԴ ԱԳ նախարարը կամ նախագահը, սակայն կոնկրետ անձի դեմքով նման հայտարարություն հնչեցնելը ավելի շատ պայմանավորված է իրավիճակի ռիսկայնության մակարդակով:
Եթե Ադրբեջանը փորձի իր սպառնալիքները կոնկրետ քայլերով ապացուցել, ապա անկասկած, ՌԴ-ի կողմից, ՀԱՊԿ-ի ու ՀՀ-ՌԴ համապատասխան պայմանագրերի մասին հայտարարություն կհնչեցնի այնպիսի պաշտոնյա, որի պարզաբանումների մասին այդքան շատ խոսում են ադրբեջանցի պաշտոնյաները:
Ի դեպ, նույն օրերին, ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անատոլի Վիբորնին հայտարարեց, որ «ՀԱՊԿ-ն կարող է հստակ մեխանիզմներ մշակել, որպեսզի Ռուսաստանն այլևս Ադրբեջանին զենքի չվաճառի», ինչն անխոս 102 ռազմաբազայի հրամանատարի հայտարարության տրամաբանության շրջանակներում էր:
Հայաստանը Ռուսաստանի ու ՀԱՊԿ անդամ երկրների հետ խորը համագործակցություն է ծավալել հատկապես ռազմա-քաղաքական հարաբերությունների զարգացման հարթությունում, սակայն պետք է ընդգծել, որ մեզ համար, մեր երկրի անվտանգության ապահովման թիվ մեկ երաշխավորը հայկական բանակն է, որը, անկախ տարածաշրջանային զարգացումներից ու տարբեր ուժային կենտրոնների շահերից, ցանկացած իրավիճակում իրականացնելու է իր առջև դրված մարտական խնդիրը:
Քաղաքական վերլուծաբան Տիգրան Աբրահամյան