Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի ելույթն ավագանու նիստում․
Հարգելի՛ երևանցիներ,
Քաղաքային ոչ լեգիտիմ իշխանությունը որոշել է հունվարի 1–ից թանկացնել քաղաքային ուղևեվարձի գինը մինչև 300 դրամ։ Որքան էլ փորձեն տարբեր ձևակերպումների, խուճուճ փաթեթների միջոցով քողածածկել իրենց որոշման բուն էությունը, մենք պնդում ենք, որ գալիք տարվանից լինելու է տհաճ անակնկալ մայրաքաղաքի բնակիչների ու Երևանի հյուրերի, այդ թվում՝ մարզերի բնակիչների համար։
Փաստերի ճնշման տակ իշխանություններն ընդունում են, որ կա ստվերային շրջանառություն քաղաքային տրանսպորտի ոլորտում: Տարբեր հաշվարկներով՝ այդ ստվերն օրական կազմում է 80 հազար դոլար կամ տարեկան մոտ 30 միլիոն դոլար:
«Քաղաքացիական պայմանագիրը» 6 տարի Երևանում իշխանություն է և ստվերի վերացման հարցում կրավորական կեցվածք է ընդունել, ինչը ողջամիտ կասկածներ է առաջացնում, որ անձնական շահագրգռվածություն ունի այդ հարցում: Լավագույն դեպքում՝ չեն կարողանում ստվերի դեմն առնել, իսկ իրականում՝ ցանկության բացակայություն կա: Նախ թող ստվերը վերացնեն, տրանսպորտային համակարգի բարեփոխում անեն, հետո նոր կարելի է հասկանալ, թե ինչքան է տրամադրվելու բյուջեից որպես դոտացիա, որպեսզի գինը չթանկանա:
Մեկ բան հստակ է, որ քաղաքային տրանսպորտի գինը սոցիալական խնդիր է և չի կարելի բիզնես տրամաբանությամբ մոտենալ հարցին: Հատկապես, որ օրական 550 հազար ուղևորի կանխավարկածը և ներկայում տրամադրվող դոտացիայի չափը մեզ թույլ է տալիս եզրակացնելու, որ միավոր ուղևորափոխադրման ինքնարժեքը 60-65 դրամ է, ինչը հնարավորություն է տալիս գինը պահել 100 դրամի սահմաններում և ժամանակի ընթացքում թարմացնել ավտոբուսների պարկը:
Ի դեպ, կոռուպցիայի և հովանավորչության դրսևորում է ավտոբուսային համակարգում անկանխիկ վճարային մեխանիզմենրի ներդրման հարցում «Թել սելին» արհեստական մենաշնորհ տրամադրելը: Այդ կազմակերպությունը չի բավարարել մրցույթային պայմանները, բայց հաղթել է մրցույթը: Հիմա էլ չի բավարարում պայմանագրով նշված պահանջները, բայց ոչ մի դիտողության չի արժանանում ու դեռ մի բան էլ պաշտպանվում է քաղաքային իշխանության կողմից: Անխուսափելի իշխանափոխությունից հետո ՔՊԿ-ական հովանավորներն անպայման դատական կարգով անցնելու են այս գործով:
«Մայր Հայաստանը» դե՛մ է թանկացումներին և շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի անունից հանդես է եկել քաղաքացիական նախաձեռնությամբ։ Մենք իրականացնում ենք ստորագրահավաք, որպեսզի այս անգամ արդեն հազարավոր քաղաքացիների անունից ներկայացնենք մեր խմբակցության այն նախագիծը, համաձայն որի՝ քաղաքային տրանսպորտի առավելագույն գինը պետք է լիներ 100 դրամ, իսկ շատ օգտվելու դեպքում՝ 100 դրամից էլ պակաս։ Մեր նախագծով՝ թոշակառուներն ու հաշմանդամություն ունեցող տարբեր խմբերի ներկայացուցիչները տրանսպորտից պետք է օգտվեն անվճար։
Օրենքով նախատեսված է Երևանում գրանցված և ընտրական իրավունք ունեցողների 1 տոկոսի չափով ստորագրություն հավաքել ու այդպիսով նախագիծը մտցնել ավագանու նիստերի օրակարգ։ Մենք արդեն իսկ ունենք անհրաժեշտ ստորագրությունների քանակը, սակայն ստորագրահավաքը շարունակելու ենք, որպեսզի նախ իրազեկենք քաղաքացիներին թանկացումների մասին, և բացի այդ՝ ավելի շատ քաղաքացու մասնակից դարձնենք մեր այս աննախադեպ նախաձեռնությանը։ Մենք աշխատում ենք տնետուն, բակից բակ, փողոցից փողոց տարբերակներով:
Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր արդեն իսկ միացել են ստորագրահավաքին, և կոչ ենք անում մյուսներին, միանալ մեր պայքարին, որպեսզի թույլ չտանք հերթական ոլորտում քաղաքացուց գումար շորթեն։
Մինչ այս պահը տեղի ունեցած ստորագրահավաքը ցույց է տալիս, որ մարդիկ տոտալ մերժում են ինչպես տրանսպորտի գնի թանկացումը, այնպես էլ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժին։
Միասնական ջանքերով մենք պետք է պայքարենք այս իշխանությունների ու նրանց չարաբաստիկ քաղաքականության դեմ։
«Մայր Հայաստանը» կոչ է անում՝
Միացե՛ք, որ փոխենք։