«168 ժամ» շաբաթաթերթը գրում է․ Մի քանի օր առաջ Բաքվի դատարանը ևս մեկ անգամ երկարաձգեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը: Հենց այս տեղեկությունից հետո էլ հիշեցինք մի քանի «փորձագետների» գնահատականները, որոնք «կանխատեսում էին», որ «աշնանը Գալստանյանի շարժումը գլխավորելու է Ռուբեն Վարդանյանը»:
«Ես դեռ հուլիսին եմ ասել, որ Գալստանյանի գլխավորած շարժումը սեպտեմբերին թափ է հավաքելու, առաջնորդը փոխվելու է, կրկին խաղարկվելու է ԼՂ հարցը, որի ամենավառ դեմքերից կարող է լինել Ռուբեն Վարդանյանը: Փաստորեն դա իրականություն է դառնում»,- «Հայկական ժամանակին» ասել էր նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի «քաղաքագետ» դարձած դուստրը:
«Աշնանը ընդդիմության շարքերում գուցե փոխատեղումներ լինեն. կարող են Ռուբեն Վարդանյանին Բաքվից Հայաստան բերել, ինչը Ռուսաստանի համար ժամերի հարց է»,- փաշինյանական քարոզչական civic.am-ում հայտարարել էր Ռոբերտ Ղևոնդյանը՝ ընդ որում նույն բանը կրկնելով թե՛ Փաշինյանի ընտանեկան թերթում՝ «Հայկական ժամանակում», թե՛ 1in.am-ում, թե՛ Հ1-ում:
Հիմա շուտով արդեն նոյեմբերն է, իսկ Ռուբեն Վարդանյանը ոչ միայն շարունակում է պահվել Բաքվի բանտում, այլև կալանքը երկարաձգվում է ևս մի քանի ամսով, իսկ այս իշխանության «քաղաքագետները», բնականաբար, ոչ մի պատասխանատվություն չեն կրում իրենց կեղծ վերլուծությունների, իրենց տարածած կեղծիքների համար:
Դե, իսկ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, հանդիպել էր «հասարակական կարծիք ձևավորող» Ռոման Բաղդասարյանի հետ. այն նույն ադրբեջանամետ քարոզիչ Ռոման Բաղդասարյանի, ով Ադրբեջանին շնորհակալություն է հայտնում Ռուբեն Վարդանյանին գերեվարելու համար ու հույս հայտնում, որ նա այնտեղ «կմահանա»։