ՌԴ Պետդումայի` հասարակական միությունների և կրոնական կազմակերպությունների գործերով կոմիտեի ղեկավար Յարոսլավ Նիլովը (ՌԱԴԿ) ուղերձներ է հղել Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսին և Հայ Առաքելական Եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմերի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոսին, որոնցում խնդրում է նրանց հրապարակայնորեն կոչ անել ուկրաինական իշխանություններին դադարեցնել բռնությունն ու արյունահեղությունը։
Պատգամավորի կարծիքով, այդ կոչը կարող է ներգործություն ունենալ, քանի որ Ուկրաինայում մարդկանց արյուն է թափվում նաև երկրի ներքին գործերի հայազգի նախարար Արսեն Ավակովի որոշումների հետևանքով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Նիլովն իր նամակներում նշում է, որ ամբողջ աշխարհը հիշում է հարյուր տարի առաջ կատարված Հայոց ցեղասպանությունը որպես մարդկության դեմ հանցագործություն, և տառապած հայ ժողովուրդը դեռևս մինչև վերջ չի վերապրել այդ ողբերգության հետևանքները, որի ժամանակ աննկարագրելի դաժանությամբ ոչնչացնում էին մարդկանց։
Նա գրում է, որ մարդկությունն անցյալից դասեր է քաղել, և «այսօր մենք Ուկրաինայում մարդասիրական աղետի վկաներ ենք»։ Նիլովի կարծիքով, այնտեղ կատարվողն արդեն փաստացի կարելի է ցեղասպանություն կոչել։ «Ինչպես հայտնի է, նա (Ավակովը) հայկական արմատներ ունի, և այդ պատճառով ես խնդրում եմ ձեզ` որպես հոգևոր առաջնորդի, ով անհերքելի հեղինակություն ունի հայ հասարակությունում, օգտագործեք ձեր ազդեցությունը հանուն արյունահեղության և բռնության դադարեցման... Հնարավոր է, որ ձեր հրապարակային կոչը կանգնեցնի արյունահեղությունը, դադարեցնի բռնության ալիքը, որը միայն արցունքներ, ցավ, ավերածություն և մահ է բերում»,– ասվում է պատգամավորի ուղերձներում, որոնց կրկնօրինակները տրամադրվել են ՌԻԱ Նովոստիին։
Նիլովը նշում է, որ այսօր բռնությունից տուժում են Ուկրաինայի բոլոր բնակիչները, այդ թվում` հայերը, ընդ որում, ամենամեծ հայկական համայնքը, հենց Ավակովի խոսքով, Դոնեցկում է։ «Մեղավորները դեռ կարող են ուշքի գալ և վերջ դնել եղբայրասպանությանը։ Կարող է` հայ ժողովրդի զոհերի մասին հիշեցումը ցնցի նրա որդիներից մեկի` Արսեն Ավակովի սիրտը, որ ցավակից լինի նրանց, ովքեր այսօր Ուկրաինայում սգում են զոհերի հիշատակը, և դա կփրկի երկրի քաղաքացիների կյանքերը»,– գրում է խորհրդարանականը։
Նմանատիպ նամակ էլ, Նիլովի խոսքով, ուղղվել է Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին։ Այս լուրը կայծակի արագությամբ տարածվեց համացանցով: Վերլուծաբանները դեռ չեն անդրադարձել այս լուրին, սակայն մի բան, որ նույնիսկ պարզ քաղաքացին կարող է արձանագրել, այն է, որ մեր նորագույն պատմության մեջ առաջին անգամ Առաքելական եկեղեցին հայտնվում է այս վիճակում: Ըստ էության սա շատ նուրբ հարց է ու դեռ անհասկանալի է, թե ինչ կանի Եկեղեցին կամ կձեռնարկի որևէ քայլ առհասարակ կամ ոչ:
Անշուշտ, դեռևս մնում է հարց, թե պատգամավոր Նիլովի այս հայտարարությունը արդյոք սեփական նախաձեռնություն է, թե այն համաձայնեցված է առնվազն Կրեմլի բարձրագույն իշխանությունների հետ: Դեռ հարց է, թե ռուսական դիվանագիտությունն իր այս քայլով ինչ է ուզում անել, ինչի է ուզում հանգեցնել: Այս և այլ հարցերի մասին, նախ մի փոքր փորձենք հասկանալ, թե ինչ է անում այսօր Ռուսաստանը: Որևէ մեկի համար այսօր արդեն գաղտնիք չէ, որ ՌԴ նախագահ Վլ. Պուտինն այսօր հստակ պլանավորված կերպով կառուցում է Ռուսական աշխարհ, որը հակոտնյա է Արևմուտքի, և որպես նախօրինակ վերջինիս համար ծառայում է ինչպես Ցարական Ռուսաստանի, այնպես էլ ԽՍՀՄ-ի մոդելը:
Ընդ որում, այդ նոր համակարգը կամ նոր աշխարհը ոչ այնքան մշակութային-էթնիկ ընդհանրության վրա է հիմնված, որքան քաղաքական, տնտեսական, ռազմական և, ըստ էության, որպես հավատամք ունի` հետևողականորեն միավորումը ռուսապատկան բոլոր տարածքների` սկսած Ցարական Ռուսաստանի ժամանակներից մինչև ԽՍՀՄ:
Եվրատեսիլյան վերջին զարգացումները հաշվի առնելով, ի դեպ, արդեն իսկ առարկայական են դառնում նաև մշակութային ասպեկտները: Միաժամանակ կասկածից վեր է նաև, որ այդ աշխարհում կարևորվում է հայերի ու Հայկական գործոնի դերը, ինչպես եղել է միշտ` սկսած Ցարական ժամանակներից: Ու այս համատեքստում բնական է, որ Պուտինին անհրաժեշտ է ոչ միայն հայաստանաբնակ հայերի աջակցությունը, որն ունի մոտ ութսուն տոկոսով, այլ նաև սփյուռքահայերի, որոնք ոչ միայն լուրջ մարդկային ռեսուրսներ են, այլ նաև ֆինանսական ռեսուսրներ, քաղաքական ու բիզնես հեղինակություն ունեն. թեկուզ կարելի է այստեղ օրինակ բերել ազգությամբ հայ միլիարդատերերին աշխարհում կամ ազդեցիկ մարդկանց: Միևնույն ժամանակ Պուտինը լավ է հասկանում, ու նույնիսկ արդեն համոզվեց նաև գործնականում քեսաբյան դեպքերին ռուսական, ի դեպ մեծ մասամբ հայազգի անձանց պատկանող, լրատվամիջոցների բարձրացրած աղմուկից հետո, որ այդ զգալի աջակցությունը նա կարող է ստանալ միայն այն դեպքում, երբ լուծի հայերի համար համազգային նշանակություն ունեցող հարցերը, որոնք այսօր կարելի է ասել երեքն են` Հայաստանի վիճակի բարելավում, Հայոց Ցեղասպանության ճանաչում և ԼՂ հիմնախնդրի կարգավորում հայանպաստ դիրքերից կամ առավելագույնս այնպիսի դիքերից, որոնք հայերի համար կնկատվեն ձեռնտու: Միաժամանակ նաև չի բացառվում, որ Հայկական սփյուռքի աջակցությունն ստանալու կամ ունենալու համար վերջինս խաղադրույքների իր շրջանակները ծավալի դեպի Հայ ազգային կարևոր հաստատությունների ուղղությամբ: Այս հաստատությունները, ի դեպ, ամենահետաքրքրականն ու բազմաշերտն են Պուտինյան քաղաքականության համար: Եթե ընդհանուր առմամբ սահմանենք, հայկական ազգային հաստատությունները բաժանվում են երեք հիմնական խմբի`
• քաղաքական,
• կրոնական,
• բարեգործական:
Քաղաքական հաստատությունները սփյուռքում առաջին հեևթին հայկական ավանդական կուսակցություններն են, որոնցից այսօր առավել հզորն ու կենսունակը ՀՅԴ-ն է: Սակայն ռուսական քաղաքագետների համար թերևս պետք է դեռևս հիշվեն Առաջին Հանրապետության ժամանակները, որից եզրակացությունը մեկն է` դժվար թե Մոսկվան կարողանա դրական հարաբերութուններ մշակի դաշնակցականների հետ, հատկապես, որ դաշնակցական կառույցները շատ ավելի հզոր են Եվրոպայում ու ԱՄՆ-ում կամ վերջիններիս ազդեցության գոտիներում, քան նախկին ԽՍՀՄ կամ սոց ճամբարի երկրներում ու ազդեցության գոտիներում, որով նաև քաղաքական գաղափարախոսական իմաստով ՀՅԴ-ն ավելի Արևմուտքի ազդեցության ներքո է, անկախ այն հանգամանքից, որ որպես կուսակցություն ՀՅԴ-ն սոցիալիստական է: Իսկ այս դեպքում, եթե նույնիսկ Մոսկվային հաջողվի հայաստանյան դաշնակցական ղելավարության հետ դրական հարաբերություններ մշակել, ապա սփյուռքյան կուսակցական կառույցների ճնշման ներքո այդ հարաբերությունները կմեռնեն հենց սաղմնային վիճակում:
Այս թեզն ամրապնդվում է այն իրողությամբ, որ Հայաստանի դաշնակցականներին «կերակրում» է սփյուռքը ու եթե նման հարցեր լինի, անվարան կերպով կօգտագործվի ֆինանսական ճնշման լծակը, որն ի դեպ ամենագործունն ու փորձվածն է պատմության ողջ ընթացքում եղել, մնում է նաև այսօր ու կլինի նաև ապագայում: Բարգործական կառույցները ավելի ապաքաղաքականացված են առերևույթ կերպով, սակայն ըստ էության գտնվում են քաղաքական ու կրոնական կառույցների ինչպես գաղափարական այնպես էլ բարոյական ֆինանսական և այլ ազդեցության ոլորտում ու իշխանության ներքո և Պուտինի համար այս իմաստով ազգային բարեգործական հաստատությունները լուրջ խաղաքարտ չեն հանդիսանում իր քաղաքական հաշվարկներում:
Առավել հետաքրքրականն այս առումով ազգային-կրոնական հաստատություններն են, որոնք եկեղեցիներն են, որոնցից առավել հզորը Առաքելական Եկեղեցին է: Այլ կերպ ասած Պուտինը այս իմաստով իր քաղաքական խաղադրույքը կկատարի հենց Հայ Առաքելական Եկեղեցու, առավել կոնկրետ` Ամենայն Հայոց Կաթողիկոսության Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վրա, որի առաջին քայլն արդեն տեսանք պատգամավոր Նիլովի հայտարարությամբ: Հենց այս մասին էլ կփորձենք մանրամասն խոսել` հիմք ընդունելով Պուտինյան Ռուսաստանի կրոնական քաղաքականությունը և Հայ Եկեղեցու հետ ունեցած հարաբերությունների պատմական փորձառությունը ինչպես Ցարական, այնպես էլ սովետական շրջանին վերաբերող: Շարունակելի...