▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախը մերն է, դեռ մի բան էլ ավել.Դիվանագետը՝ 1920 թվականի որոշման մասին

«Այս օրերին այն, ինչ տեղի է ունենում Ադրբեջանի հետ սահմանում, դա քաղաքական իրավիճակի արտացոլումն է: Ակնհայտ է, որ վերջին տարիներին մեր տարածաշրջանում լարվածությունը բարձրացել է, որը հետևանք է մի շարք պատճառների՝ առաջին հերթին զենքի կուտակման, Ադրբեջանի կողմից զենքի գնման, նավթի գների անկման, ինչպես նաև պանամական փաստաթղթերի: Իսկ Հայաստանի համար էական և մեծ փոփոխություն է տեղի ունեցել: Ապրիլյան պատերազմից հետո Հայաստանն այլևս առաջվանը չէ: Այսինքն, անցավ կիսաճշմարտությունների, ինքնախաբեությունների ժամանակը:

Եվ, եթե մենք կարող էինք ԼՂՀ հարցի հակամարտության վերաբերյալ հույսեր փայփայել, որ այն կարող է ունենալ բանակցված լուծում, իմ կարծիքով, արդեն բացառվում է՝ պայմանավորված Ադրբեջանի կոշտացող դիրքորոշմամբ: Մյուսն այն է, որ ակնհայտ դարձավ՝ ՀՀ կառավարման ողջ համակարգը՝ քաղաքական, թե ռազմական, բարեփոխումների կարիք ունի: Ցավոք, մեզ առաջիկայում հերթական պատերազմն է սպասվում, ինչն էլ շտապեցնում է քայլեր ձեռնարկել, այն է՝ նոր զինատեսակներ, ՌԴ-ի հետ որոշ հարցերի հստակեցում, առաջին հերթին՝ ռուսական զենքի վաճառքի դադարեցում Ադրբեջանին»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մոդուս վիվենդի»կենտրոնի հիմնադիր, դիվանագետ Արա Պապյանը:

Նրա խոսքով՝ քաղաքական զսպիչ գործողություններից մեկը մեր իշխանության կողմից Արցախի անկախության ճանաչման սպառնալիքն էր. «Բայց ես չեմ կարծում, որ սա կզսպի թշնամուն, որովհետև, եթե Ադրբեջանը գնալու է պատերազմի, կճանաչի ՀՀ-ն Արցախի անկախությունը, թե՝ ոչ, դա ոչինչ չի փոխում: Ճանաչումը մեզ ոչինչ չի տալու: Հարցի միակ լուծումը պայքարի սկզբնամասին վերադառնալն է, այն է՝ Արցախի միացումը Հայաստանին, որովհետև ինքնորոշման սկզբունքով ինքնորոշվում է ժողովուրդը, այն ժողովուրդը, որն ապրում է Արցախում:

Այստեղ առաջանալու է գրավյալ կամ ազատագրված տարածքների հարցը, որովհետև այն ինքնորոշմամբ չի կարող ԼՂՀ-ին միանալ, որովհետև այնտեղ մեծամասնությունը հայեր չեն եղել: Ըստ էության, այդ սկզբունքն էլ դրված է բանակցային գործընթացի հիմքում, այն է՝ տարածքներ՝ կարգավիճակի դիմաց և հետագայում ինքնորոշում կամարտահայտության միջոցով, որը հարցի լուծմանը չի հանգեցնելու, հակառակը, վիճակը կապակայունացնի ու մեր պաշտպանական հնարավորությունները կնվազեցնի»:

Իսկ, թե ինչպե՞ս է հնարավոր Արցախը Հայաստանին միացնել, Արա Պապյանը նշեց.

«Միջազգային իրավունքի մեջ տարածքի պատկանելիությունը որոշվում է այսպես կոչված տարածքի տիտղոսով: Ինչպես ամեն մի սեփականություն, ունի համապատասխան վկայական, որը ամրագրվում է միջազգային փաստաթղթով: Ադրբեջանն ասում է, որ ԽՍՀՄ տարիներին իմն է եղել տարածքը, իսկ այստեղ կեղծիք կա: ԽՍՀՄ տարիներին Ադրբեջանը որպես պետություն չի եղել, վարչատարածքային միավոր էր: Այսինքն, չկա իրավական հիմք՝ Արցախը Ադրբեջանի մաս համարելու համար: Կա նաև Ազգերի լիգայի 1920 թվականի փետրվարի 24-ի որոշում-առաջարկ որտեղ հստակ ամրագրված է հիմնական սկզբունք, այն է՝ վարչական սահմանները չեն կարող հիմք հանդիսանալ պետական սահմանների համար,իսկ երկրորդ սկզբունքն այն է, որ 1920 թվականի վիճակով սահմանները պետք է գծվեին ըստ ազգագրական տվյալների, այսինքն՝ հայաբնակ շրջանները պետք է անցնեն ՀՀ-ին, թաթարաբնակները՝ Ադրբեջանին: Եվ կա համապատասխան քարտեզը, որով ոչ միայն ԼՂՀ-ն, այլև Դաշտային Ղարաբաղն ու Գարդմանքը, Նախիջևանի մասին էլ չեմ խոսում, ՀՀ մաս է: Այսինքն, Արցախը մերն է, դեռ մի բան էլ ավել ու իրենք են օկուպացնում ՀՀ տարածքը: Հետևաբար, կարծում եմ՝ բանակցային գործընթացն էական շրջադարձ պետք է կատարի: Այս տվյալները պետք է շրջանառության մեջ դնենք ու մշտապես հարցականի տակ առնվեն բոլոր այն հավակնությունները, որ Ադրբեջանն ունի»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее