«Արցախի Հանրային հեռուստատեսությանը» տված հարցազրույցում Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը պատասխանել է հաճախ հնչող այն հարցին, թե ինչու Պաշտպանության բանակի սպառազինությունը դուրս չի բերվել Արցախից և տեղափոխվել Հայաստան։
«Այդ հնարավորությունը մենք կորցրել ենք ադրբեջանական կողմից հսկիչ անցագրային կետ տեղադրելուց հետո։ Պարզ էր, որ մենք ծանր տեխնիկայով չէինք կարող դուրս գալ Արցախից։ Այսօր անիմաստ է խոսել այդ տեխնիկայի դուրսբերման մասին, բանակի տեխնիկան և սպառազինությունը մենք հանձնել ենք ռուսական կողմին՝ հետագա ուտիլիզացիայի համար։ Դա պիտի ոչնչացվի՝ ըստ պայմանավորվածության»,- ասել է Արցախի նախագահը։
Թարմացված․ «Ինձ համար շատ ծանր հետևանքներ ունեցող այդ պայթյունը տեղի է ունեցել ՊԲ ՎՔՆ անձեռնմխելի պահեստում, որը նաև մինչև ռազմական գործողությունների պայմանները ձգտում էինք չօգտագործել` ռազմական գործողությունների դեպքում դրանք սկսելու նպատակով: Բնակչությունը խուճապի հետևանքով հայտնվել է զորամասի պահեստում, չեն պահպանվել անվտանգության տարրական կանոնների պահպանումը: Իրականացվում էր բենզինի ինքնուրույն դուրս բերում: Պայթյունը խլեց բազմաթիվ կյանքեր: Ցավոք, ունեցանք զոհերի գրեթե նույն քանակը, ինչ ռազմական գործողությունների ընթացքում: Մեր քննչական կոմիտեի կողմից հարուցվել է համապատասխան քրեական գործ, այս պահին այն փոխանցվել է ՀՀ ՔԿ, որին էլ ես խնդրում եմ հայտնաբերել ու պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին»,- հարցազրույցի ընթացքում մանրամասնեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը:
|
Թարմացված․ «Սեպտեմբերի 19-ի ուշ երեկոյան Հայկ Խանումյանը զանգահարել է ինձ և հայտարարել, որ Սամվել Բաբայանը պատրաստ է վերցնել իշխանությունը, կանգնեցնել ռազմական գործողությունները և գնալ բանակցությունների ադրբեջանական կողմի հետ»,- այս մասին այսօր Արցախի հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը:
«Ես իրեն առաջարկել եմ, որ դեմ չեմ, թող Սամվել Բաբայանը ներկայանա, ներկայացնի իր ծրագիրը, տեսլականը, և եթե այն մեզ համար ընդունելի է, ես պատրաստ եմ գնալ նաև այդ քայլերին: Ինքն ասաց՝ ոչ, պետք է իշխանությունը հանձնվի իրեն և ինքը իրականացնի մնացած գործընթացները:
Ճիշտն ասած, ինձ համար այդ առաջարկը տարօրինակ էր, և չնայած իմանալով, թե հետագայում ինչ ազդեցություն կարող է ունենալ այդ խոսակցությունը և ինչ ձևի կարող էր մեկնաբանվել, ես սեպտեմբերի 19-ի երեկոյան կապ եմ հաստատել ադրբեջանական կողմի՝ մեզ հետ աշխատող պատասխանատուի հետ և փորձել իրենից ճշտել, թե արդյոք կա՞ Արցախում ուրիշ այլ թեկնածու, ում հետ իրենք պատրաստ են վարել բանակցություններ և դրա ընթացքում ավելի շուտ հնարավոր կլինի դադարեցնել ռազմական գործողությունները և ավելի հեշտ բանակցություններ իրականացնել, քանի որ Արցախում կային քննարկումներ, որ հնարավոր է` Սամվել Բաբայանը կամ Վիտալի Բալասանյանը ավելի ընդունելի թեկնածուներ լինեն` որպես բանակցող»,-ասել է Շահրամանյանը:
Նա ընդգծել է, որ ադրբեջանական կողմից ստացել է բացասական պատասխան. «Ինձ համար պարզ է եղել, որ դա արկածախնդրություն էր և պետք է շարունակել բանակցությունները ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ»,- ասաց նա:
|
Թարմացված․ «Ես և պաշտպանության նախարարը ուղղաթիռով ենք տեղափոխվել Հայաստան․
Այս մասին այսօր Արցախի հանրային հեռուստատեսության հարցազրույցում ասել է ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը․
«Ի՞նչու որոշ գործող ղեկավարներ դուրս են եկել Արցախից, բայց ձերբակալվել են նախկին ղեկավարներ։ Չեմ կարող այդ հարցին պատասխանել, թե ինչու Ադրբեջանը նման որոշում կայացրեց։
Կարող եմ եզրակացնել, որ այդ մարդիկ ձերբակալվել ու տեղափոխվել են Բաքու քաղաքական նպատակներով»,-նշել է ԱՀ նախագահը։
|
Թարմացված․ «Արցախի Հանրային հեռուստատեսությանը» տված հարցազրույցում Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն ընդգծել է՝ Արցախի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու հարցի շուրջ կեղծ օրակարգ է մտցվել։
«Թեզեր են շրջանառում, թե որոշակի «պադվալային» պայմանավորվածությունների արդյունքում է իմ թեկնածությունն առաջադրվել։ Դա կեղծ օրակարգ է և չի համապատասխանում իրականությանը: Իրականությունն այն է, որ Արցախի ԱԺ 5 քաղաքական ուժերից 4-ն են առաջադրել իր թեկնածությունը՝ որպես հանրապետության նախագահի։ Նրանք դիմել են ինձ և մենք բավականին երկար քննարկումներ ենք ունեցել, որից հետո իրենք որոշել են առաջադրել իմ թեկնածությունը` որպես հանրապետության նախագահի: Դուք էլ եք հիշում, որ 2020 թվականի ընտրություններում մենք ունեցել ենք 14 թեկնածու, սակայն այս բարդ իրավիճակում մենք գրեթե չենք ունեցել այդ բեռն իր վրա վերցնել ցանկացող թեկնածու: Որպես թեկնածու` շոշոփվում էր իմ անունը և, ինչպես հետո տեղեկացա, Սամվել Բաբայանինը: Սակայն նրան չի առաջադրել հենց իր կուսակցությունը, որը նա համարում է հանրապետությունում երկրորդ ուժը»,- ասել է նա։ Նա հավելել է, որ իր թեկնածությունն առաջադրվել է` հաշվի առնելով իր անցած ուղին, հանցավոր անցյալ չունենալու հանգամանքը:
|
Թարմացված․ «Արցախի Հանրային հեռուստատեսությանը» տված հարցազրույցում Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն արձագանքել է այն պնդումներին, թե իբր Ադրբեջանն Արցախի դեմ լայնածավալ հարձակում է սկսել, քանի որ Արցախի Հանրապետության նախագահի ընտրություն է կազմակերպել:
«Ծանոթ եմ այդ կեղծ թեզին։ Ուզում եմ ձեզ վստահեցնել, որ ադրբեջանական կողմը հաշվի չի առնում, թե ինչ գործընթացներ են իրականացվում Արցախում, և պարզ է, որ իմ ընտրվելուց հետո´ չի մշակվել այդ ռազմական գործողությունների պլանը։ Դա նախօրոք մշակված էր և պատրաստված էր։ Մենք 9 ամիս եղել ենք բլոկադայի մեջ, վերջին 4 ամիսները՝ պաշարման մեջ։
Վերջին ամիսներին ես՝ որպես Անվտանգության խորհրդի քարտուղար, մշտապես ստանում էի տեղեկություն, և մենք պարբերաբար քննարկում էինք ԱԽ նիստերում, թե ինչ կուտակումներ են Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից իրականացվում մեր շփման գծի ողջ երկայնքով` նաև ծանր տեխնիկա, հրետանի, մեծ քանակությամբ անձնակազմ, այդ թվում՝ հատուկ նշանակության, գտնվում էին մեր բնակավայրերին շատ մոտ: Այսքանից հետո ասել, որ վերջին օրերին է այդ գաղափարը ծագել Ադրբեջանի մոտ և Արցախում ընտրությունների հետ է կապված, ճիշտ չէ և կեղծ թեզ է»,- հարցազրույցի ընթացքում ասաց Սամվել Շահրամանյանը։
|
Թարմացված․ «Սեպտեմբերի 19-ին ես առավոտյան գտնվում էի ռուս խաղաղապահների զորախմբի հրամանատարի մոտ: Առաջին ազդակը, որ հնարավոր է` սկսվեն ռազմական գործողություններ, եղել է այն, որ Շուշիի ներքևում գտնվող տանկի արձանի մոտ, որտեղ կան ռուսական և ադրբեջանական հենակետեր, ադրբեջանցիները մոտեցել են ռուսական հենակետի ավագին և զգուշացրել, որ թաքցնեն անձնակազմը, շուտով կաշխատի հրետանին: Այդ փաստը մենք ներկայացրել ենք խաղաղապահներին, իրենք էլ էին տեղյակ: Ինձ համար արդեն պարզ էր, որ որոշ ժամանակ անց հնարավոր է` սկսվեն ռազմական գործողություններ:
Ես վերադարձել եմ իմ աշխատավայր և բառացիորեն կես ժամ անց ամբողջ Արցախը հրետակոծության տակ էր»,- սեպտեմբերի 19-ի առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները նկարագրելիս հայտնեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը:
«Ռազմական գործողություններն սկսվելուց ժամեր անց հասկացա, որ մենակ ենք ադրբեջանական ագրեսիայի դեմ։ Ռուսական կողմը դիտորդի կարգավիճակում էր։ Մենք պետք է մեր հարցերն ինքնուրույն կազմակերպեինք»,- այդ մասին «Արցախի հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում ասել է ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը:
Թարմացված․ «ՊԲ և մեր բնակչության հետ միասին սկսել ենք ռազմական գործողությունների պատասխան գործողությունները։ Դրանց շնորհիվ էլ հնարավոր եղավ Ադրբեջանի հետ սկսել բանակցություններ, որոնք տևել են 12 ժամ։ Ուժերն անհամեմատ էին, ակնհայտ էր, որ որքան երկար շարունակվեր, այդ ամենը այնքան շատ կլինեին զոհեր և կորուստներ։ Իմ նպատակը` որպես Արցախի նախագահ, այն էր, որ հնարավորինս արագ կանգնեցնեինք ռազմական գործողություններն ու խուսափեինք ավելի շատ զոհերից»,- ասել է Սամվել Շահրամանյանը։
|
Թարմացված․ «Արցախի հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, պատմելով սեպտեմբերի 19-ին ադրբեջանական կողմի ագրեսիայի սկսման մասին, նշեց. «Ստիպված էի ուղիղ կապ հաստատել ադրբեջանական կողմի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, որոնք ինձ ծանոթ էին և նախկինում էլ Արայիկ Հարությունյանի հետ իրենք ունեցել են կապ և լիազորված էին մեզ հետ իրականացնել համապատասխան աշխատանք: Սկսվեցին բանակցություններ` ռազմական գործողությունների դադարեցման հետ կապված: Ինձ փոխանցել են, որ ռազմական գործողություններն ունեն իրենց նպատակները և մինչև դրանց չհասնեն, կրակը չի դադարեցվելու: Իսկ նպատակն էր` ամբողջությամբ տիրել Արցախին: Հաշվի առնելով, որ ադրբեջանական կողմն էլ էր կրում լուրջ կորուստներ և նաև այն, որ մեր շրջանները շրջափակման մեջ են, հակառակորդը մոտեցել էր Ստեփանակերտին, նրանց հատուկ նշանակության ստորաբաժանումներն ու զինտեխնիկան Կրկժանի մոտ էին, մեզ մնում էր գնալ զիջումների: Ես առաջարկել եմ` իրենք գրավոր ուղարկեն իրենց պահանջները` ռազմական գործողությունները անհապաղ դադարեցնելու համար: Հենց առաջին փաստաթուղթը, որը կապիտուլյացիայի մասին էր, մեր կողմից չի ընդունվել: Մեզ համար անընդունելի էր փաստաթղթում առկա «դուրս բերել ՀՀ-ի զինված ուժերի մնացորդները» ձևակերպումը»:
|
|