▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտաշես ԱԼԵՔՍԱՆՅԱՆ. « Հերիք է ԼԱՑԵՔ, լուսամուտից դեռ ԼՈՒՅՍ է ԵՐԵՎՈՒՄ»

- Ո՞րն է մանկության այն հուշը, որը ժպիտ է առաջացնում Ձեզ մոտ:

-Երբ որ ես ծնվեցի բոլորը ծիծաղում էին, հետո բոլորը կլացեն, ես կծիծաղեմ և այդպես շարունակ, դա էլ մակության հուշն է:

- Հաճելի՞ է հայտնի լինել:

-Եվ հաճելի է և պարտավորեցնող, և ընդունելի ու դժվար, հայտնի լինելու համար պետք է շատ աշխատել, հենց այնպես հայընի չեն լինում:

- Ի՞նչ գին ունի ներողությունը Ձեզ համար:

-Ներողություն կա, որ կյանք է փրկում, ներողություն կա, որ կյանք է տանում:

- Մարդկային ո՞ր որակն է, որ սկզբունքորեն անընդունելի է Ձեզ համար:

-Դավաճանությունը հայրենիքի հանդեպ:

- Հայ կինոյի արքան`ըստ Ձեզ:

-Արքա միանշանակ չի կարելի ասել, եթե հետ նայենք, պետք է սկսել Համո Բեկնազարյանից մինչ այսօրվա կինոգործիչները:

- Ո՞րտեղ է հոգեհարազատ աշխատել. թատրոնում թե՞ կինոյում:

-Ո՞ր մատս կտրեմ, որ ցավ չտա, երկու տեղն էլ ինձ համար հաճելի է և հոգեհարազատ:

- Հաճա՞խ են մարդիկ Ձեր կերտած բացասական կերպարները ասոցացնում Արտաշես Ալեքսանյան անձնավորության հետ:

-Իհարկե, լինում են նման դեպքեր, երբ մարդիկ ասում են «վաաաայ, մենք գիտեինք ինքը կյանքում էլ է տենց, բայց կյանքում լրիվ ուրիշ մարդ է»:

- Եղե՞լ են դեպքեր, որ կերպարի ազդեցության տակ Ձեզ վիրավորեն:

- Եղել են, բայց նման դեպքերից չեմ վիրավորվում, եթե բացասական կերտելուս համար մարդը վիրավորում է, ի՞նչ վիրավորվես, ուրեմն տեղ է հասել ինչ-որ բան, ինչ-որ բանով ազդել ես:

- Կա՞ որևէ դեր, որը կցանկանայիք կերտել:

-Բոլոր չխաղացածս դերերը:

- Գիրք, որը հեղափոխել է Ձեր մտքերը:

-Շատ գրքեր կան, որ ուսուցանել են, առաջնորդել ինձ, բայց ոչ հեղափոխել:

- Ունե՞ք որևէ թևավոր խոսք, որով առաջնորդվում եք:

-Կա, բայց չեմ ուզում ասել, թող իմը լինի, քանի որ այն, ինչով առաջնորդվում եմ, պետք չէ հասարակայնացնել:

- Ո՞ր դարաշրջանում կցանկանայիք ապրել:

-Տարօրինակ կհնչի, բայց ես բոլոր դարաշրջաններում ապրել եմ ու ապրում եմ, դերասանն իր կերտած կերպարների միջոցով կարող է հայտնվել առաջին դարում, տասնութերորդ դարում, 2050 թվականին և այպես շարունակ. ճամփորդել դարաշրջանների մեջ:

- Ի՞նչն է նյարդայնացնում Արտաշես Ալեքսանյանին:

-Եթե տարիներ առաջ այս հարցը հնչեր կարող էի ասել, թե ինչն է նյարդայնացնում, հիմա շատ դժվար է դա ասել, որովհետև, երբ գնում ես պատերազմ, հանդիպում մահվան հետ, վերադարձից հետո սկսում ես գնահատել կյանքը և առհասարակ ամեն ինչ, և այդ դեպքում չես կարող նյարդայնանալ հայրենակցիդ պատճառով:

- Ի՞նչ ասեկոսեներ եք լցրել, որոնք զայրացրել և զվարճացրել են Ձեզ:

-Դե ինչ ասես չեն խոսում, բայց անկեղծ ասած ժամանակ չունեմ նման բաներին ուշադրություն դարձնելու համար:

- Ձեր կյանքում հետաքրքիր պատահականություններ եղե՞լ են:

-Եղել են ու լինում են, դրանք պարզապես աներևույթ երևույթներ են:

- Ու՞մ եք համարում Ձեզ ուսուցիչ:

-Ուսուցիչս Արմեն Բորիսիչ Ջիգարխանյանն է եղել, ու մոտ ուսուցանել եմ, ինչպես նաև Խորեն Աբրահամյանը, բայց իմ ամենամեծ ուսուցիչը կյանքի դպրոցն է:

-Դեպք, որը չէիք ցանկանա ջնջվեր Ձեր հիշողությունից:
-Երևի թե իմ ծնունդը, որ ես ծնվեցի, եկա աշխարհ:

- Այսօրվա Երևանում հաճելի՞ է քայլել:

-Ափսոսում եմ, որ ժամանակի սղության պատճառով չեմ կարողանում քայլել, բայց այն ինչ տեսնում եմ հաճելի է և գեղեցիկ:

- Արվեստագետն այսօր գնահատվա՞ծ է:

-Պետք չէ սպասել գնահատականների, պետք է գործդ անես և առաջ գնաս, եթե սպասես գնահատականի, գնացքդ կգնա և պարզապես կուշանաս:

- Քաղաքականության մեջ Ձեզ տեսնու՞մ եք:

-Ի՞նչ գործ ունեմ քաղաքականության մեջ, թող քաղաքական գործիչները գործ ունենան քաղաքականության մեջ, ի վերջո, երբ ամբողջ մարդկությունը հասկանա, զգա, որ ինքը ծնված է օրինակի համար օպերատոր, դերասան, երգիչ, իսկ մյուսը քաղաքական գործիչ լինելու համար, այդ դեպքում գեղեցիկ կլինի ապրելը, ոչ թե դառնալ պատգամավոր, օբյեկտներ, հարստություն և թիկնապահներ ունենալու համար:

-Մենք ժպտացո՞ղ ազգ ենք:

-Ցավոք սրտի, մենք լացող ազգ ենք. մի ներկայացման մեջ ես այդ խնդիրն եմ արծարծում, որ բավական է լացել, ի վերջո լացը լաց է բերում, իսկ լացով հետ չես բերի ունեցածդ, պետք է ժպտալ ու արարել:

- Ինչու՞ է թատրոնի հանդիսատեսը գնալով պակասում:

- Դա, երևի թե, ճիշտ  կլինի հարցնել հանդիսատեսին, պարզապես կասեմ, որ պեպք է կարողանալ ժամանակի հետ քայլել՝ չմոռանալով անցյալը և գալիք ապագան:

- Դուք կհամարեք, որ կյանքն անիմաստ չեք ապրել, եթե..

-Եթե ազգիս, հայրենիքիս ծառայած լինեմ:

-Աստվածավա՞խ մարդ եք:

-Աստվածավախ չէ, աստվածասեր, ինչու՞ վախենալ:

- Առաջիկայում սպասվու՞մ են նոր դերեր:

-Սպասվում են, կերտել եմ Գարեգին Նժդեհի կերպարը, հիմա ընթանում են մոնտաժման աշխատանքները, ամենայն հավանականությամբ հունվարի քսանութին էկրան կբարձրանա այդ ֆիլմը:

- Ի՞նչ կասեք հայ հանդիսատեսին:

-Հաճախեք թատրոն, գիրք կարդացեք, շփվեք արվեստի, մշակույթի հետ և հերիք է լացեք, ի վերջո, պատուհանից դեռ լույս է երևում:

Հեղինակ՝ Սեդա ՂՈՒԿԱՍՅԱՆ

Asekose.am/TV

ԴԻՏԵՔ  ՆԱԵՎ « CV » ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻ  ՄՅՈՒՍ ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐԸ

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
CV далее