Այսօր բանաստեղծ Վահագն Դավթյանի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1922թ.-ին Արաբկիրում (Արևմտյան Հայաստան), իսկ 1932 թվականից ապրել է Երևանում՝ Արաբկիր թաղամասում։ Եղել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ (1970), թերթի խմբագիր: Վ. Դավթյանի ստեղծագործության հիմնական թեմաներն են հայրենիքը, մարդը, նրա աշխատանքն ու հույզերը, սերը:
Ստորև ներկայացնում ենք հատված` Վահագն Դավթյանի 60-ամյակի հանդիսության իր ելույթից.
... Մեր գոյության, մեր հարատևության խորհուրդը ինձ պատկերվում է չորս ամրակուռ սյուների վրա հանգչող գմբեթի տեսքով: Սյուներից առաջինը մեր մեծասքանչ լեզուն է, որ դարերի խորքից դեպի մեզ է գալիս Մեսրոպ Մաշտոցի սրբացած կերպարանքով:
Մյուսը մեր պատմության ու հայրենասիրության ոգին է, որ Խորենացու կերպարանքով է հետևում ինձ, քանի որ նա էր այդ ոգու հայտնաբերողն ու հաստատողը: Նա էր սահմանողը հայրենասիրական այն որակի, որը մեզ ուղեկցում է մինչև օրս: Սյուներից հաջորդը տառապանքով ինքն իրեն զտելու, ինքն իրենից բարձրանալու, ոգու ու խղճի ամենաբարձր ոլորտներին առնչվելու այն հատկությունն է, որն իր հանճարով նվաճեց ու մեզ պարգևեց Նարեկա մեծ ճգնավորը: Աղարտվող, աղճատվող, այլասերվող ժողովուրդները չեն կարող երկար կյանք ունենալ:
Մեր ժողովրդի զորավոր սյուներից մյուսը, իմ խորին համոզմամբ, առողջ, լավատես, կենսահաստատ փիլիսոփայությունն է, որի կրողներից մեծագույնը Հովհաննես Թումանյանն է` լուսեղեն բանաստեղծն ու քաղաքացին: Նա իմ բանաստեղծական ու քաղաքացիական իդեալն է: Ես նրա յուրաքանչյուր տողի հավատավորն եմ: Եվ սա չի վերաբերում նրա միայն պոեզիային, այլև հոդվածներին, նամակներին, հրապարակախոսությանը: Ընթերցում և վերընթերցում եմ դրանք և զարմանքով տեսնում, որ չկա մի միտք, մի դատողություն, մի գաղափար, որ այսօրվա լույսի տակ խունացած կամ սխալ դուրս եկած լինի:
...ԵՍ իմ գրական բավականին երկար ճանապարհին խորապես համոզվել եմ, որ իսկական գրողները, հիրավի ժողովրդականները, նրանք են, ովքեր իրենց ժողովրդի գոյության ներքին կապերը ամրապնդելու մտասևեռում ունեն, ովքեր մտահոգված են իրենց ժողովրդի ազգային և բարոյական նկարագրի անաղարտությամբ:
Մեր ժողովրդի գոյության դարավոր հենասյուները՝ մայրենի լեզվի պաշտամունքն ու պահպանումը, մեր պատմության հայրենասիրական ոգին, հոգու և խղճի նարեկյան մաքրությունը, առողջ կենսափիլիսոփայությունը օդի ու ջրի նման պետք են մեզ այսօր, եթե ուզում ենք ապրել իբրև հայ ժողովուրդ, իբրև հայոց երկիր:
Ես իմ ամբողջ կյանքում մեր գոյության այդ խորհուրդների նվաստ պարտապանն եմ եղել ու եթե կարողանամ կյանքիս մնացած ժամանակամիջոցում այդ պարտքի մի չնչին մասն իսկ հատուցել, ապա պիտի արդարացված համարեմ իմ գոյությունը և խաղաղ հեռանամ աշխարհից: