Վերջին շրջանում Եվրոպական երկրների՝ Թուրքիայի ղեկավարությանն ուղղված գրեթե միաժամանակյա կոչեր հնչեցին: Նախ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կոչ արեց առերեսվել պատմության հետ՝ նշելով, որ Ճանաչելով պատմական իրադարձությունները՝ Թուրքիան կբարձրանա ոչ միայն սեփական, այլև ամբողջ աշխարհի աչքում:
Օլանդի հայտարարությանը հաջորդեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կոչը Էրդողանին՝ որ Թուրքիան պետք է հաշտվի իր պատմության հետ:
Ի՞նչ սպասել այս հայտարարություններից, արդյո՞ք շարունակական կլինեն նման կոչերը: Թեմայի շուրջ ASEKOSE.am-ի թղթակիցը զրուցել է թուրքագետ Գևորգ Պետրոսյանի հետ.
-2015-ին ընդառաջ՝ ի՞նչ կարող ենք սպասել այս հայտարարություններից:
- Հայտարարություններից առավել կարևոր են գործողությունները, իսկ հստակ գործողություններ մենք դեռ չենք տեսնում։ Թուրքիային մի քանի պետության ղեկավարի՝ պատմության հետ առնչվելու կոչերից մեծ արդյունք սպասել չարժե։ Պիտի հասկանանք, որ միջազգային ճանաչումից զատ՝ մեզ հետաքրքրում է մեր պահանջատիրությունը, տարածքային և նյութական փոխհատուցումը, Հայոց ցեղասպանության հետևանքների վերացումը։ Եթե Գերմանիայի կանցլերի և Թուրքիայի վարչապետի զրույցին անդրադառնանք, ապա նախ բարդ է ասել, թե իրականում նրանք ինչ են խոսել, քանի որ թուրքական «Հյուրիյեթ» պարբերականը ներկայացրել է փակ դռների հետևում եղած խոսակցություն՝ հղում կատարելով իր աղբյուրներին։ Ամեն դեպքում, և Գերմանիան, և Ֆրանսիան փորձում են 2015-ին ընդառաջ օրակարգում պահեն Հայոց ցեղասպանության հարցը, որը որոշակի լծակ է Եվրամիության անդամակցության համար պայքարող Թուրքիայի վրա։ Ամեն դեպքում, Օլանդի հայտարարությունն արդեն հրապարակային էր, սակայն այստեղ ևս մի կարևոր բան պետք է հիշել՝ Ֆրանսիայի այս նախագահի օրոք այդպես էլ օրակարգ չբերվեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, թեև Անկարայում իր ելույթի ժամանակ որոշակի նման ակնարկներ արեց։ Ենթադրում եմ, որ այս հարցն ավելի կթեժանա, երբ մոտենանք Ֆրանսիայում հերթական ընտրությանը։ Օլանդի ելույթին զուգահեռ բավական ուշագրավ էին համատեղ ասուլիսին մասնակցող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի խոսքերը, որով նա հիշեց Դողու Փերինչեքի գործով ՄԻԵԴ-ի որոշումը, որով Հայոց ցեղասպանության ժխտումը խոսքի ազատություն էր համարվում։ Այսպիսով, վերջերս կայացված այս որոշումը պաշտոնական Անկարան սկսում է որպես օրինակ բերել։ Գյուլը հստակ ցուցադրեց նաև վերջին տարիներին թուրքական քաղաքականության փոփոխությունը Ցեղասպանության ժխտման հարցում։ Մասնավորապես, թուրք բարձրաստիճան պաշտոնյաները նախկին պես ամբողջապես չեն բացառում, որ 20-րդ դարի սկզբին իրենց ասածով «որոշ իրադարձություններ» եղել են՝ իրենց միտքն այժմ ձևակերպելով այսպես. «Առաջին աշխարհամարտի տարիներին ցավալի դեպքեր են եղել, որից տուժել են ոչ միայն հայերը, այլ նաև թուրքերն ու այլ մուսուլմանները»։
-Ըստ Ձեզ՝ կշարունակվե՞ն Ցեղասպանության ճանաչման հարցով Թուրքիայի նկատմամբ այսպես կոչված «ճնշումները»:
-Հայտարարությունները կշարունակվեն, սակայն լուրջ ճնշումներ սպասել պետք չէ։ Հնարավոր են նոր օրենքների և բանաձևերի ընդունումներ, Ցեղասպանության միջազգային ճանաչման ակտիվացում, որը, կարծում եմ, իրականում լուրջ ազդեցություն դժվար թե ունենա Անկարայի վրա և ստիպի նրան շրջադարձային քայլեր կատարել։
-Բոլորիս համար ակնհայտ է, որ Թուրքիան թե ֆինանսական, թե դիվանագիտական լուրջ միջոցներ ու ջանքեր է ներդրել՝ Ցեղասպանության ժխտմանն ուղղված: Ինչպե՞ս եք գնահատում մեր քայլերը՝ այս պահի դրությամբ: Արդյո՞ք դրանք հակազդող կլինեն, թե՞ տանուլ ենք տալու: Որո՞նք են ըստ Ձեզ՝ թուրքական քարոզչությանը հակազդելու մեր բացերը: Շատ հաճախ պահանջելով Ցեղասպանության ճանաչում, մոռանում ենք, որ մենք պահանջատեր ենք…մոռանում ենք հատուցման պահանջը: Ի վերջո, դա ևս թերացում է:
-Այո, հայտնի է, որ Թուրքիան Հայոց ցեղասպանության ժխտման համար զգալի միջոցներ է ծախսում։ Թուրքերը հրատարակում են բազմահատորյա գրքեր՝ թարգմանված տարբեր լեզուներով, միջազգային տարբեր գիտական շրջանակներում միջոցառումներ են անցնում, հակահայ լոբբինգ են իրականացնում, այսպես ասած, «գնում են» մասնագետների, որոնք ժխտում են Ցեղասպանության փաստը։ Կարծում եմ կարևոր է և ժամանակն է, որպեսզի մենք քայլեր ձեռնարկենք իրավական դաշտում, փորձենք հարցը բերել միջազգային իրավունքի ոլորտ, քանի որ միջազգային ճանաչման վրա ծախսված մեր ռեսուրսները չեմ կարծում, որ կարող են մեզ սպասելի արդյունքն ապահովել։ Պիտի փոխենք մեր մարտավարությունը, համարձակություն ու կամք ցուցաբերենք։ Իսկ 2015 թվականին ընդառաջ լավ կլիներ ունենալ մի քանի լեզուներով Հայոց ցեղասպանության վերաբերյալ հանրագիտարան, ինչպես նաև կապիտալ մի աշխատություն, որը կրկին թարգմանված կլինի տարբեր լեզուներով, անպայման նաև թուրքերեն, իսկ քարոզչական նպատակներով նաև բարձրակարգ գեղարվեստական ֆիլմ նկարահանել և փորձել ակտիվացնել Թուրքիայում հասարակության հետ աշխատանքը:
Հեղինակ՝ Հասմիկ Գյոզալյան