Երեկ մամուլում տեղեկություն կար, որ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը վաճառել է իր «հայտնի» բենթլին. նշվում էր նաև, որ այդ գումարները օգտագործվել են բարեգործական նպատակներով:
Asekose.am-ը փորձել է պարզել, թե ինչու այդ բարեգործության մասին լրատվամիջոցները տեղյակ չեն եղել, Արարատյան թեմի մամլո դիվանից պատասխանեցին, որ բարեգործություն անելիս ձախ ձեռքը չպիտի իմանա, թե աջն ինչ է անում:
Մեր պնդումներին ի պատասխան` մամուլի խոսնակն առաջարկեց գնալ առաջնորդարան, այցելել թեմի ցանկացած եկեղեցի ու տեղում ծանոթանալ տարիներ ի վեր իրականացվող բարեգարծական աշխատանքներին, որոնց շահառուները անապահով խավն է`տարեցներ, միայնակ մայրեր, միակողմանի ու երկկողմանի ծնողազուրկ երեխաներ և այլն: Նա նաև տարակուսանք հայտնեց, որ այդ թեման կարող է հետաքրքրել լրատվամիջոցներին, քանի որ դրա մեջ սկանդալային նյութ չկա, որ գրավի լրագրողներին:
Մամլո խոսնակի խոսքով «բենթլիի» թեման երբեք էլ պատասխանի արժանի նյութ չի եղել, քանի որ բամբասանքներին պատասխանել նշանակում է շարունակել բամբասանքը: «Դուք Արարատյան հայրապետական թեմ եք զանգել: Եթե հոգևոր թեմաներին վերաբերող հարցեր ունեք` խնդրեմ,- ասաց մամուլի խոսնակը»:
Մենք փորձեցինք պատասխաններ գտնել թեմի քահանաներից մեկից: Սակայն նա համաձայնեց խոսել մեզ հետ` պայմանով, որ իր անունը չհիշատակենք, քանի որ դա կարող են «քաղաքականացնել»:
Մեզ հետաքրքրում էր, թե ինչո՞ւ մկրտության խաչը Նավասարդ արքեպիսկոպոսը իր սանիկ Մհերի երեխային առանց ոսկյա շղթայի պիտի նվիրեր:
Քահանան ասաց, որ Հայ Առաքելական եկեղեցու կանոնների համաձայն սբ. Մկրտության ժամանակ կարևոր չի, թե խաչն ինչ նյութից է պատրաստված, բայց կարևոր է, որ խաչը շղթայի փոխարեն երկգույն` կարմիր ու սպիտակ, թելին` նարոտին, անցկացված լինի: Այդ գույները խոհրդանշում են մեր փրկության համար թափած` Քրիստոսի արյունը և մկրտության ջուրը: Նարոտը խորհրդանշում է նաև այն արյունն ու ջուրը, որ հորդեց խաչի վրա գամված Քրիստոսի` գեղարդով ծակված վերքից: Ի դեպ, քահանան ասաց, որ քրիստոնեության վաղ շրջանում միայն նարոտ են գործածել` առանց խաչի: Մկրտության ժամանակ խաչը ավելի ուշ շրջանում է սկսվել կիրառվել: Տեր հայրն ասաց, որ հիմա էլ մկրտության ժամանակ խաչը պարտադիր չի: «Նարոտն է պարտադիր: Մենք պարզապես խորհուրդ ենք տալիս, որ մեռոնից դուրս գալուց հետո նարոտը պահեն, քանի որ այն օրհնված է, և դրա փոխարեն խաչը որևէ մետաղական շղթայի անցկացնեն: Նարոտը թելից է պատրաստվում և մետաղական խաչից կարող է շուտ վնասվել»:
Փաստորեն Նավասարդ սրբազանը ոչ թե «չարամտորեն» ոսկյա շղթա չի նվիրել, այլ պահել է Հայ եկեղեցու կանոնը:
Իսկ մամուլի հրապարկման այն հատվածին, որ Երևանում երբեք որևէ մեկը չի նկատել Սրբազանին բենթլիով շրջելիս, մեր զրուցակիցն ասաց, որ ինքը երբեք չի տեսել, որ Սրբազան հայրն այդ մենքենայով լինի: «Սրբազանը նման բաների երբեք էլ կարևորություն չի տալիս: Նրա փոխարեն չարամիտներն են կարևորության շղարշ հաղորդում այդ ամենին»: Տեր հայրը տեղյակ չէր, թե ով է բենթլին նվիրել կամ ում է վաճառվել այն:
Սակայն մեր այլ աղբյուրներից տեղեկացանք, որ բենթլին ամենևին էլ օֆշորային պատմության հեղինակ Աշոտ Սուքիասյանը չի նվիրել: Մեր զրուցակիցը հայտնեց, որ «Աշոտի բենթլին ուրիշ տեղ է, պարտքի դիմաց այն տվել է իր ընկերներից մեկին: Նավասարդ սրբազանի բենթլին ուրիշ մոդել էր, սպորտային էր: Աշոտինը հին մոդել էր: Համ էլ գույնն էր ուրիշ: Ես գիտեմ, որ բենթլին Մհերն էլ չի նվիրել: Լսել եմ, որ սրբազանը բենթլին վաճառել է, ասում են, որ բարեգործական ծրագրի է տվել գումարը: Ճիշտն ասած` չգիտեմ, թե էդ ամեն ինչը ոնց է եղել, բայց դա շատ նման է սրբազանին: Ինքը կապվածություն չունի ավտո-մավտոներին ու հանգիստ կարող էր նվիրել կամ տալ ուրիշին, ու նորմալ է, որ դրա մասին շատերը չգիտեին: Որ տեսնում են ուրիշ ձևով չեն կարողանում նրան վարկաբեկել, սկսում են բամբասել: Ախր, որ դուք մի կես ժամ հետը խոսեք, կտեսնեք, որ նա իսկական ազգային մարդ է: Ու թե ինչեր է արել մեր ազգի համար, դեռ շատ հետո կիմանանք: Էդ ո՞ր լավ մարդու մասին վատ բաներ չեն գրել` Խորենացուն հիշեք, Խրիմյան Հայրիկին հիշեք, Կոմիտասին: Վազգեն կաթողիկոսին էլ ինչ ասես չէին ասում, ծաղրանկարներ էին տարածում, չէին հարգում: Աղջիկ ջա´ն, դուք ջահել եք, կարող է չհիշեք, բաց մեր սերունդը պիտի հիշի: Իսկ հիմա Վազգեն կաթողիկոսի անունով քիչ է մնում երդվեն»:
Հեղինակ`
Անահիտ Հարությունյան