▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բոլորդ կրակե՛ք»․ ի՞նչ է տեղի ունեցել «Կոկո»-ի և «Կյաժ Աշոտ»-ի միջև. բացառիկ հարցազրույց սպանվածի մոր հետ

34-ամյա քրեական հեղինակություն Կոնստանտին Հունանյանը՝ «Ալավերդյանցի Կոկոն», հոկտեմբերի 1-ին փախուստի էր դիմել բժշկական կենտրոնից, ուր նրան տեղափոխել էին քրեակատարողական հիմնարկից բուժման:

ՄեդիաՀաբ-ն է գրում ու հավելում․ «Շուրջ երկու շաբաթ նա գտնվում էր «Արթմեդ» բժշկական կենտրոնում, ուր տեղափոխվել էր առողջական խնդիրներով, որտեղից էլ փախուստի է դիմել: Մեզ ասացին՝ նրան հսկող անձնակազմը եղել է կողքի սենյակում, երբ հանցագործին հաջողվել է երկրորդ հարկի պատուհանից ճողոպրել և ազատության մեջ հայտնվել:

Իսկ ինչո՞ւ է «Կոկո» մականունը կրող Կոնստանտինը դատապարտվել ազատազրկման: Վերջինս  2020 թվականի հունիսի 9-ին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Մայիսի 9-ի փողոցի 9-րդ շենքի բակում «Կյաժ Աշոտ» մականվամբ 28-ամյա Աշոտ Պետրոսյանին հրազենի գործադրմամբ սպանելու մեղադրանքով է ազատազրկված։

Մենք շարունակում ենք ուշադրության կենտրոնում պահել այս փախուստի դեպքը, քանի որ նրան դեռ չեն հայտնաբերել: 

Ի՞նչ էր տեղի ունեցել Կոնստանտինի և Աշոտի միջև, արդյո՞ք Կոնստանտինը փորձել է կապ հաստատել Աշոտի ծնողի հետ, ինչպե՞ս է հաջողվել հանցագործին փախուստի դիմել. այս և այլ հարցերի շուրջ  զրուցեցինք սպանված Աշոտ Պետրոսյանի մոր՝ Ռիմա Խաչատրյանի հետ։

«Նախ, ինքն իրենից ոչինչ չի ներկայացնում որպես քրեական հեղինակություն։ Չի կարող ադեկվատ մարդը նման գործողություն կատարի՝ բնակելի թաղամասում 20 հոգով մինչև կոկորդները զինված, բոլորի մեքենաներում զենք, ընդամենը 40 վարկյանի ընթացքում մտել են բակ, տղայիս ընկերոջ գլխին զենք են պահել, իսկ տղաս, զգալով վտանգը, մտել է տուն, երեխաներին ու կնոջը զգուշացրել, որ դուրս չգան… ու այսօր իրենք խոսում են, թե ինքնապաշտպանվե՞լ են»,– ասաց տիկին Խաչատրյանը։

Հիշելով սպանության օրվա մանրամասները, Աշոտի մայրն ասաց, որ փախուստից հետո կրկին վերապրում է այն ամենը, ինչ եղել է չորս տարի առաջ։ Այդ օրը, ըստ տիկին Խաչատրյանի, Կոնստանտինը կանգնեց և ասաց՝ «բոլորդ կրակե՛ք», և բնակիչների ականջներում ու հիշողությունում այդ ամենը դեռ մնում է․․․

«Յուրաքանչյուր մարդ գործողություն անելուց հետո պետք է պատասխան տա: Եթե ինքը որպես քրեական հեղինակություն մտնում է կալանավայր, նա պետք է ասի, թե ինչո՞ւ է տվյալ անձին սպանել, ինչի՞ համար է Աշոտին սպանել, նվաստացրե՞լ է ընտանիքիդ՝ ո՛չ, ֆինանսական քեզ վնաս հասցրե՞լ է՝ ո՛չ, ընտանիքիդ վնաս հասցրե՞լ է՝ ո՛չ, իսկ ինչի՞ համար ես սպանել: Ինձ համար պարզ է, որ եղել է հատուկ պատվեր՝ 8 կրակոց մի մարդու վրա, 24 պատրոն, դա միայն թուրքերը կարող են անել»,– վրդովված հիշում է տիկին Խաչատրյանը։

Անդրադառնալով «Կոկոյի» փախուստին, այն հանգամանքին, որ դատապարտյալին հիվանդանոցում իրավապահներ են հսկել,  տիկին Խաչատրյանն ասաց․

«Ես կարծում եմ՝ միջնորդություն է եղել: Էդ ի՞նչ առողջական խնդիրներ է ունեցել, որ 21 օր  «Արթմեդ» ԲԿ են ուղարկել, այն վայր, որտեղից հեշտությամբ կլինի փախչել: Եթե հիվանդն ունի ողնաշարի խնդիր, ինքը երկրորդ հարկից չի նետվի, էդ ինչպե՞ս է ցատկել։ Ես կարծում եմ, որ այս ամենը պլանավորված և կազմակերպված է եղել, այն մարդը, ում պատվերով է եղել, իմ կարծիքով, խոսք է տվել «Կոկո»–ին, որ իրեն կհանեն ու իր խոստումը կատարել է,  հանել է Կոնստանտին Հունանյանին, սա պատահականություն չէ»,- շեշտեց սպանվածի մայրը։

Հարցին՝ արդյո՞ք Կոնստանտինը որևէ կերպ կապ հաստատել է իր հետ, տիկին Խաչատրյանը կտրուկ շեշտեց՝ ոչ. 

«Ինքը մեզ հետ կապ չի կարող հաստատել, իմ երեխայի արյունը չի վաճառվում, բայց մի քանի տարբերակներով, որքան տեղյակ եմ, խոշոր գումարներ է առաջարկել տարբեր մարդկանց։ Իմ կարծիքով՝ «Կոկոն» Հայաստանում է, միջազգային հետախուզում է նրա նկատմամբ հայտարարված»։

Ամփոփելով, տիկին Խաչատրյանն ասաց․ 

«Նա քանդեց իմ ընտանիքը, իր փախուստից հետո վերապրում եմ կրկին ու կրկին, նա փախավ փոքր բերդից, բայց նրար վերևում սպասվում է մեծ բերդ․․․»»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее