▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծափ տվե՛ք, արա՛․․․Մեր օրերի համբալը

Գրիգոր Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

— Սիրելի՛ հյուրեր, ահա և ավարտին է մոտենում «Մեր ժամանակների հերոս - 2024»-ը։ Սակայն այս տոնական երեկոն ամբողջական չէր լինի առանց այսօրվա իրական հերոսների․ դիմավորեք՝ Ձմեռ Պաաա՜պ և Ձյունանոււ՜ւշ։

Բեմի հետնամասում երևացին երկու վառ կարմիր ուրվապատկեր։ Առջևից քայլում էր կուզիկ Ձմեռ պապը՝ կոշիկները քստքստացնելով, իսկ հետևից սեթևեթ շարժումներով գալիս էր Ձյունանուշը։ Երեկոյի անխուսափելի հյուրերը կանգնեցին բեմի մեջտեղում և սկսեցին ուշադիր նայել մութ դահլիճի լռության խորքը։

— Ծափ տվե՛ք, արա՛, — անսպասելի հնչեց դահլիճի անկյունից և ուրվական հանդիսատեսը սկսեց բարձրաձայն ծափահարել։

Այդ պահին Ձմեռ պապը, որի ձեռքին ձեռնափայտի փոխարեն ցեխոտ ցախավել էր, ցախավելը պարզեց դեպի դահլիճը, և հանդիսատեսների ծափողջյուններն աստիճանաբար մարեցին։ Ձյունանուշը փոքր-ինչ առաջ եկավ և թեթևակի ժպտալով դիմեց Ձմեռ պապին․

— Նայի՛ր, Ձմե՛ռ պապ, տե՛ս՝ որքան շատ համբալներ կան դահլիճում։

— Թերևս դու ուզում էիր ասել հերոսնե՞ր, սիրելի՛ Ձյունանուշ, — Ձմեռ պապի ձայներանգից անհասկանալի էր՝ հա՞րց էր, թե՞ պնդում։

— Ինչ տարբերություն, միևնույն է սրանց բոլորին պետք է կրթել, — արհամարհական պատասխանեց կարմիր հերոսուհին և գրպանից խառը կանաչու մի կապոց հանելով՝ նստեց հատակին։

— Ճիշտ ես, գեղուհի՛ս, էն մյուսներին #կոպեկառկոպեկ պետք է քամել, իսկ սրանց՝ #հատիկառհատիկ կրթել։

— Կրթելն ինձ վրա, Ձմե՛ռ պապ, — հատակին նստած Ձյունանուշը խառը կանաչին մատներով «պըռճըկում» էր չգիտես որտեղից հայտնված թավայի մեջ։ — Դու քո ամանորյա խոստումներն ասա, իսկ ես տարվա ընթացքում կմշակեմ այս անմշակներին։

— Օօօ՜, ի՛մ հարկատու հերոսներ, — դահլիճում քարացած մարդկանց դիմեց Ձմեռ պապը, — ի՛մ փոքրիկ, անուշ բալիկներ, գիտե՛մ՝ դուք բոլորդ արդեն շատ վաղուց սպասում եք ձեր ամանորյա նվերներին։ Իսկ դուք ձեզ լա՞վ եք պահել արդյոք, ի՛մ գանձեր... չարություններ չե՞ք արել... գլուխներդ կախ գնացե՞լ եք ձեր աշխատանքին... «Լրաբեր» նայե՞լ եք... ֆեյսբուքում գրառումները հավանե՞լ եք... պատմական հայրենիքը մոռացե՞լ եք․․․ — դահլիճում գերեզմանոցային լռությունը պահպանվում էր, իսկ Ձմեռ պապը ջղային-ջղային քայլում էր աջից-ձախ, ձախից-աջ։ — Լաաա՜վ, այս անգամ էլ կներեմ ձեր բոլոր մեղքերը, իմ թոռնիկնե՛ր. իրական Լապլանդիան վերջնականորեն շրջել է պատմական Լապլանդիայի ամոթալի էջը և այս տարի բոլորի թոշակները հրաշքի նման կրկին կավելանան 3030 դրամով․․․

— Լսի՛ր, Ձմե՛ռ պապ, — հանկարծակի խոսեց հատակին փռված Ձյունանուշը, որի ձեռքին հավկիթներ էին հայտնվել, — կանաչիով ձվածեղ եմ ուզում պատրաստել. դու խառնած ես ուզո՞ւմ, թե՞ կլորիկ։

— Ես ամեն ինչի խառնածն եմ սիրում, ի՛մ չքնաղ Ձյունանուշ։

Ձմեռ պապը գնաց դեպի Ձյունանուշն ու նստեց նրա դիմաց։ Ծերուկը ծոցագրպանից փոքրիկ մի շիշ հանեց, պտտելով բացեց փականն ու իր առաջ պարզելով՝ շրջվեց դեպի դահլիճը։

— Շնորհավո՜ր Ամանոր և Սուրբ ծնունդ։

Դահլիճում քար լռություն էր։ Մի քանի վայրկյան հետո ծանր լռությունը խախտեց արդեն հարազատ դարձած ձայնը․

— Ծափ տվե՛ք, արա՛։

ՑԱԾՐԱԳԻՐ

Մեր օրերի համբալը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее