▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

CPS բենզալցակայանը 13 տարի շարունակ գործում է օրենքի խախտմամբ

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում

«Փաստերի ստուգման հարթակ»-ի հրապարակումը. «Աղբյուր Սերոբ 52/7 հասցեում գործող CPS բենզալցակայանը 13 տարի շարունակ գործում է օրենքի խախտմամբ: Փաստը հաստատում են հարցին առնչվող պետական բոլոր գերատեսչությունները, սակայն մարդկանց կյանքի համար վտանգավոր գործունեությունը չի կասեցվում։

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հաստատել է՝ բենզալցակայանն աշխատում է 6 կետի խախտումով. բնակելի շենքերից սահմանված հեռավորությունը պահված չէ, հակահրդեհային համակարգ չկա, չի ներկայացվել արտադրական վտանգավոր օբյեկտի փորձաքննության եզրակացություն և այլն։ Ավելին՝ նշված հասցեի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից որևէ տեսակի եզրակացություն կամ թույլտվություն չի տրվել։

Ի դեպ, բենզալցակայանը կառավարող CPS ընկերությունն իր կայքում ներկայացրել է ցանցի բոլոր բենզալցակայանները հասցեներով, բացի Աղբյուր Սերոբ 52/7 հասցեում անօրինական գործող բենզալցակայանից։

Բենզալցակայանից բառացիորեն մի քանի մետր հեռավորության վրա գտնվող Աղբյուր Սերոբ 52 հասցեի բազմաբնակարան շենքի բնակիչ Էդգար Կարապետյանն այս խնդրով դիմել է FIP.am-ին: Ըստ նրա՝ շուրջ երկու տարի պետական բոլոր դռները թակել է, և ոչ մի արդյունք։ Բնակիչները ոչ միայն պայթյունի վտանգից են անհանգստացած, այլև դժգոհում են տարածվող բենզինի հոտից։

«Սահմանված հեռավորություն չկա, օրենքով 50 մետր հեռավորություն պետք է լինի բնակելի շինություններից, բայց այնտեղ մի մետր հեռավորություն էլ չկա իմ տնից, իսկ 4 մետր հեռավորություն ընդհանուր շենքից, 8 բնակարան կա այդ 3 հարկանի բազմաբնակարան շենքում։ Իմ բնակարանը կպած, պատը պատի վրա, ես չեմ կարողանում ապրել, հոտը խեղդում է։ Բացի այդ, ամեն պահի կարող է հրդեհ բռնկվի և Սուրմալուի նման դեպք գրանցվի, հետո իրար նայեն ու մեղավոր չգտնեն։ Հակահրդեհայինը տալիս է, որ այստեղ բենզալցակայան լինելու իրավունք չկա, բայց կա ու գործում է, դիմում եմ ոստիկանություն, դիմում եմ վարչապետի աշխատակազմ, դիմում եմ վարչապետի վերահսկողություն, քաղաքապետարանի ու թաղապետարանի մասին էլ խոսք չկա, ու ոչ մի բան չի փոխվում»,- ասում է նա։

Կարապետյանի պնդմամբ՝ տեսչական մարմինը տուգանել է բենզալցակայանը ներկայացնող «ՍԻ ՓԻ ԷՍ ՕԻԼ» ՍՊ ընկերությանը, ինչին ի պատասխան ընկերությունը տուգանքի համար դատի է տվել՝ պատճառաբանելով, թե տուրքերը նորմալ վճարում է։ Իսկ դատավարության վերջը չի երևում։

Ըստ նրա՝ բենզալցակայանը գրանցված չէ, այդ տարածքում բենզին վաճառելու իրավունք չունի։ «Այսինքն այդ տարածքը տրվել է հանրային գործունեություն ծավալելու համար, որպես առևտրի սրահ, բայց իրենք բենզին են վաճառում, մինչդեռ բենզինի վաճառքի դեպքում պետք է նշվի բենզալցակայան, այսինքն՝ դու չես կարող ծաղկի սրահի կամ հագուստի սրահի անվամբ բենզին վաճառես»,- նշում է բնակիչը։

Էդգար Կարապետյանի խոսքով՝ երբ դիմել է Արաբկիրի թաղապետարան, նախ իրեն հավատացրել են, որ բենզալցակայան որպես այդպիսին չունեն, հետո պարզվել է, որ նույն թաղապետարանն է տարեկան թույլտվություն տալիս 24 ժամ բենզին վաճառելու։

«Իհարկե, պետք է տեսչական մարմինը կասեցնի, որովհետև բենզին վաճառելու իրավունք սահմանում է հենց այդ մարմինը: Հիմա թաղապետարանը ծանոթացել է խնդրին և այս անգամ մերժել է 24 ժամ աշխատելու և բենզին վաճառելու թույլտվություն տալ, բայց նրանք, միևնույնն է, 8 ամիս էլ շարունակում են բենզին վաճառել: Դիմել եմ վարչապետի աշխատակազմ, որ խնդրում եմ այդ բենզալցակայանի գործունեությունը կասեցրեք։ Իրենք էլ ասում են՝ տեսչական մարմնի հետ դատական վեճ կա։ Հիմա որ կառույցին դիմես՝ ասում է դատական վեճ կա։ Ասում եմ՝ դատական վեճ կա, բայց իմ անձի հետ կապված չկա, իմ կյանքն ու առողջությունը վտանգի տակ է։ Հասկացանք, դատական վեճ կա, կարող է երկար ձգվի, դու լիազոր մարմին ուղարկի, գործունեությունը կասեցնի, թող դատական վեճը գնա»,- ասում է նա։

Աղբյուր Սերոբ 52/1 հասցեի մեկ այլ բնակիչ՝ Գայանե Խաչատրյանը նշում է, որ ի տարբերություն վառելիք վաճառող մյուս ընկերությունների սեփականատերերի՝ «ՍԻ ՓԻ ԷՍ ՕԻԼ» ՍՊ ընկերության սեփականատեր Աշոտ Սալազարյանը թեև քաղաքական «դեմք» չէ, բայց ինչպես նախկինում է հաջողությամբ անօրինական աշխատեցրել այս բենզալցակայանը, այնպես էլ հիմա է շարունակում նույն անօրինական ձևով աշխատել։ Ըստ նրա՝ դեռ 2008-2009 թթ․-ին, երբ կազմակերպությունը դեռ նոր էր շինթույլտվություն ստացել քաղաքապետարանից, խոստանում էին, թե այստեղ միայն յուղերի վաճառքի կետ է լինելու, բայց հետո, ինչպես պարզվեց, դա ճիշտ չէր»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее