168.am-ի փոխանցմամբ` ԱԺ արտահերթ նիստում 2014թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ ՏԻգրան Սարգսյանը Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել ԱԺ-ին ու բոլոր պատգամավորներին՝ շահագրգիռ քննարկումների համար: Նա նշել է, թե քննարկումները հնարավորություն են տալիս կառավարությանը բացահայտել ծրագրի ուժեղ և թույլ կողմերը, իսկ ներկայացված առաջարկությունները հնարավորություն են տալիս հստակ պատկերացնել՝ ի՞նչ խնդիրներ են կարևորում պատգամավորները:
Ներկայացնելով պետական բյուջեի հիմնարար խնդիրները, Տիգրան Սարգսյանը նկատել է, թե դրանք արծարծվել են կոալիցիոն կառավարության ծրագրերում՝ գործազրկություն, արտագաղթ, աղքատություն, կոռուպցիայի բարձր մակարդակ: Այդ խնդիրները վարչապետը գնահատել է որպես կարևորագույն մարտահրավերներ և լրջագույն վտանգներ, որոնք խոչընդոտ են երկրի բնականոն զարգացմանը: «Մեր քաղաքական թիմն արձանագրում է, որ այս խնդիրներն առկա են, ստեղծում են ինչ-որ առումով դժվարություններ մեր ընդդիմախոսների համար, որովհետև նրանք փորձում են բացահայտել այլ լրջագույն խնդիրներ, որոնք, ցավոք, հաճախ անհիմն են, ինչը, իհարկե, ամենևին էլ չի նպաստում երկխոսությանը, որովհետև երկխոսությունը պետք է լինի այն մասին, թե որոնք են խնդրի լուծման առավել նպատակահարմար մեթոդները»,- ասել է Տ. Սարգսյանը, ապա ավելացրել, թե իրենք պատրաստ են մասնագիտական հանդիպումներ անցկացնել, քննարկումներ, պատրաստ են մասնակցել լսումների, տալ պատգամավորներին մտահոգող բոլոր հարցերի պատասխանները, պատրաստ են բանավիճել՝ արդյո՞ք այն ճանապարհները, որոնք առաջարկում է ընդդիմությունը, ավելի արդյունավե՞տ են, քան իրենց առաջարկած տարբերակները: Ըստ նրա՝ հենց այս ձևաչափի մեջ տեղի ունեցող երկխոսությունը արդյունավետ կլինի, հասարակությունը կնեշքաշվի պոզիտիվ մթնոլորտի դաշտ: Դիմելով ընդդիմադիր պատգամավորներին՝ նա նշել է. «Անել ամպագոռգոռ հայտարարություններ, անհիմն վիրավորել կառավարաևութանը, ոչ մի լավ բանի չեն հասցնի: Դա ճիշտ ճանապարհ չէ և փորձը ցույց է տալիս, որ նման ռազմավարություն որդեգրած ընդդիմախոսները ձախողվում են, իսկ հաջողության են հասնում նրանք, ովքեր ունեն ասելիք, հանդես են գալիս առաջարկություններով: Կարծում եմ, որ սա այն դասն է, որ մենք բոլորս պետք է քաղենք»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում