ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը խոսելով «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի վերաբերյալ` ասաց, որ խորհրդարանում տեղի է ունենում շահերի բախում:
«Ո՞վ չգիտի, որ ՀՀ-ն իրավական երկիր չէ: Կարող են գտնել խախտումներ և այնպես անել, որ մարդը դուրս մնա մրցակցությունից: Մեծ գործարարները կանեն խախտումներ, 300.000 կմուծեն և վերջ: Պետք է վերացնել մենաշնորհները: Ակնհայտ է, թե մեր տնտեսվարողները ոնց են ատամներով պաշտպանում»,-ասաց Զարուհի Փոստանջյանը` նկատի ունեալով նաև ԱԺ պատգամավոր Հովիկ Աբրահամյանին:
«Մեծ գործարարներն ունեն լճեր, ձեռնարկատիրական գործունեություն են ծավալում, օրինակ իմ թիկունքում նստած պարոն Աբրահամյանը, ով այստեղ իր շահն ունի: Իսկ, ինչո՞ւ չէիք փորձում ատամներով պաշտպանել մեր հասարակության շահերը»,-խոսքն ուղղելով ԱԺ նախագահին` ասաց Զարուհի Փոստանջյանը:
Հովիկ Աբրահամյանն էլ, հանդես գալով արտահերթ ելույթով պատասխանեց.
«Ինչ վերաբերում է ձկնաբուծության ոլորտում իմ բիզնեսին, չեմ ամաչի հայտարարել, եթե ունենամ: Դաշտում կան քաղաքական գործիչներ, որոնք իմ մասին պատվերներ են տալիս մամուլում: Խորհուրդ կտամ` զբաղվել ընտանիքով, երեխաների դաստիարակությամբ: Գումարը տարեք աղքատներին տվեք, մանկատներին»:
Զարուհի Փոստանջյանն անդրադառնալով ԱԺ նախագահի արտահերթ ելույթին` ասաց.
«Դուք այն մարդը չեք, որ ինքնուրույն որոշում կայացնեք, Դուք ենթական անձ եք: Մամուլի մասին եք խոսում: Վախենո՞ւմ եք մամուլից: Պատվերների կարիք չկա, ամենը տեսանելի է բոլորին: Բոլորը գիտեն` ով ով է: Եթե հորդորում եք բարեգործությամբ զբաղվել, լավ կլինի պաշտոնը թողնեք, գան մարդիկ, ովքեր կպատժեն գողերին: ՀՀ քաղաքացիները կարիք չեն ունենա բարեգործության, եթե դուք նրանց չթալանեք: Ենթակա եք` մնացեք ենթակայության ներքո»,-ասաց պատգամավորը:
Հովիկ Աբրահամյանն իր հերթին ասաց, որ ընմբռնումով է մոտենում այս ամենին.
«Ըմբռնումով եմ մոտենում Ձեր մաղձին, բայց ինքա՞ն պետք է դիմակայեմ, ավարտ ունի, թե՞ ոչ»,-հարցրեց ԱԺ նախագահը: