Asekose.am-ի զրուցակիցը միջոցառումների կազմակերպիչ Մոնա Գյուլասարյանն է:

Մոնա ի՞նչ հատկանիշներ են պետք հայ կնոջը Հայաստանում իր երազած բիզնեսը սկսելու համար։
Կարծում եմ ցանկացած վայրում ինչ որ բան սկսելու համար նախ հարկավոր է ամուր կամք՝ գիտակցված դժվարություններն անցնելու ու ցանկալի արդյունքին հասնելու համար։ Դրան պետք է ավելացնել անթերի ու պատասխանատու աշխատանք, որը քեզ կարող է կլանել անմնացորդ։ Եվ դա նորմալ է, երբ մոտ ես երազանքն իրականություն դարձնելու եզրին՝ շատ դեպքերում քեզ մոռանում ես։ Երբեք մի լսեք նրանց, ում կյանքը նման չէ ձեր երազանքին։ Սկսեք, աշխատեք, պայքարեք ու ներդրեք ձեր ճաշակը։
Ի՞նչ կասեք հարսիկների հոգեբանության մասին։ Արդյո՞ք նրանք բոլորը երջանկությամբ են քայլում դեպի խորան:
Շատ հետաքրքիր է իրականում, երբ աշխատանքի բերումով ներկա ես լինում մարդու ամենակարևոր օրվան։ Հարսիկները միշտ շատ տարբեր են եղել։ Հիմնական հատկանիշը հուզմունքն է։ Բայց շատ հաճախ հանդիպում է նաև տարօրինակ անտարբերություն՝ անժպիտ, անարև ու անորոշ։ Գուցե դա մարդկային տեսակ է, չեմ կարող ասել։ Լավ է ժամանակին թողնել ամեն անլիարժեք բան, քան հասնել խորան ու հասկանալ, որ դու ՊԵՏՔ է ամուսնանաս, ոչ թե ուզում ես։ Շատ եմ ուզում բոլոր հայ հարսնացուներին տեսնել շողացող երջանկությունից։
Ինչպե՞ս եք տեսնում Event Planner -ի ապագան Հայաստանում։
Մի քանի տարի առաջ հարսանեկան կազմակերպչի ֆունկցիան անհասանելի ուանհասկանալի էր պատվիրատուներին, ստիպված մանրամասնում էի, որ այդ «մարդը» ձեզ պետք է, որ վերահսկի, կազմակերպի, զանգեր անի, աշխատավարձ բաժանի և այլն։ Պատվիրում էին տարբեր ծառայություններ տարբեր տեղերից ու ողջ երեկոն սկսում էին զանգել ու անհանգստանալ, չհաշված որ սրահում ոչ մի կազմակերպվածություն չկար՝ կապված հենց ծրագրի, լույսի ու ձայնի հետ։ Հիմա պատկերն այլ է (ժպտում է): Բոլորը, ովքեր մատուցում էին պրիմիտիվ ծառայություններ, հիմա վերանվանել են իրենց ինստաները EVENT PLANNER: Ու .... ու չգիտեմ ինչ են անում կամ ոնց։ Եթե չունես տարրական գիտելիքներ մասնագիտության մասին, պարզ է որ պետք է անես դա սիրողական մակարդակով։ Լավն այն է, որ պատվիրատուն արդեն լավ հասկանում է ծառայությանկարևորությունը և շատ հաճախ հենց դիմում են լավ կազմակերպչի օգնության համար։
Մեկամսյակի շրջանակներում ի՞նչ նոր առաջարկներ ունի Mona Luxury Studio -ն։
Առաջարկներ միշտ ունենք։ Հատուկ կանանց համար բազմաթիվ անակնկալներ ենք պատրաստել։ Նոր բեմադրությունների հետ կապված չակերտները չեմ բացի, միայն կասեմ, որ դարձյալ եզակի են լինելու ու շա՜տ շքեղ։ Իսկ հավատարիմ պատվիրատուների համար նվերներն անխուսափելի են։

Ի՞նչ կմաղթեք գեղեցիկ սեռին մեկամսյակի կապակցությամբ:
Հայ կանայք հրաշալի են, գեղեցիկ են ու հեքիաթային, հերոսածին են ու հզոր։ Հայմայրերի առաջ խոնարհվում եմ ու հիշեցնում՝ պարտական ենք բոլորին: Վիշտն ուպատերազմը շատ աչքեր արցունքոտեց, շատ օջախների լույս մարեց, շատ կանանցժամանակից շուտ ծերացրեց։ Հոգիս չի խաղաղվում, ոչ մի րոպե դա մոռանալ չի լինում։ Ուզում եմ մի հրաշք լիներ ու կարողանայի նրանց աչքերի փայլը վերադարձնել։ Ավաղ դա հնարավոր չէ։
Մաղթում եմ ուժ, համբերություն ու առողջություն։ Խնդրում եմ Փորձեք երջանիկ լինել...
Հեղինակ՝ Ա. Հարությունյան


