«Բարև, Երևան» նախընտրական դաշինքի թեկնածու,
Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանի` 168.am-ին տված հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք նաև մեր ընթերցողների ուշադրությանը.
- Րաֆֆի Հովհաննիսյանի՝ հացադուլից դուրս գալը Սերժ Սարգսյանի հետ հնարավոր երկխոսության համար նպաստավոր նախադրյալ ստեղծե՞ց:
- Ես տեղյակ չեմ՝ ի՞նչ է կատարվում, բայց որպես Րաֆֆու կողքին կանգնած մարդ և որպես ՀՀ քաղաքացի` պահանջում եմ, որ լինի այդ երկխոսությունը: Ես տեսնում եմ դրա պահանջը, հրամայականը, որ պետք է դա լինի, որովհետև Րաֆֆին պաշտոնակռիվ չի տալիս, այլ ասում է՝ արի համակարգային փոփոխություններ անենք: Եթե նախագահը մեր Հայաստանի պատմության մեջ ուզում է ունենալ մի անուն, որ ժողովուրդը հետո իրեն հիշի` որպես բարեփոխիչ, ինքն այս հինգ տարին պետք է աշխատի դրա վրա, և ավելի լավ հնարավորություն, քան Րաֆֆին է առաջարկում, ինքը չի ունենալու: Հայաստանում չկա քաղաքական ուժ, որը բարոյական արժեքների վրա դնի կառավարման համակարգը:
- Իշխանությունը զիջում է այն ժամանակ, երբ վտանգ է զգում, իսկ արդյոք հիմա իրեն աներեր չի՞ զգում:
- Եթե իրեն աներեր է զգում, ուրեմն կտրված է այս երկրից, օդում է: Եթե ես իմ կարճ խելքով եմ զգում, և գյուղերում են զգում, եթե մարդիկ գործող նախագահին ասում են դա, եթե ինքը դա չի տեսնում, ուրեմն լուրջ խնդիր է: Րաֆֆին տեսնում է, իրենք էլ են տեսնում, իրենք էլ գիտեն բոլոր խնդիրները, բայց իշխանությունն այսօր կառուցվել է պետական միջոցները գողանալու վրա: Ես մի մարդ եմ, ով սիրում է իր երկիրը, և գործող նախագահն էլ գիտի, թե ինչքան եմ սիրում իմ երկիրը և կանգնած եմ այս դիրքերում, որովհետև տեր եմ զգում իմ երկրին, ես ուզում եմ, որ այդ երկխոսությունը կայանա, արդյունքում` գործող նախագահին տրվի հնարավորություն` իր թիմակիցներին, իր շրջապատին ասի՝ լսեք, ժողովուրդ, ես չեմ կարող ձեր շահերը պահել և երկրում բարոյականությունը պահպանել:
- Իսկ Սերժ Սարգսյանը չի՞ սիրում իր երկիրը:
- Վստահ եմ, որ ինքը չի կասկածում, որ սիրում եմ իմ երկիրը, ես էլ չեմ կարող ասել, որ ինքը չի սիրում: Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը, ով Արցախյան պատերազմում ներդրում ունի, անշուշտ, սիրում է, բայց այդ սերն ամեն մեկը մի ձևով է արտահայտում:
- Այդ դեպքում ի՞նչն է նրան խանգարում հանուն երկրի գնալ զիջումների:
- Ես էլ եմ այդ հարցը տալիս՝ ի՞նչն է իրեն խանգարում: Վերջապես, պատմության մեջ անուն ունենալն ամենակարևոր բանն է: Թող ինքը նայի, թե նախորդ նախագահների մասին ինչ են խոսում, ինքն ուզո՞ւմ է, որ իր մասին էլ էդպես խոսեն: Եթե ուզում է՝ ուրիշ բան, իսկ եթե չի ուզում, հրաշալի հնարավորություն է այս մթնոլորտում, որտեղ հայհոյանք և ատելություն չկա, հակառակը` սեր կա: Ես ասում եմ՝ սիրում եմ քեզ, բայց քանի դեռ դու իմ երկրի ապահովությունն իսկապես չես կարողանում ապահովել, ես քեզ դեմ եմ խոսելու: Եվ խնդրում եմ՝ Հանրապետականն էլ ինձ չհիշեցնի, որ ես գործ ունեմ: Ինձ գործ տվել են՝ Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, որովհետև ես կարող եմ այդ գործն անել, սիրուն աչքերիս համար չեն տվել: Ինձ նման հազարավոր մարդիկ կան, որոնց ճիշտ տեղում դնեն՝ իրենց կբացահայտեն, բայց իրենց չի տրվում այդ հնարավորությունը: