▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվրամիությունը կարող է տնտեսական պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ

Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը խստորեն քննադատել է Թուրքիայում տեղի ունեցող վերջին քաղաքական իրադարձությունները: «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ Ասելբորնը նշել է, որ Եվրամիությունը կարող է օրակարգ բերել այս երկրի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու հարցը:

Նախարարը հիշեցրել է, որ Թուրքիայից արտահանվող ապրանքների կեսը ուղղվում է դեպի եվրոպական երկրներ, իսկ Թուրքիայում կատարվող ներդրումների 60 տոկոսը գալիս է հենց Եվրամիությունից: Ասելբորնը շեշտել է, որ վերջին շրջանում Թուրքիայում տեղի ունեցող քաղաքական զարգացումների լույսի ներքո այս տնտեսական ցուցանիշները կարող են օգտագործվել որպես Անկարայի վրա ճնշում գործադրելու միջոց: Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը նկատել է տվել, որ Էրդողանն ինքն իրեն ընկալում է որպես բացարձակ ուժ և անտեսում է իրավական պետության բոլոր կանոնները: Ասելբորնը նշել է, որ ստեղծված իրավիճակը հարիր չէ Եմ անդամակցության ձգտող պետությանը:

Նրա կարծիքով՝ Թուրքիան «քաղաքական մահվան» ժամանակաշրջան է ապրում, իսկ քաղաքացիների հանդեպ կիրառվում են ֆաշիստական մեթոդներ: Իսկ Գերմանիայի խորհրդարանի փոխնախագահ Կլաուդիա Ռոթը, խստորեն քննադատելով Թուրքիային, առաջարկել է չեղարկել գաղթականների վերաբերյալ ԵՄ-Թուրքիա համաձայնագիրը: Ըստ նրա՝ Թուրքիան արագորեն վերածվում է բռնապետության, իսկ Էրդողանը փորում է ժողովրդավարության և օրենքի պետության գերեզմանը:

Թուրքիային ուղղված քննադատություններ է հնչեցրել նաև Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Քուրցը: Նա շեշտել է, որ լրագրողներին ու ընդդիմադիր առաջնորդներին բանտարկող պետությունը տեղ չունի Եվրամիությունում:

Աղբյուր` Ermenihaber

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее