▲ Դեպի վեր

Среда, 09.04.2025 lang.iso lang.iso lang.iso

Գրողի որդին կրթում է Նիկոլին․ Հրանտ Մաթևոսյանն այդպիսի բան չի ասել

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի «Կրթվելը նորաձև է» ծրագրի հանդիպումներն այս անգամ անցկացվել են Արմավիրում։ Հանդիպումներին մասնակցել է նաև Նիկոլ Փաշինյանը։ Հատկանշական է, որ Աննա Հակոբյանի բանախոսության ժամանակ էկրանին ցուցադրվել է Հրանտ Մաթևոսյանի նկարն, ու իբրև թե, գրողի խոսքը․ «Բա այսքան պարտություն կրես ու պարտվել չսովորե՞ս»։

Առաջին հայացքից ոչ մի տարօրինակ բան չկա, սակայն այս տողերը ոչ միայն Հրանտ Մաթևոսյանինը չեն, այլ նաև խեղաթյուրված են։

«Դա որևէ կապ չունի Հրանտ Մաթևոսյանի հետ։ Վանո Սիրադեղյանի խոսքն է, որը հիմնված է Հրանտ Մաթևոսյանի «Մեծամորը» էսսեից վերցված մի հատվածի վրա։ Բայց մարդիկ ապրում են սոցիալական ցանցերով, սոցցանցերով են սնվում, ոչ թե կրթությամբ, որը ոչ թե նորաձև է, այլ կրթությունը կրթություն է։ Եվ կրթությունը կենսական անհրաժեշտություն է հատկապես տգետների համար։

Վանո Սիրադեղյանը վերցրել է «Մեծամորից» այդ մի հատվածը և դրա վրա արել համապատասխան հրաշալի, հանճարեղ ձևակերպում, որը հետագայում երևի անկիրթ մարդկանց միջոցով տարածվել է սոցցանցերում որպես Մաթևոսյանի խոսք, առանց հասկանալու, որ Վանոն է դա ասել։ Եվ առավել ևս տարածվում է հիմա այն հատվածը, որը որևէ կերպ Վանո Սիրադեղյանը նկատի չի ունեցել»,- ՕրագիրՆյուզ-ի հետ զրույցում ասել է Հրանտ Մաթևոսյանի որդին՝ Դավիթ Մաթևոսյանը։

Գրողի որդու դիտարկմամբ՝ Վանո Սիրադեղյանի խոսքն անգամ համատեքստից կտրված է և շեշտը դրված է պարտվելու վրա։

«Համատեքստից խոսքը կտրել են, շեշտը դրել պարտվելու, պարտվողականության, պարտվել չսովորելու վրա՝ առանց հասկանալու, թե պարտվել սովորելն ինչ է նշանակում և առավել ևս հաղթանակն ինչ է նշանակում։ Վանոն հաղթանակի մասին է խոսել և իմաստություն ունենալու, թե՛ հաղթանակը, թե՛ պարտությունը վերիմաստավորելու, հասկանալու, ժամանակին ճիշտ հետևություններ անելու և ճիշտ զիջումների գնալու և այլն։ Վանոյի խոսքն էլ խեղաթյուրել են հիմնավորապես, թողել են միայն պարտվելու մասը»,- շեշտեց Դավիթ Մաթևոսյանը։

Նա հիշեցրեց նաև, որ տարիներ առաջ այս հոդվածը տպագրվել է Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակ» թերթում։

«Ամենազավեշտալին այն է, որ Վանո Սիրադեղյանի այդ հոդվածը, որին Նիկոլ Փաշինյանը հղում է անում, տպագրվել է «Հայկական ժամանակ»-ում 2000 թ-ին»,- եզրափակեց Դավիթ Մաթևոսյանը։

Ստորև ներկայացնում ենք Վանո Սիրադեղյանի հոդվածից մի հատված, որին հղում են տվել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը, վերագրելով այն Հրանտ Մաթևոսյանին։

«Հրանտ Մաթևոսյանը հայկական ջարդերի առիթով գրում է, թե՝ բա գաս, խավար, վտանգներով լեցուն միջնադարով գաս հասնես 20-րդ լուսավոր դարի շեմին ու կոտորվե՞ս...

Բա հիմա գաս, գաս հասնես երրորդ հազարամյակի շեմին ու քո 2000 տարվա փորձից մի դաս չքաղե՞ս: Այդ 20 դարերի ոչ մի հատվածում, ոչ մի ճակատագրական պահի չկարողանա՞ս մի քայլ ետ կանգնես ժամանակին, մի դաշնակից ավելացնելով՝ մի թշնամի պակասեցնես, մի վիրավորանք կուլ տաս, որ հետևյալ 100 տարին չմեռնես ամոթից, մի զոհ տաս՝ 1000-ը խնայես, մի գյուղ տաս՝ 1000-ը պահպանելու համար:

Բա այսքան պարտություն կրես ու հաղթել չսովորե՞ս: Պարտվելը ի՞նչ է, որ պարտվել չսովորես և ամեն պարտություն վերածես արհավիրքի:

Մեզ խաբում են թուրքերը, երբ ասում են՝ «Հայի վերջիվ խելքը իմը լիներ»: Կամ ձեռ են առնում, կամ մենք ենք հորինել, մեզ հույս տալով, թե վերջում մի բան կմտածենք: Վերջին պահին, սակայն, մտածում են ուրիշները: Վերջին պահին, միշտ, որոշում ընդունում են ուրիշները»:- 06.12.2000թ., «Հայկական ժամանակ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее