Օրվա խորհուրդը
99 տարի առաջ՝ տեղի է ունեցել հրեշավոր հանցագործություն, ընդ որում՝ ոչ միայն առանձին վերցրած մեկ ազգի, այլ՝ մարդկության դեմ:
Բռնությունը՝ վտանգավոր վիրուսի նման, տարածվելու հատկություն ունի: Եթե քաղաքակիրթ աշխարհը 1915-ին կանխեր կամ հետո դատապարտեր Հայոց Ցեղասպանությունը, գուցե մարդկությունն այլեւս ականատես չլիներ Հոլոքոստի, այլ ոճիրների:
Ապրիլի 24-ը, սակայն, ունի արդիական խորհուրդ, որի մասին խոսելն՝ ավելի քան կարևոր եմ համարում:
Առաջին, որպես Ցեղասպանություն վերապրած ժողովուրդ՝ մենք պարտավոր ենք ձեւավորել բռնություն մերժող քաղաքակրթական վեկտոր: Ընդ որում՝ դա պետք է վերաբերի՝ թե մեր ներքին կյանքին եւ թե արտաքին հարաբերություններին: Երկրի կայնքում՝ Քաղաքացին, նրա Ազատություններն ու Իրավունքները պետք է դառնան գլխավոր արժեք, հարստություն: Հայաստանը՝ հարեւան երկրների մեջ, պետք է տեսնի գործընկերների՝ համարելով, որ միայն «բաց սահմանների» քաղաքականությունն է երկրի իրական անկախության եւ զարգացման երաշխիքը:
Երկրորդ, Ցեղասպանության միջազգային ճանաչումը չպետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություն՝ հատկապես այն պատճառով, որ այդ թեման դուրս է սակարկությունների դաշտից: Բացի այդ, պետականորեն Ցեղասպանության միջազգային ճանաչման հետապնդումը՝ մեզ մանրադրամ է դարձնում Թուրքիայի եւ այլ երկրների հարաբերություններում: Եթե որևէ երկիր ճանաչում է Հայոց Ցեղասպանությունը, դա, առաջին հերթին, այդ երկրի ու Թուրքիայի հարաբերությունների խնդիրն է: Դրա համար էլ ես պարզունակ եմ համարում մեր այն մտածողությունը, որ ամեն տարի սրտատրոփ սպասում ենք ԱՄՆ նախագահի ուղերձին, սկզբում՝ ոգեւորվում, հետո՝ հիասթափվում: Նման մտածողությունը հարիր է պետական մտածողություն չունեցող ժողովուրդներին:
Երրորդ, անկախ Ցեղասպանության անհերքելի փաստից՝ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորումն այլընտրանք չունի: Եթե Թուրքիայի եւ Հայաստանի գործող իշխանությունների որակն այս պահին թույլ չի տալիս լուծել այդ խնդիրը, չի նշանակում, թե հաշտեցման հարցը պետք է դուրս գա մեր օրակարգից:
Չորրորդ, Ցեղասպանության ճանաչման հարցը պետք է դիտարկել՝ ոչ թե հայ-թուրքական հակադրության, այլ՝ երկխոսության դաշտում: Ընդ որում՝ Ցեղասպանության ճանաչման հանգամանքն առաջին հերթին անհրաժեշտ է Թուրքիային՝ որպես ժամանակակից պետություն դառնալու ինդիկատոր:
Հինգերորդ, հայ ժողովուրդը պետք է հիշի անցյալը, իր անմեղ զոհերին, սակայն Ցեղասպանությունը կամ հատկապես՝ հակաթրքականությունը չի կարող դարձնել իր միասնության հիմք, առանցք: Մեզ պետք են միասնության ռացինալ, ապագային միտված գաղափարներ, որոնց հիմքում Հայաստանի զարգացումն է, նրա ինտեգրումը քաղաքակիրթ աշխարհին: