ՀՀ ՊՆ-ն ուսումնասիրում է հայ ռազմագերիներին խոշտանգելու վերաբերյալ ադրբեջանցիների տարածած նոր տեսանյութը։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը:
Ադրբեջանն այսօր հայ գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքն ապացուցող հերթական տեսանյութն է տարածել։ Տեսանյութում ադրբեջանցի զինվորականները դիտավորյալ վնասում են հայ ռազմագերիների ոտքերն ու ստիպում ոտքի կանգնել։
/Տեսանյութը դիտեք Asekose.am-ի տելեգրամյան ալիքում/
Ամերիկացի լրագրող Lինդսի Սնելը թուիթերյան իր էջում գրառում է կատարել ադրբեջանցիների տարածած նոր տեսանյութի մասին:
«Եվս մեկ սարսափելի տեսանյութ, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները խոշտանգում հայ ռազմագերիներին, ԵՄ քաղաքական գործիչների համար, որպեսզի «Թվիթեր»-ում իրենց խորը մտահոգությունն արտահայտեն Ադրբեջանի գազի արդյունահանման շուրջ Ալիևի հետ հանդիպումների ֆոնին»,- գրել է նա և հավելել, որ խոշտանգողներից մեկն ունի թուրքական ակցենտ։


