▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ իրականության մեջ առաջին անգամ պահանջներ ներկայացնող փաստաթուղթ է ձևավորվել

«Նկատի ունենալով Թուրքիայում բնակվող քուրդ, ալևի քաղաքացիական ազգաբնակչության նկատմամբ իրականացվող բռնությունները, ԼՂՀ սահմանում Ադրբեջանի կողմից սանձազերծվող հարձակումները, որոնք ուղեկցվում են խաղաղ բնակչության հանդեպ անմարդկային ու վայրագ բռնություններով ու դրանց վերաբերյալ Թուրքիայի հրահրիչ հայտարարություններն ու հնարավոր հանցակցությունը, «Արևմտահայոց ազգային համագումար» միջազգային կազմակերպությունը, որը ստեղծել է Ազգային փոքրամասնությունների դաշինք, դադարեցնում է Թուրքիայի պետական մարմինների հետ երկխոսության գործընթացը։ Մեր բոլոր բանակցություններն ընթացել և ընթանում են այն ազգերի լիդերների հետ, որոնք բնակվում են Թուրքիայում»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց կազմակերպության անդամ, ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը: 

Մեր հարցին, թե երբևէ որևէ երկխոսություն տեղի ունեցե՞լ է թուրքական իշխանության հետ, Արագած Ախոյանը պատասխանեց.

 «Դավութօղլուն մեզ մեկ անգամ հրավիրել է, բայց չենք գնացել, որովհետև  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն էր ու  նախընտրական շրջան, ուստի չցանկացանք գործիք դառնալ: Մեր երկխոսությունն օգտագործելու էին իրենց նախընտրական քարոզարշավի ժամանակ: Դրա համար ուրիշ բան արեցին.հենց Դավութօղլուն վերցրեց ու Քամփ Արմենի վիճելի հատվածը տվեց հայերին՝ ասելով, որ դա Մարգար Եսայանն է արել: Ու սա նրա համար, որ հայերի ձայները ստանան»:

Պատգամավորի  փոխանցմամբ՝ ակտիվացրել են Թուրքիայի նկատմամբ միջազգային դատավարություն կազմակերպելու աշխատանքները և նախաձեռնել է սերտ համագործակցություն՝ Փոքր Ասիայի հալածյալ և տեղահանյալ ազգերի հետ:

Պատմական գիտությունների դոկտոր Վահան Մելիքյանն էլ կարևորեց հայերի, հույների, քրդերի, ալևիների, ասորիների կողմից հակաթուրքական դաշինքի ձևավորումը.

«Այս համագումարը Թուրքիայի իշխանությունից ու միջազգային հանրությունից պահանջում է դադարեցնել Իրաքի և Սիրիայի քրդերի նկատմամբ սանձազերծված հալածանքները, հայերի, ասորիների դեմ իրականացվող շարունակական ոճիրները: Դաշինքը զբաղվելու է այն բոլոր խնդիրներով, որ ծառացած են ազգային փոքրամասնությունների առջև»։

Բանախոսները նշեցին, որ կարևոր տեղ է տրվելու Հայոց ցեղասպանության ժամանակ զոհվածների ժառանգներին ունեցվածքի վերադարձման հարցերին.

 «Մենք ներկայացնում ենք հայրենազրկվածների զավակների շահերը և փորձում ենք վերականգնել մեր իրավունքներն ու ունեցվածքը:  2015 թ. մարտի 28-ին պահանջագիր ներկայացրեցինք թուրքական իշխանություններին՝ օրենքի տառը պահպանելու և պատասխան չսպասելու ակնկալիքով: Թուրքիայում իրավաբանական խումբ ունենք, որի ղեկավարը ճանաչված իրավաբան է: Նրանք վեր են հանել բոլոր ապօրինի որոշումների կետերը:

Ուստի, պատրաստել ենք իրավական փաստաթուղթ՝ այն բաժանելով  երկու մասի: Խոսքը մասնավոր և հանրային ունեցվածքի մասին է։ Առայժմ խոսում ենք հանրային ունեցվածքի մասին, որից հետո կանցնենք մասնավորին»,-շեշտեց Արագած Ախոյանը։

Վահան Մելիքյանն էլ հավելեց. «Հայ իրականության մեջ առաջին անգամ նման փաստաթուղթ է ձևավորվել, որը միջազգային նորմերին համապատասխան է:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее