Ամերիկյան ժողովրդավարությունը, որի մասին սիրում են տարփողել մեր որոշ քաղաքական ուժեր, ունի հետաքրքիր կանոններ՝ պաշտոնեական առաջընթացի և քաղաքական կշիռ ձեռք բերելու միակ ուղին անցնում է կայացած, ուժեղ, մեկ անձից որևէ կախվածություն չունեցող քաղաքական կուսակցությունների գրասենյակներով: Այս երևույթը բնութագրական է ոչ միայն ամերիկյան ժողովրդավարությանը, այլև գրեթե բոլոր զարգացած հասարակություններին: Սակայն որոշ՝ մեկ առաջնորդի կամքից կախված քաղաքական ուժերի ներկայացուցիչներ գերադասում են ժողովրդավարության մասին գրականություն ընթերցելու և պատմության դասերը սերտելու փոխարեն գլխապատառ նետվել բառախաղերի հորձանուտը և իրենց քաղաքական անկարողությունը քողարկել այլոց հայտարարություններում կեղտ որոնելով և հասարակությանը ապակողմնորոշելու խղճուկ, ծիծաղ հարուցող փորձերով:
Երեկ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ընդգծեց, որ այն մարդկանց համար, որոնք իրենց տեսնում են պետության կառավարման վերին օղակներում, կա մեկ հիմնական ուղի. դա ՀՀԿ-ն է: Եթե ինչ-որ մեկը հավակնում է երկրի նախագահի կամ վարչապետի պաշտոնին, ապա այդ ուղին անցնում է Մելիք-Ադամյան փողոցով, որտեղ գտնվում է ՀՀԿ կենտրոնական գրասենյակը: ՀՀԿ խոսնակն ընդգծել է, որ քաղաքական դաշտն անցնում է ցանցային/հորիզոնական կառավարման մոդելին, ինչը, ըստ Շարմազանովի, այլևս էապես նվազելու է մեկ մարդու դերը պետական կառավարման հիերարխիայում, եւ կտրուկ աճելու է քաղաքական կուսակցությունների դերը:
Թվում է՝ քիչ թե շատ տառաճանաչ մեկը, առանց լրացուցիչ բացատրությունների և մտավոր խնդիրները հաղթահարող մանկավարժի աջակցության, պետք է ըմբռներ, որ ԱԺ փոխնախագահը հայտարարել է դասագրքային ճշմարտություններ, և քաղաքական ցանկացած ուժի խնդիրը պետք է լինի քաղաքական դաշտում զբաղեցնել հենց այն գրասենյակը, որտեղով անցնում են երկրի կառավարման հիմնական թելերը: Եթե քաղաքական մյուս ուժերը այդպիսի ձգտումներ չունեն, ապա դրանց գաղափարական հայրերը պետք է շտապ կլինիկական հետազոտություններ անցնեն: Կամ էլ պետք է հաշտվեն այն մտքին, որ Հայաստանում թայֆայական, ոհմակային կառավարման ժամանակները վաղուց անցել են, և այն ուժերը, որոնք չեն գիտակցել այս փաստը և պատրաստ չեն առաջնորդվել տարրական քաղաքագիտական կանոններով՝ պարզապես պետք է ընթանան ինքնալուծարքի ճանապարհով:
Ի դեպ, Շարմազանովը նաև այդ հայտարարությամբ դեղատոմս է առաջարկել մեկ անձից կախված քաղաքական հիբրիդների ներկայացուցիչներին՝ նվազեցնել կախվածությունը մեկ անձից և գնալ կուսակցական կառույցների հզորացման ճանապարհով: Եթե նրանք այդ անհրաժեշտությունը չեն գիտակցում, ապա պետք է հաշտվեն այն հեռանկարի հետ, որ իրենց կուսակցությունները փուչիկի նման պայթելու են՝ առաջնորդների տրամադրության տատանումներին զուգընթաց: